
ՊԵԿ-ը դեռ մտածում է. վերջնական որոշումը կբխի՞ նորաբաց փոքր բիզնեսի շահերից
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողովն ընդունել է որոշման նախագիծ, որով անփոփոխ է թողել նորաբաց «Ժասմին» գեղեցկության սրահի տնօրեն, անհատ ձեռներեց Հասմիկ Ավագյանի մոտ իրականացված ստուգման ակտը: Որոշման նախագիծն ուղարկվել է վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման խորհուրդ, որի եզրակացությունը ստացվելուց հետո գանգատարկման հանձնաժողովը կընդունի վերջնական որոշում: Այս մասին մեզ հայտնեցին ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հետքն» արդեն գրել է, որ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության վերոնշյալ՝ դեկտեմբերի 29-ի թիվ 2109869 ստուգման ակտով Հասմիկ Ավագյանը տուգանվել է 150 հազար դրամով՝ հաճախորդին ՀԴՄ կտրոն չտրամադրելու հիմքով:
«Հաճախորդը» Արմինե Պետրոսյանն է: Դեկտեմբերի 22-ին գեղեցկության սրահի աշխատակից Գայանե Հարությունյանը մերսել էր Արմինեի աչքերի հատվածը, հարդարել հոնքերը և ամանորի զեղչ արել՝ ամբողջի համար պահանջելով 1000 դրամ: «Հաճախորդը» հերթագրվել է նաև դեկտեմբերի 29-ին գալու համար: Երբ Գայանեն «հաճախորդին» առաջարկել էր տալ ՀԴՄ կտրոն, վերջինն ասել էր՝ «պետք չի, ես 29-ին գալու եմ», ու հեռացել: Քանի որ Գայանեի ձեռքերին կրեմ էր եղել, նա որոշել էր լվացվել, նոր տպել ՀԴՄ կտրոնը: Հենց Գայանեն լվացվել հետ էր եկել, ներս էր մտել հարկային երկու տեսուչ և արձանագրել ՀԴՄ կտրոնը չտրամադրելը, ինչը պատժվում է 150 հազար դրամ տուգանքով:
Փետրվարի 1-ին տեղի ունեցած գանգատարկման հանձնաժողովի նիստում Հասմիկ Ավագյանը Քանաքեռ-Զեյթուն ՀՏ-ի դեկտեմբերի 29-ի ստուգման ակտի դեմ ներկայացրել է վարչական բողոք, որով հիմնավորում է, որ ակտը կայացվել է ի խախտումն ՀՀ օրենսդրության, որի հիմքով էլ անվավեր է: Մասնավորապես, բողոքում նա գրել էր, որ հարկային տեսուչներն իր մոտ ստուգումն իրականացրել են դեկտեմբերի 8-ին տրված ստուգման հանձնարարագրում նշված 10 աշխատանքային օրվա ժամկետն ավարտվելուց հետո:
«Ընդ որում, հիշյալ վարչական ակտը կայացվել է ինչպես օրենքի նորմի սխալ կիրառման, այնպես էլ օրենքի նորմի սխալ մեկնաբանման հետևանքով, որի արդյունքում ստուգման ակտի հասցեատիրոջս վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն»,- իր բողոքում գրել էր Հասմիկ Ավագյանը:
Չնայած սրան, փաստորեն, գանգատարկման հանձնաժողովը անփոփոխ է թողել ստուգման ակտը և սպասում է վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման խորհրդի եզրակացությանը, որը ստանալուց հետո կընդունի վերջնական որոշում:
Մեկնաբանել