HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են»

«Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը

-Պարոն Աբրահամյան, ի՞նչ իրավիճակ է սահմանին, արդյոք նախորդ շաբաթների զգալի լարվածությունը շարունակվում է:

-Վերջին օրերին լարվածությունը թուլացել է, որոշակի ակտիվություն են դրսեւորում անօդաչու թռչող սարքերը:

-Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Առհասարակ հայկական կողմին ի՞նչ են տալիս նման հանդիպումները՝ հաշվի առնելով, որ, կարծես թե, դրանցով սահմանային անդորր չի ապահովվում:

-Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման հիմքում առաջնագծում լարվածության նվազմանն ուղղված քայլերն էին: Մի կողմից՝ խնդիր կար լիցքաթափելու 2-3 շաբաթ տեւած լարված փուլը, մյուս կողմից՝ քննարկվել են մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս առաջնագծում որոշակի կայունություն ապահովել առավել երկարաժամկետ կտրվածքով:

Միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը ոչ միայն համեմատաբար կայունություն կապահովի, այլ նաեւ հնարավորություն կընձեռի վերադառնալու բանակցությունների օրակարգին:

Հանդիպումները տարբեր ֆորմատներով պետք է շարունակել, որովհետեւ դրանց դադարեցումը ուղիղ ճանապարհ կբացի ռազմական գործողությունների համար:

-Վաշինգտոնյան հանդիպումից հետո Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որտեղ կրկին անդրադառնում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես, հումանիտար ու անվտանգության միջոցառումներին: Միջնորդների բազմաթիվ կոչերից հետո, սակայն, 2016-ից այս կողմ սահմանային լարվածության աճը պարբերական բնույթ է կրում: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խոչընդոտում, որ համանախագահները պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ կոչերից անցնեն կոնկրետ կողմի վրա ճնշման մեխանիզմներ գործադրելուն:

-Այստեղ խնդիրն այդքան համանախագահների հետեւողականության մեջ չէ, որքան պաշտոնական Բաքվի վարած քաղաքականության: Ադրբեջանում համարում են, որ առաջնագծում իրավիճակի հանդարտեցումը նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով հակասում է իրենց շահերին, եւ ամեն ինչ անում են, որպեսզի որոշակի պարբերականությամբ իրավիճակը սրեն:

Իհարկե, սա չի նշանակում, որ միջնորդ երկրները պետք է ձեռքները վեր դարձրացնեն, հակառակը, անհրաժեշտ է առավել ճկունություն դրսեւորել՝ ամեն կերպ Ադրբեջանին վերադարձնելու ռացիոնալ հարթություն: Ուղղակի, հաշվի առնելով Ադրբեջանի անկանխատեսելի վարքագիծը, միջնորդները դեռեւս զերծ են մնում կտրուկ քայլերից:

-Նախքան Վաշինգտոնի հանդիպումը՝ ըստ ադրբեջանական կայքերի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե «միջազգային իրադրությունն իրենց թույլ չի տալիս պատերազմ սկսել Ղարաբաղում», ապա ավելացրել էր, որ իր գլխավոր խնդիրն է կատարել Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականները եւ բանակը պատերազմի նախապատրաստելը: Իսկապե՞ս միջազգային իրադրությունն է Բաքվին հետ պահում պատերազմ սկսելուց, թե՞ այլ դրդապատճառներ կան:

-Այս հայտարարությունը, կարծում եմ, խորը ենթաշերտեր ունի: Դեռեւս կանդրադառնամ դրանցից երկուսին: Չի բացառվում, որ այսպիսի մեկնաբանություններով Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանգստություն է փոխանցում հայ հանրությանը՝ իր հավանական հարձակումը հետագայում առավել անկանխատեսելի դարձնելու համար:

Մյուս կողմից, սա ազդակ է՝ ուղղված միջազգային հանրությանն առ այն, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում նախահարձակ կողմերը Հայաստանն ու Արցախն են, որովհետեւ իրենք «գործում են ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում»:

Կարծում եմ՝ երկու դեպքում էլ այս հայտարարությունն իրականում իր մեջ մեծ թվով ռիսկեր է պարունակում եւ ոչ մի կապ չունի Ադրբեջանի՝ խաղաղ բանակցություններին պատրաստ լինելու հետ:

-Վրաստանում վրաց-ռուսական լարվածությունից հետո Հայաստանում կարծիքներ հնչեցին, որ մեր հարեւանի եւ ռազմավարական դաշնակցի միջեւ սահմանի հավանական փակումն Ադրբեջանը կարող է օգտագործել նոր սադրանք հրահրելու նպատակով: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են. ե՛ւ Վրաստանում, ե՛ւ նրա շուրջ տիրող իրավիճակի առավել սրումը կարող է նոր հարված հասցնել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Անվտանգային միջավայրին նաեւ այլ ռիսկեր են սպառնում, որոնց չեզոքացումը դեռեւս տեսանելի չէ, իսկ սրանք գործոններ են, որոնք միանշանակ բացասական ազդեցություն են թողնում ընդհանուր գործընթացների, այդ թվում՝ Արցախի շուրջ ընթացող պրոցեսների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։