HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտամետ համայնքի ղեկավարն իրեն մեղավոր է ճանաչել և համաներվել է

Անահիտ Դավթյանը 2005թ-ից Արմավիրի մարզի Արտամետ համայնքի ղեկավարն է։ Հայաստանում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրի, ինչպես նաև հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, Կառավարության համապատասխան որոշումներով Անահիտ Դավթյանին վերապահվել է որոշակի գործառույթների իրականացման լիազորություն: Դրա շրջանակներում Անահիտ Դավթյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի՝ 6 մլն 564 հազար դրամ ընդհանուր արժողության աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի, ազոտական պարարտանյութերի յուրացումներ, ինչպես նաև նույն ծրագրերի շրջանակներում կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնեական փաստաթղթեր։

Կատարած  արարքների համար Անահիտ Դավթյանին 2018թ. հունիսի 5-ին մեղադրանք էր առաջադրվել, գործն ուղարկվել էր դատարան: Քրեական գործի դատական քննության ժամանակ Անահիտ Դավթյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար և դատարանին միջնորդել է արագացված կարգով դատական քննություն անցկացնել: Միջնորդությունը բավարարվել է:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը համայնքի ղեկավարին մեղավոր է ճանաչել: Պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Անահիտ Դավթյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու։ Սակայն, դատարանը որոշել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Այնուհետև Անահիտ Դավթյանի նկատմամբ կիրառվել է համաներում, և դատարանը նրան ազատել է նշանակված պատժից:

Ըստ դատավճռի՝ 2013թ. Ա.Դավթյանը ստացել է Արտամետ համայնքին տրամադրված 15.000 կգ առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու։ Դրա բաշխման գործընթացի կազմակերպման ընթացքում, համայնքի ղեկավարը շահադիտական դրդումներով, նպատակ ունենալով հափշտակել համայնքի հողօգտագործողների համար նախատեսված սերմացուի մի մասը, կազմել է համայնքում սերմացու ստացած անձանց ցուցակ, որում ընդգրկել է սերմացու ձեռք բերելու համար գյուղապետարան չդիմած և սերմացու չգնած թվով 8 անձանց:

Նրանցից յուրաքանչյուրի անվան դիմաց որպես ստացված սերմացուի քանակ համայնքի ղեկավարը նշել է 900 կգ, իսկ համագյուղացիներից մեկի անվան դիմաց՝ 600 կգ սերմացու: Կազմված ցանկը ներկայացրել է Արմավիրի մարզպետարան, իսկ վերջիններիս անվամբ ստացված ընդհանուր 1 մլն 104 հազար դրամ արժողության 6.900 կգ սերմացուն յուրացրել է։

Նույն կերպ է վարվել նաև 2014թ.: Ա. Դավթյանը ստացել է Արամետ համայնքին տրամադրված 30.000 կգ առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու։ Դրա բաշխման գործընթացի կազմակերպման ընթացքում, Ա. Դավթյանը սերմացու ստացած անձանց ցուցակում ընդգրկել է սերմացու ձեռք բերելու համար գյուղապետարան չդիմած և չգնած թվով 14 անձանց տվյալներ: Նրանցից յուրաքանչյուրի անվան դիմաց որպես ստացված սերմացուի քանակ նշելով 900 կգ սերմացու՝ կազմված ցանկը ներկայացրել է Արմավիրի մարզպետարան։ Այդ կերպ, Ա. Դավթյանն, ընդհանուր առմամբ համայնքի հողօգտագործողներին տրամադրված 30.000 կգ սերմացուից ստացված, ընդհանուր 2 մլն 16 հազար դրամ արժողության 12.600 կգ սերմացուն յուրացրել է։

Անահիտ Դավթյանը մնացած սերմացուն, շահառուներին տրամադրելուց հետո, հավաքագրել է դրա դիմաց վճարված գումարի մի մասը: Սակայն, երկու շահառուի կողմից վճարված 144 հազար դրամ գումարը չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, հափշտակել է նշված գումարը։

Նույն կերպ, Արտամետ համայնքի ղեկավար Անահիտ Դավթյանը յուրացրել է 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրի շրջանակներում հատկացված 50.000 կգ ազոտական պարարտանյութի՝ ընդհանուր 2 մլն 760 հազար դրամ արժողության 23.000 կգ պարարտանյութը: Իսկ հավաքագրված գումարներից 540 հազար դրամ գումարը՝ յուրացման եղանակով հափշտակել։

Համայնքի ղեկավարը կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքներ է ներկայացրել մարզպետարան, որի հիման վրա Կառավարության որոշմամբ, ի թիվս հանրապետությունում պարտքեր ունեցող այլ համայնքների, դադարեցվել են նաև վերը նշված ծրագրի շրջանակներում 2013-2015թթ. Արտամետ համայնքի՝ «Սերմերի գործակալությունե ՊՈԱԿ-ի հանդեպ ցորենի սերմացուի դիմաց ձևավորված պարտավորությունները, ինչպես նաև «Բերրիությունե ԱՄ «Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի հանդեպ ազոտական պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները: Պետության շահերին պատճառվել է էական վնաս։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter