
Իրանից մարմնի և հագուստի միջոցով թմրանյութեր տեղափոխելու գործով հետազոտվելու են հեռախոսազրույցները
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան թմրանյութ տեղափոխած Ահադ Ամանիի, Շոհրեհ Շաքուրիի և Սերժիկ Բաղումյան-Սանգբարանիի գործով այսօրվա նիստը երեք րոպե տևեց, որից հետո հետաձգվեց. նիստին չէր ներկայացել մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը և հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը:
Այսօր պետք է շարունակվեր ապացույցների հետազոտության փուլը, և դատարանում ուսումնասիրվեին ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունները:
Ըստ մեղադրանքի՝ Սերժիկ Բաղումյանը 2018-ի մարտին ծանոթացել է ամուսիններ Ահմադ Ամանիի և Շոհրեհ Շաքուրիի հետ, համաձայնության եկել թմրամիջոցները ԻԻՀ-ից Հայաստան տեղափոխելու համար։ Թմրամիջոցները հայտնաբերվել են 2018-ի ապրիլին, երբ իրանցի ամուսինները Թեհրան-Երևան չվերթով մուտք են գործել Հայաստան։
Սերժիկ Բաղումյանի պաշտպան Կարեն Հակոբյանի պնդմամբ` հեռախոսային խոսակցությունների ընթացքում որևէ անգամ թմրամիջոցի անուն չի տրվել: «Խոսակցությունների ընթացքում Սերժիկ Բաղումյանը միայն ասում էր, որ ջրի միջոցով կարելի է հանել, բայց թե ինչը՝ հայտնի չէ», - «Հետքի» հետ զրույցում նշեց պաշտպանը:
Մեղադրանքի մեջ նշվում է, որ թմրամիջոցը հայտնաբերվել է ամուսիների հագուստի և մարմնի միջից, մասնավորապես բժշկական միջամտության արդյունքում Ահադ Ամանիի մարմնից հայտնաբերվել է 50,98 գրամ հաստատուն քաշով, ռետինե ժապավենների պարունակությամբ ափիոն տեսակի թմրամիջոց։
Այս գործով հաջորդ նիստը դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշանակել է հուլիսի 10-ին:
Մեկնաբանել