HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության շենքը 1,8 մլրդ դրամի վարկի դիմաց գրավադրվել է «Արդշինբանկ»-ում

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության մասնաշենքը՝ նախկին «Երևան ստուդիա»-ի շենքը, 2013 թվականին գրավադրվել է բանկում, որի դիմաց ներգրավված վարկի ծավալը կազմել է 1,8 մլրդ դրամ։ Թեմայի շուրջ «Հետքի» հարցումներին ի պատասխան՝ Հանրային հեռուստաընկերությունից հաջողվեց պարզել, որ հեռուստաընկերությունը շենքը գրավադրել է «Արդշինբանկ»-ում։ 1,8 մլրդ դրամ վարկը տրամադրվել է տարեկան փաստացի 10 % տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետն ավարտվում է 2020 թվականին։

Հեռուստաընկերությունից մեր առաջին հարցմանն ի պատասխան՝ նշել են, որ ներգրավված վարկային միջոցները հիմնականում ուղղվել են հեռուստաընկերության թվայնացմանը, անալոգային տեխնիկայից թվային տեխնիկային անցման նպատակով տեխնիկական վերազինման գործընթացին, տասնամյակներ չվերանորոգված շենքերի ու շինությունների հիմնանորոգմանը, տաղավարների նորոգմանն ու դրանց ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև՝ դեկորացիաների պատրաստմանը։

Հետագայում նաև պարզվեց, որ գումարների մի մասն էլ ուղղվել է նոր հեռուստահաղորդումների, վավերագրական ֆիլմերի, հեռուստանովելների և այլ կոնտենտի արտադրությանը։

Ստացված վարկի ամենամեծ մասը՝ 825 մլն դրամը, ըստ հեռուստաընկերության, ուղղվել է նկարահանման թվային տեխնիկայի, անվտանգության համակարգի և ավտոմատ հեռախոսակայանի ձեռքբերմանը։

337,5 մլրդ դրամն ուղղվել է հեռուստաընկերության շենք-շինությունների հիմնանորոգման շինարարական աշխատանքներին։

Նոր հեռուստահաղորդումների, վավերագրական ֆիլմերի, հեռուստանովելների և այլն կոնտենտի արտադրության համար ծախսվել է 226 մլն դրամ։ Եվ 135,5 մլն դրամ էլ ուղղվել է հաղորդումների դեկորացիաների ձեռքբերմանը։

Իսկ մնացած 276 մլն դրամը մինչ 2013 թվականը Հանրային հեռուստաընկերության կողմից ներգրավված վարկային միջոցների վերաֆինանսավորմանն է ուղղվել, ինչպես հեռուստաընկերությունից են հավաստիացնում, առավել ցածր տոկոսադրույքով։

«Հանրային հեռուստաընկերության կողմից գնումների գործընթացը իրականացվել է օրենսդրությամբ սահմանված գնումների կարգով,- նշված է հեռուստաընկերության պատասխանում։

Հանրային հեռուստաընկերության 2013 թվականի հաշվետվության մեջ նշում չկա շենքի գրավադրման և ստացված վարկի մասին

Հանրային հեռուստաընկերության եկամուտների գլխավոր աղբյուրը պետական բյուջեն է, այսինքն՝ հարկ վճարող քաղաքացիները։ Հեռուստաընկերության 2013 թվականի ֆինանսատնտեսական հաշվետվության մեջ փորձեցինք գտնել տեղեկություններ ինչպես ստացված եկամուտների, այնպես էլ՝ լրատվական ծառայության շենքի գրավադրման ու ստացված գումարների մասին։ 2013թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ, որը հրապարակվել է Հանրային հեռուստառադիոխորհրդի պաշտոնական կայքում, հեռուստաընկերության ֆինանսատնտեսական գործունեություն բաժնում նշված է, որ Հանրային հեռուստաընկերությունը 2013 թվականին իր գործունեությունն ապահովել է ՀՀ պետական բյուջեից ստացված դրամաշնորհի, առևտրային գովազդից և հովանավորությունից, սեփական արտադրության տեuաշարային, ձայնաշարային և տեuաձայնաշարային նյութերի վաճառքից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված եկամուտների հաշվին:

Նշված տարում պետական բյուջեից Հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է ավելի քան 2,3 մլրդ դրամ  (2,342,897.3 հազ. դրամ) ընթացիկ դրամաշնորհ: Այլ աղբյուրներից ստացված եկամուտներն էլ միասին կազմել են մոտ 1,259 մլրդ դրամ։ Հեռուստաընկերության ընդհանուր եկամուտները, ըստ հաշվետվության, 2013 թվականին կազմել են 3,6 մլրդ դրամ (3,601,727.9 հազ. դրամ): Ի դեպ, այս ցուցանիշները ներկայացված են նաև Հանրային հեռուստաընկերության կայքում հրապարակված 2013 թվականի համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ։

Սակայն, նույն տարում ներգրավված 1,8 մլրդ դրամի ու լրատվական ծառայության շենքի գրավադրման մասին հաշվետվության մեջ որևէ տեղեկություն չգտանք։ Միայն ծախսերի բաժնում վարկերի մասով նշված է, որ 2013 թվականին Հանրային հեռուստաընկերությունը տեխնիկական վերազինման նպատակով ներգրավված վարկային միջոցների հաշվին հեռուստատեսային տեխնիկական միջոցների և այլ հիմնական միջոցների ձեռքբերմանն ու արդիականացմանն է ուղղել 807,3 մլն դրամ։ Նաև նշված է, որ վարկային միջոցների հաշվին իրականացրել են կապիտալ նորոգման աշխատանքներ՝ 287,6 մլն դրամ ընդհանուր գումարով։ «Տեխնիկական վերազինման և կապիտալ նորոգման նպատակով 2013 թվականին ներգրավված վարկային միջոցների զգալի մասը մարվել է ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1500-Ա որոշմամբ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, որպես նվիրաբերություն, տրամադրված 850 մլն դրամ գումարի հաշվին»,- նշված է հաշվետվության մեջ:

Սակայն, թե երբ են ներգրավվել այդ վարկային միջոցները և արդյոք խոսքն այստեղ «Երևան ստուդիա»-ի շենքի գրավադրման արդյունքում ստացված 1,8 մլրդ դրամի վարկի մասին է, պարզ չէ։

Հանրային հեռուստաընկերությունից մեզ տրամադրել են այն ընկերությունների ցանկը, որոնցից գնումներ են կատարվել նշված վարկի գումարներով։ Հեռուստաընկերությանը նաև հարցում ենք ուղարկել հունիսի 12-ին՝ խնդրելով այդ գնումների պայմանագրերը։ Հարցման պատասխանն առայժմ չենք ստացել։ Հուսանք՝ հեռուստաընկերությունից նաև կպարզաբանեն, թե ինչու շենքի գրավադրման մասին հաշվետվության մեջ նշված չէ կամ գուցե այն ներկայացված է մեկ այլ փաստաթղթում։

Լուսանկարում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Ջաղինյանը և գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը

Տես նաեւ՝  Բյուջեն մոտ 5 մլրդ դրամ խախտումներով է ծախսվել

Հանրային հեռուստատեսությունը Ռուբեն Ջաղինյանի փողերի լվացքատունն է

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»-ում առերևույթ չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել

Արա Շիրինյան. «Հանրային հեռուստատեսությունը պետք է սովորի ինքնուրույն դերակատարում ստանձնել»

Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեի վնասը վերականգնել է արտաքին աղբյուրներից ստացված դրամական միջոցներով. Ջաղինյանը գործով վկա է

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter