HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տարոն Սիմոնյան. «Որքան էլ հարգեմ պարոն Գրիգորյանի անցած ճանապարհը, չեմ կարող անտեսել օրենքի պահանջը»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ՍԴ անդամի թեկնածուի ընտրության ժամանակ իր ելույթում ասաց՝ զարմանում է, որ չի զարմանում։

«Պարոն Գրիգորյանին վաղուց եմ ճանաչում, նրա մասնագիտական գիտելիքները չափազանց բարձր են, անցած ճանապարհը ուսանելի է, համառությունն ընդգծելի և օրինակելի, բայց էստեղ կարևոր խնդիրը անձնական ու մասնագիտական հատկանիշները չեն»,- ասաց Սիմոնյանը՝ խոսելով ՍԴ անդամի թեկնածու ՎաՀե Գրիգորյանի մասին։

Պատգամավորը պատմեց, որ վերջերս Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը անդրադարձել է հայրենասիրության խնդրին։

«Ես ընդգծում էի, որ հայրենասիրության դրսևորում է մարդկային զոհաբերությունը, սակայն տարեցներից մեկը հակառակվեց, ասաց, որ իրական հայրենասիրությունն ամենօրյա օրինապահ աշխատանքն է, օրենքի տառից չշեղվելը։ Անգամ եթե պարոն Գրիգորյանի տեղում նստած լիներ իմ հարազատ եղբայրը, ես նրան կասեի՝ դու իմ եղբայրն ես, բայց պարոն Գրիգորյանն էլ իմ ընկերների ընկերն է, բայց ճշմարտությունն՝ առավել։ Եթե իրավական պետություն ենք ուզում կառուցել, դա միայն գաղափար չէ, այն ճանապարհ է, որը պետք է օրենքով սահմանված կարգով անցնել, այլապես կշեղվենք այդ ճանապարհից»,- ասաց Սիմոնյանը։

Պատգամավորը կոչ արեց վերացարկվել թեկնածուից և ինստիտուցիոնալ մտածել։

«Եթե ցանկանում ենք մեր ընդգծված ցանկալի թեկնածուին ընտրենք ինչ-որ մի պաշտոնում, ապա պետք է խիստ հաշվարկով մոտենանք այս ամեն ինչը հասկանալու համար, որ դատական համակարգը այլ համակարգ է, ՍԴ դատավորի  թեկնածուներին առնչվող պահանջները՝ այլ պահանջներ»,- նշեց Տարոն Սիմոնյանը։

Սիմոնյանը հիշեցրեց՝ իրավաբանությունն արվեստ է բարու և արդարության մասին, քաղաքականությունը՝ հնարավորի։

«Չափազանց վտանգավոր է, երբ խառնում ենք այս երկու երևույթները»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ՍԴ-ի մասին օրենքում խնդիր կա, և քաղաքական մեծամասնությունն ընտրել է առանց խնդիրը լուծելու թեկնածու ընտրելու ճանապարհը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ ՍԴ դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում հանրապետության նախագահն առաջադում է ՍԴ անդամի նոր թեկնածու։ Այս եզրույթը բավական քննարկվեց խորհրդարանում. ընդդիմադիրների համոզմամբ՝ նոր թեկնածու տերմինն ինքնին ենթադրում է, որ նա չի կարող լինել նախկինում մերժված թեկնածու։ Իշխանության պնդմամբ՝ թեկնածուի ընտրության փուլն է նոր, այլ ոչ թե թեկնածու։ Վահե Գրիգորյանի թեկնածությունը վեցերորդ գումարման խորհրդարանը մերժել էր։

«Հստակ պահանջ կա դրված, ձեզնից ոմանք նախ ասում էին՝ չի խախտվում, հետո ասացին կա պահանջ, բայց այն հակասահմանադրական է, եթե տեսնում էիք խնդիր կար, կարող էիք օրենքի համապատասխան դրույթում փոփոխություն անել, բայց անտեսել եք այս պահանջը և գնացել եք քաղաքական որոշման։ Դա լավագույն ճանապարհը չէ իրավական պետություն տանելու»,- ասաց Սիմոնյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ քաղաքական մեծամասնությունը բոլոր տարբերակներից վատագույնն է ընտրել։

«Որքան էլ հարգեմ պարոն Գրիգորյանի անցած ճանապարհը, բայց չեմ կարող անտեսել օրենքի պահանջը։ Սա վտանգավոր է և՛ քաղաքական իշխանության համար, և՛ այն թեկնածուի համար ում առաջադրում եք, դուք ունեիք հնարավորություն այլ ճանապարհով գնալ, բայց չարեցիք»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter