
Վահե Գրիգորյանը պնդում է՝ դատավորի երդում տալուց հետո այլևս ընկերներ չի ունենալու քաղաքական համակարգում
Խորհրդարանում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ «Իմ քայլի»-ի հետ փակ հանդիպման ժամանակ անդրադարձել են այն հարցին, որ Գրիգորյանն ընկերներ ունի իշխող խմբակցությունում։
«Խնդրում եմ մեկնաբանեք, թե որոնք են այդ հարաբերությունները և վերահաստատեք այն համոզմունքը, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ամեն ինչից թանկ է»,- ասաց Հայրապետյանը։
Վահե Գրիգորյանն արձագանքեց՝ նույնիսկ չի ուզում թաքցնել, որ ընկերներ ունի իշխող խմբակցությունում։
«Ես ընկերներ ունեմ տարբեր քաղաքական կուսակցություններում, քաղաքական խմբավորումներում, և ոչ մի տարօրինակ բան չկա դրանում։ Իմ գործողություններն ամբողջությամբ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն է եղել։ Իմ ծառայությունների հասցեատերերը եղել են մարդիկ, ովքեր եղել են այդ իրադարձությունների կիզակետում և հետապնդումների թիրախում են եղել»,- ասաց նա։
Գրիգորյանի համոզմամբ, սակայն, քաղաքական գործիչների հետ իր ընկերությունը հիմնված է գաղափարական հիմքի վրա, իսկ դա ամենևին էլ կուսակցական հիմքը չէ։
«Ընդհանուր նպատակները ժողովրդական Հայաստան ունենալու շուրջ են եղել, և անկախ նրանից նրանք իմ ընկերներն են, թե ոչ, դատավորի երդում տալու պահից հետո դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մտերիմ հարաբերություններ ունի ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ։
Մեկնաբանել