
Արամ Հարությունյանի վերաբերյալ գործով բողոքը կքննի դատավոր Նելլի Բաղդասարյանը. հուլիսի 2-ին նիստ է նշանակվել
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ գործի վերաբացելու դեմ բողոքը կքննի դատավոր Նելլի Բաղդասարյանը: Այս մասին տեղեկացանք դատարանից: Հուլիսի 2-ին գործով նիստ է նշանակվել:
Նշենք, որ այս բողոքը քննում էր դատավոր Դավիթ Գրիգորյանը, սակայն հունիսի 4-ին ինքնաբացարկ է հայտնել՝ նկատի ունենալով, որ Արամ Հարությունյանի և մյուսների գործն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող կաշառքի դրվագին, իսկ Քոչարյանի գործով ինքը վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշում է կայացրել:
Նշենք, որ ինչպես Քոչարյանի, այնպես էլ Արամ Հարությունյանի մեղադրանքի հիմքում դրված է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքն այն մասին, որ վերջիններիս կաշառք է տվել կամ փոխանցել հանքարդյունաբերության ոլորտում իրեն չխոչընդոտելու համար:
Ստացվում է, որ Արամ Հարությունյանի, մյուսների և Ռոբերտ Քոչարյանի գործերը որոշակիորեն առնչվում են միմյանց:
Արամ Հարությունյանը հետախուզման մեջ է, մեղադրվում է 14 մլն դրամ կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նրա մասնակցությամբ գործը հարուցվել է 2015 թվականին, ապա կարճվել ապացույցների անբավարարության հիմքով: Կարճման որոշումը կայացվել է 2017 թվականի փետրվարին, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է կարճման որոշումը, սակայն 2018 թվականի հունիսի 7-ին՝ այն ժամանակ, երբ Հայաստանում արդեն իշխանափոխություն էր եղել, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա վերացրել է կարճման, մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը: Այժմ գործից անջատվել է մեղադրյալներ Արաքս Դիլանյանի և Վիկտոր Մարտիրոսյանի մասը և նախաքննության ավարտ հայտարարվել, հետախուզման մեջ գտնվող Հարությունյանի գործով նախաքննությունը շարունակվում է:
Գործի վերաբացման որոշման օրինականությունը բողոքարկել է մեղադրյալ Արաքս Դիլանյանը, իսկ Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը, Վիկտոր Մարտիրոսյանի պաշտպան Հրանտ Անանյանը և գործարար Սիլվա Համբարձումյանը բողոքի քննությանը մասնակցում են որպես շահագրգիռ անձինք:
Մեկնաբանել