HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վահե Գրիգորյան. «Իմ խաչը բավականին ծանր է ուրիշ խաչեր վերցնելու համար»

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ այն քննադատություններին, որոնք հնչել էին պատգամավորների կողմից իր թեկնածության առնչությամբ։ Գրիգորյանը նախ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ելույթին։

«Պարոն Սիմոնյանի հնչեցրած կարծիքը, որ անկախ ամեն ինչից, թե ինչն ինչ նկատառումով է արվում, պիտի լինի օրինական, բայց ես պետք է պարզաբանեմ, թե պարոն Սիմոյանն ինչ նկատի ուներ իրականում։ Ինձ մոտ տպավորություն կա, որ իմ ասածն ամբողջությամբ չի ընդունվել Լուսավոր Հայաստանի կողմից»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ վերջին չորս-հինգ ամսվա ընթացքում այն անընդհատ պտտվող և տեղեկատվական եթերը խցանած մի իրողություն է։

«Երբ խոսում եք նոր թեկնածու գաղափարի մասին, որը սահմանադրական օրենքում մուտք է գործել և ասում եք, որ նոր թկենածու նշանակում է ոչ հին թեկնածու, սա տեքստաբանական մեկնաբանության մեթոդ է, նույնիսկ մեկնաբանության այս ձևը կապ չունի իրավունքի հետ։ Թեկնածուին առաջադրում է նախագահը, նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, եթե հանրապետության նախագահն իրավասու է առաջադրել դատավորի թեկնածու, դա իր սահմանադրական լիազորությունն է, միջամտությունները թույլատրելի չեն, թույլատրելի են այնքանով, որքանով Սահմանադրությունն ընդունում է»,- ասաց նա։

Գրիգորյանի համոզմամբ՝ մի քաղաքական ուժ, որը ամենաշատը պետք է անհանգստացած լիներ, որ խորհրդարանն իրավասություն չունենա միջամտել նախագահի սահմանադրական լիազորություններում, անդադար քննարկման առարկա է դարձնում այն մոդելը, որը ամենավտանգավորն է։

«Ես չէի կանգնի էստեղ, եթե կասկած ունենայի, որ մեկնաբանության այս մեթոդն իրապես հանգեցնում է նրան, որ իմ՝ ՍԴ դատավորի վիճակը խոցելի պետք է լինի, ինձ պետք չէ էդ վիճակը, դուք բոլորդ գիտեք ՍԴ-ում ինչ վիճակ է, արդարադատության համակարգի վիճակը գիտեք։ Ժողովրդական խոսքով ասած՝ իմ խաչը բավականին ծանր է ուրիշ խաչեր վերցնելու համար, բայց թույլ չեմ կարող տալ, որ նման մեկնաբանությունները գան մտնեն իրավական քաղաքական մշակույթ, մենք վտանգավոր ճանապարհ ենք վերցնում»,- ասաց նա։

Վահե Գրիգորյանը խոսեց նաև հանրապետության նախագահի լեգիտիմության հարցի մասին։ Հիշեցրեց, որ դեռ մինչ նախագահի ընտրվելը իր հարցազրույցներում ընդգծել է, որ նախագահը պետք է ընտրվի քաղաքացիների կողմից, այլ ոչ թե խորհրդարանի։

«Հանրապետության նախագահը ընտրվել է խորհրդարանի կողմից, ես պնդում էի, որ նա պետք է ընտրվեր քաղաքացիների կողմից։ Ինձ հարց ուղղել, թե որպես ՍԴ դատավորի թեկնածու՝ ճանաչում եմ նախագահի լեգիտիմությունը, դա քաղաքական հարցադրում է. բոլոր նրանք, ովքեր տվայտվում էին իմ՝ քաղաքական հայտարարություններ կատարելու խնդրից, պիտի իմանան, որ ինձ չի կարելի նման հարցադրումներ անել, կարելի էր հարցնել՝ արդյոք Հայաստանն ունի՞ ընտրված չորրորդ նախագահ, և պատասխանը միանշանակ է՝ այո»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ կյանքում լինում են իրավիճակներ, երբ դու համաձայն չես ինչ-որ որոշման հետ, սակայն համաձայնում ես։

«Եթե ես ընտրվեմ դատավոր, լինելու են որոշումներ, որոնց հնարավոր է համաձայն չլինեմ, բայց դա չի նշանակում, որ մեծամասնության ընդունած որոշումը չպետք է ճանաչեմ»,- ասաց նա։

Տեղեկացնենք, որ այս պահին ընթանում է ՍԴ անդամի ընտրության փակ-գաղտնի քվեարկությունը։ ՍԴ անդամն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ⅔ ձայներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter