HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Առատաշենում խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել

«Առատաշենցիները դեռեւս չեն հավատում, որ իրենց ծորակից ջուր է հոսում»,- հունիսի 24-ին, Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում խմելու ջրի նոր կառուցված համակարգի բացումն ազդարարող միջոցառման ժամանակ հայտնեց Առատաշենի համայնքապետ Վահրամ Հայրապետյանը։

Առատաշենում 24-ժամյա ջրամատակարարումն արդեն իրականություն է եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը գյուղացիներին շնորհավորեց իր ղեկավարած կառույցի ֆինանսավորումով ջրամատակարարման նոր համակարգ ունենալու առիթով։

Տկն. Դեբորա Գրիսերը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւ բացման արարողությանը մասնակցող հյուրերը գյուղում շրջայց կատարեցին ջրամատակարարման նոր կառուցված համակարգի աշխատանքին ծանոթանալու նպատակով։ Առանձին շինության մեջ տեղադրված էր ջրամղիչ պոմպը եւ քլորակայանը, պոլիէթիլենային խողովակաշարով վերակառուցվել է 10 կմ երկարությամբ ջրագիծը, բոլոր տների բակերում ջրաչափեր են տեղադրված, ներդրվել է ջրամատակարարման ծառայությունների հաշվառման եւ վճարների հավաքագրման նոր համակարգ։

Ջրամատակարարման նոր համակարգի շնորհիվ Առատաշեն համայնքի 3200 բնակիչներն ապահովվել են շուրջօրյա որակյալ ջրամատակարարումով։ Հաշվարկվել է, որ խմելաջրի համակարգի բարելավման շնորհիվ համայնքը կկարողանա խնայել տարեկան 557,000 խմ ջուր եւ 204 մեգավատ ժամ էլեկտրաէներգիա։

Մեկ տարի առաջ, «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում»  ծրագրի շրջանակում «Հետք»-ը հետազոտություն էր իրականացնում Առատաշեն համայնքում՝ պարզելու համար խմելու ջրի մատակարարման խնդիրները, խմելու ջրի մատակարարման ծառայությունից բնակչության բավարարվածության աստիճանը, ջրամատակարարման նոր համակարգ ունենալու եւ դրա դիմաց կանոնավոր վճարումներ կատարելու նրանց պատրաստակամությունը։

Առատաշենցիները հայտնել էին, որ խմելու նպատակով մատակարարվող ջուրը գրեթե չի տարբերվում ոռոգման ջրից: Օրվա ընթացքում 2 ժամ են ջուր ունենում, իսկ որոշ թաղամասեր ընդհանրապես ջուրը չի հասնում։ Հատկապես ամառվա ամիսներին մատակարարվող ջուրը խմելու համար պիտանի չէր՝ ջուրը, երկար մնալով խողովակների մեջ, նեխում էր: Առատաշենում խմելու ջուրը մատակարարում է համայնքապետարանը, այն գրեթե չէր վարակազերծվում, որովհետեւ քլորակայան չունեին:

Ջրամատակարարումն ընդհատվում էր նաեւ էլեկտրականության անջատումների պատճառով։ Գյուղացիները հայտնել էին, որ էլեկտրաէներգիայից է կախված մարդկանց ջուր ունենալը, քանի որ ջուրը սպառողին է հասնում պոմպակայանների օգնությամբ։ Անցյալ դարի կեսերից մնացած տրանսֆորմատորային ենթակայաններն ու հենասյուները հաճախ են վթարների պատճառ դառնում:

Առատաշենում փոխվել են նաեւ էլեկտրական հենասյուները, ինչը հույս է ներշնչում, որ շուրջօրյա ջրամատակարարումը չի խափանվի հոսանքի անջատումների պատճառով։

Առատաշեն համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներն իրականացրել են «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) եւ «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» (PURE Water) ծրագրերի եւ համայնքի համատեղ ջանքերով։ Առատաշենում խմելու ջրի մատակարարման ծառայությունը մատուցում է համայնքապետարանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter