HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատապարտյալն ասում է, որ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ վարչապետին ճիշտ չեն զեկուցում

Բաբկեն Ղարդյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է: Երբ գտնվում էինք քրեակատարողական հիմնարկում, նա խնդրեց, որպեսզի անդրադառնանք պայմանական վաղաժամկետ ազատման ոլորտում տիրող իրավիճակին և իր օրինակով փորձեց ցույց տանք, որ ոչինչ չի փոխվել, թեև հույսով սպասում են ոլորտի բարեփոխմանը: Նա իր բարձրացրած հարցի մասին զրուցեց հենց քրեակատարողական հիմնարկի աշխատակցի ներկայությամբ:

Բաբկենը նախկին զինվորական է: Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանը, բավարարելով մեղադրող դատախազի բողոքը, բեկանել և փոփոխել է դատական ակտը՝ նշանակելով 8 տարի ժամկետով ազատազրկում: Պատժի ժամկետի սկիզբը հաշվվում է 2015թ. հունվարի 31-ից:

Չենք անդրադառնում քրեական գործի մանրամասներին, քանի որ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Բաբկենն իրեն մասամբ մեղավոր է ճանաչում և ասում է, որ կկրի պատիժը՝ զինվորականների միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքների մասին վերադաս հրամանատարությանը չհաղորդելու համար: Ասում է, որ չի տեղեկացրել, քանի որ չի ցանկացել քրեական գործ հարուցվի վիճաբանող կողմերի նկատմամբ: Մյուս մեղադրանքների մասով, որոնք վերաբերում են սեռական անձեռնմխելիությանը, չի ընդունում: Ասում է, որ գործը սարքած է, քանի որ կոնֆլիկտ է ունեցել դատախազության աշխատակիցների հետ և սպասում է, որպեսզի վեթինգի արդյունքում բացահայտվեն գործի մանրամասները: Ցանկանում է վերականգնել նաև իր անունը և վերադառնալ ծառայության:

«Պատիժը կրելու ընթացքում առաջ հասկանում էինք, որ իրավիճակի հետ կապված խնդիր կար, պայմանական կամ բաց ռեժիմ դուրս էինք գալիս, օրինակ՝ կաշառքով կամ ծանոթի միջոցով: Հիմա կաշառքը չկա, մենք վստահ ենք, բայց ծանոթությունը դեռ ոնց որ մնացել է և ուղղակի անհիմն պատճառներով մարդկանց մերժում են: Բերդի անձնակազմը, որ մեր հետ աշխատում է, այդ մարդիկ երևում է, որ օր ու գիշեր աշխատում են, ցավում են, և իրենք իրենց բնութագրով դրական են տալիս, բայց այդ դրականը գնում, հասնում է պրոբացիա, կամ գնում, հասնում է վարչություն, չգիտես ոնց դառնում է բացասական: Ոնց որ կոնֆլիկտ հրահրեն»,- ասում է Բաբկեն Ղարդյանը:

Դատապարտյալը կարծում է, որ վարչապետին ստել կամ ճիշտ չեն զեկուցել, թե իբր «պայմանական վաղաժամկետ-ը գործում է: Ըստ նրա, եթե բոլորը հավասար են օրենքի առաջ, ապա բոլորի համար պայմանական վաղաժամկետ ազատման խաղի կանոնները պետք է նույնը լինի, մինչդեռ այդպես չէ:

«Կոնկրետ իմ դեպքում, հայրս գնացել է ծերանոց, ես ինքնակամ գնացել եմ Ղարաբաղ, 10 տարի ծառայել եմ: Միջին խավից բերդում գտնվելու ժամանակ դարձել եմ ծայրահեղ աղքատ: Հիմա խնդրում եմ՝ ինձ հնարավորություն տվեք, ես դուրս գամ, ապացուցեմ, որ պիտանի եմ հասարակությանը, աշխատեմ, վերականգնեմ: Մերժում ու մերժում են՝ անհիմն պատճառաբանություններով»,- նշում է Բ. Ղարդյանը և հավելում, որ պատճառաբանություներից մեկը վերաբերում է չաշխատելուն, մինչդեռ աշխատանք չեն տրամադրում, նման հնարավորություն չկա:

«Միայն հավաքարարի գործ է: Ճիշտ հասկացեք, այստեղ էլ բոլորը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, հիմա ինչ, բոլորը պիտի գնան հավաքարարություն անեն, որ թողնեն բաց ռեժի՞մ: Ես պատրաստ եմ գնամ հավաքարարություն անեմ, աշխատանքս ապահովեմ, բայց կոնկրետ բերդում պատրաստ չեմ: Սա սկզբունքի հարց չի»,- ասում է դատապարտյալը:

Բ. Ղարդյանն ասում է, որ պայմանական վաղաժամկետ ազատման կոնկրետ չափորոշիչ չկա, ի տարբերություն այլ երկրների: Օրինակ է բերում, Բրազիլիան, որտեղ 3 գիրք կարդացողի պատժաչափը մեկ օրով նվազում է և այլն: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութը և լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter