Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին
Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
Նախարար Մնացականյանը կարևորեց ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը և այս ուղղությամբ ԱՄՆ և մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց հրադադարի ամրապնդման և ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման անհրաժեշտութունը:
ԱՄՆ նախագահի խորհրդականը և Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին:
Զրուցակիցները հանդես եկան հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամությամբ:
Մեկնաբանել