HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

Հունիսի 17-ին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Լ. Խ. Տեր-Գեւորգյանից ստացել է իր նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման վերաբերյալ ծանուցում: Ղարիբ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով): 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով քննիչ Տեր-Գեւորգյանցը որոշել է քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիմնադրամի շուրջ աղմուկը բարձրացել էր այս տարվա հունվարի 29-ին: Մամուլի ասուլիս հրավիրած, ներկայում նույնպես նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը, հանրայնորեն մեղադրում էր 2017-2018թթ.-ին հիմնադրամը ղեկավարած Ղարիբ Հարությունյանին՝ աշխատանքային գործունեության ընթացքում թույլ տված չարաշահումների համար: Մհեր Խաչատրյանը պնդում էր, որ հոգաբարձուների խորհրդին ներկայացվել է կեղծ հաշվետվություն, որտեղ ինքը բացահայտել է ֆինանսական չարաշահումներ՝ ծախսերի հետ կապված: Մհեր Խաչատրյանը կոչ էր անում իրավապահներին զբաղվել հիմնադրամի նախկին տնօրենի գործունեությամբ՝ խոստանալով տրամադրել փաստեր:

Ղարիբ Հարությունյանը, որ կարողացել էր վերջին պահին ներկա լինել օնլայն ռեժիմով հեռարձակվող ասուլիսին, նույնպես հորդորեց իրավապահներին զբաղվել արդեն իսկ արված հրապարակումով՝ միաժամանակ դիմեց երկրորդ կոչով, որ ընդունեն հաղորդում զրպարտության մասին: Ղարիբ Հարությունյանը հայտարարեց, որ Մհեր Խաչատրյանը պարզապես զրպարտում է իրեն՝ կատարելով քաղաքական պատվեր: Հիմա, երբ գործը կարճվել է, «Հետքը» փորձեց պարզել, թե ինչ դիրքորոշում ունի Ղարիբ Հարությունյանը, որն անցած երեք ամիսների ընթացքում համառորեն լռում էր՝ հրաժարվելով հրապարակային որեւէ պարզաբանումից:

«Ես պարզապես համբերությամբ սպասել եմ մինչեւ գործն ամբողջությամբ քննվի, պարզվի եւ շատ հանգիստ էի, որովհետեւ գիտեի, որ նման բան չկա,- զրույցի ժամանակ շեշտեց Ղարիբ Հարությունյանը,- այո՛, ես լռություն եմ պահպանել, որովհետեւ հարկ չէի համարում պատասխանել զրպարտություններին, ուղղակի չէի հասկանում, թե ինչն էր դրդել այդ տղային նման հայտարարությամբ հանդես գալ՝ մանավանդ որ անձնական որեւէ տարաձայնություն մեր միջեւ չկար: Երկու ամիս գործը ուսումնասիրվել է, ես էլ եմ հարցաքննվել եւ հիմա, քանի որ հիմքերը բացակայում են, այսինքն՝ նշված չարաշահումները չեն հայտնաբերվել, ոչինչ չի բացահայտվել հակառակ կողմի հայտարարածից՝ գործը կարճվել է»:

Անդրադառնալով իր կողմից հնչեցրած մեղադրանքին, թե Մհեր Խաչատրյանը քաղաքական պատվեր է կատարում, Ղարիբ Հարությունյանը նկատեց, թե ուղիղ եթերում իր ելույթը գուցե մի փոքր էմոցիոնալ է եղել, սակայն հետագայում, երբ ավելի հանգիստ պայմաններում է վերլուծել տեղի ունեցածը` շարունակում է պնդել նախկինում ասածը:

«Մհերն իմ աշխատողն է եղել տարիուկես, եւ երբ հոգաբարձուների խորհուրդը նոր տնօրեն էր ընտրում, ինձնից կարծիք են հարցրել իր մասին, ես շատ դրական եմ արտահայտվել, քանի որ անձնական ոչ մի տարաձայնություն, ոչ մի խնդիր չի եղել: Սա է պատճառը, որ երբ նման հայտարարություն եղավ իր վեցամսյա գործունեությունից հետո, միայն այդ տարբերակն էր մնում ամենահավաստին, քանի որ քաղաքական ակտիվ պրոցեսներ էլ էին ընթանում, մտածեցինք, որ ինչ-որ մեկին դա շատ անհրաժեշտ էր»,- նշեց Ղարիբ Հարությունյանը:

Կմեղադրի՞ արդյոք Ղարբ Հարությունյանը Մհեր Խաչատրյանին իրեն զրպարտելու մեջ, եւ կդիմի՞ արդյոք պատկան մարմիններին՝ հարցը իրավական հարթությունում լուծելու համար, այս հարցին առայժմ պատասխան չունի: «Եթե նայենք զուտ մարդկային տեսանկյունից, որպես իրապես քրիստոնյա պետք է ներել ու առաջ գնալ: Երբ նայում ես իրավական տեսանկյունից, հարցն այլ մոտեցում է պահանջում: Իմ ներսում դեռ խմորումներ կան, եւ ես դեռ չեմ որոշել, թե ինչպես կվարվեմ»,- զրույցն ամփոփեց Ղարիբ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter