HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն անսպասելիորեն և առանց նրա պաշտպաններին լսելու հեռացավ խորհրդակցական սենյակ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ դատավարության բոլոր կողմերի համար անսպասելիորեն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանը դեռևս չէր լսել դատախազության և տուժողների ներկայացրած բողոքների վերաբերյալ Քոչարյանի պաշտպաններից որևէ մեկի դիրքորոշումը:

Երբ դատարանում Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպաններն արդեն ներկայացրել էին բողոքների վերաբերյալ իրենց առարկությունները, Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ցանկանում էր Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, ինչը դատարանը գնահատեց նիստը ձգձգելուն ուղղված քայլ:

«Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախևառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից, ըստ էության հրաժարվելուն, ելնելով արդարադատության շահերից՝ դատական ստուգումը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու»,–հայտարարեց դատավորը։

Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին՝ ժամը 16։00–ին։

Հիշեցնենք, որ դատախազությունն, ինչպես նաև «Մարտի 1-ի գործով» տուժողների ներկայացուցիչները բողոքարկել են Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու, ինչպես նաև «Մարտի 1-ից» անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը, մայիսի 18-ին քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից՝ Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Դրանից երկու օր անց` մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter