HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյանը՝ Կառավարությանը. «Որտեղ ձեզ պետք էր՝ տեղական ընտրությունները արագ արվեցին, հորդորվեց ինչ-որ մարդկանց հրաժարական տալ»

2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «էքստրաօրդինար են», որովհետև մի կողմից գիտեն, որ կարևոր փաստաթուղթ է քննարկվում, մյուս կողմից քննարկում են մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը։

Այս մասին բյուջեի կատարման քննարկմանն ասաց Էդմոն Մարուքյանը։

«Մենք ոչ սովորական պայմաններում իրականացված բյուջեի կատարողական ենք քննարկում և կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ։ Մինչ նոյեմբեր ամիսը ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբարար չենք կարող դեմ լինել հաշվետվությանը, բայց մյուս կողմից դեմ ենք քննարկել այդ բյուջեի ընդունմանը, բազմիցս նշել ենք, որ Կառավարությունը ճգնաժամային իրավիճակում է գտնվում, մենք այդ ժամանակահատվածը չենք ներառում քննադատության մեջ, բայց չենք կարող խոսել խնդիրներից»,- ասաց Մարուքյանը։

Ըստ նրա՝ կատարողականում երեք խնդիր է առկա, առաջինը կադրային քաղաքականությունն է։ Մարուքյանի խոսքով՝ այն վատն է, և իրենք շարունակելու են քննադատել այս հարցը։ Երկրորդ խնդիրը չիրականացված խոստումներն են, ինչպես՝ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը։

«Մենք անըդնհատ կոչ ենք արել, որ պետք է փորձ անել վեր կանգնել ամեն ինչից և ներառական մոտեցումներով հանդես գալ, լինել բոլորի վարչապետը, լինել բոլորի կառավարությունը, մենք ամենախիստ ձևով դատապատել ենք սև ու սպիտակների պատմությունը, որը օրերս Երևանի քաղաքապետը նորից կրկնեց»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ կատարողականը միանշանակ կարող էր ավելի լավը լինել, եթե Կառավարությունը լիներ ավեի համագործակցային։ «Եթե էդ վեհ գաղափարները որոշ մարդկանց չկտրեին մայր հողից։ Երբ բան ենք ասում, ասում են դե մենք ժողովրդի կառավարությունն ենք, ժողովրդի պատգամավորներն ենք, բա ընդդիմությունը ո՞ր ժողովրդի պատգամավորներն են»,- հարցրեց նա։

Մարուքյանի խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում Կառավարությունը չի կարողացել համաչափ զարգացում ապահովել երկրում, կրկին մայրաքաղաքն առանձնացված է մարզերից, սակայն որևէ ֆունդամենտալ փոփոխություն չի կատարվել։

«Տեղական ընտրությունները որտեղ ձեզ պետք էր՝ արագ արվեցին, հորդորվեց ինչ-որ մարդկանց հրաժարական տալ, որտեղ պետք չի, ասում եք 2021-ին ենք պատրաստվում. սա երկակի ստանդարտ է, էդ ո՞նց եղավ, որ Երևանում անպայման պետք էր շուտ ընտրություն անել, բայց Վանաձորում ու Գյումրիում մնաց։ Երեկ Գյումրիում ջրհեղեղ էր, Գյումրին Վենետիկն էր դարձել»,- ասաց նա։

Մարուքյանը հիշեցրեց, որ ըստ գործող Սահմանադրության ու ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե բյուջեի կատարողականը չի ընդունվում, ապա ոչինչ չի լինում, դա այն դեպքում, երբ նույնիսկ նախկինում, երբ երկիրը կիսանախագահական մոդել ուներ, նման դեպքում Կառավարությունը պետք է հրաժարական ներկայացներ։

«Այ սա է խորհրդարանական երկրի կանոնակարգը, նման մեխանիզմները մնացել են, քաղաքական կամք է պետք, որ փոխվի»,- ասաց նա։

Մարուքյանը նաև հայտնեց, որ առաջիկայում կհրապարակեն վեթինգի իրականացման իրենց սկզբունքները, ապա հավելեց, որ հաշվի առնելով «էքստրաօրդինար» հանգամանքները՝ կողմ են քվեարկելու նախագծին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter