HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց ԱԺ խոսնակի հեղինակած խմբակցությունների դերի բարձրացման նախագծերի փաթեթը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հեղինակած նախագծերի փաթեթը, որով առաջարկվում են փոփոխություններ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում և մի քանի ինքնավար մարմինների ընտրության կարգում: Միրզոյանն առաջարկում է ընդլայնել ԱԺ խմբակցությունների դերը՝ իրավունք տալով թեկնածուներ առաջադրել մի շարք հանձնաժողովների անդամների պաշտոններում, օրինակ՝ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի ընտրության ժամանակ:

Առաջարկվում է ամրագրել, որ եթե ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն օրենքով վերապահված է Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ դրանք մեկից ավելի են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված՝ մեկ միասնական թեկնածու:

Այն դեպքում, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը:

Գործող իրավակարգավորմամբ նման լիազորությամբ օժտված է վարչապետը: Միրզոյանն առաջարկում է ինքնավար մարմինների ղեկավարի թեկնածուի պաշտոնում վարչապետի փոխարեն իրավունքը վերապահել Կառավարությանը:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ևս այդ դերաբաշխումն եմ առաջարկում, որ ձևավորվի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուների կողմից, և այն տարբերությամբ, որ կարող ենք ձևավորել նաև առաջին կազմը: Վեցական տարի լիազորությունների ժամկետով երկուական թեկնածու առաջադրելու իրավունք առաջարկում եմ վերապահել կառավարող խմբակցությանը, 4-ական տարի ժամկետով՝ ընդդիմադիր խմբակցությանը, 3-ական տարի ժամկետով թեկնածուին՝ Բարձրագույն դատական խորհրդին»,- ասաց Միրզոյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հետաքրքրվեց այդ պաշտոններում առաջադրված պաշտոնյաների աշխատավարձերի գործակիցներից:

Միրզոյանն արձագանքեց, որ այդ մամինները հաճախ ունեն վերահսկողական գործառույթ, ինչը, ըստ ԱԺ նախագահի, պետք է արտացոլվի նաև աշխատավարձում:

«Ես առաջարկել եմ, որ այդ մարմինների անդամների աշխատավարձերի գործակիցները հավասարեցվեն նախարարների աշխատավարձերին՝ 12 գործակցով, ղեկավարներինը՝ 14 գործակցով»,- ասաց Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ աշխատավարձերի գործակիցները վերանայման կարիք ունեն, քանի որ նախկինում շատ դեպքերում գործակիցը որոշվել է տվյալ պաշտոնում ներկայացված անձով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում առաջարկվող փոփոխություններից: Միրզոյանն առաջարկում է հանձնաժողովին տալ լիազորություն՝ դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությամբ հանդես գալ: Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե ինչու խորհրդատվական բնույթի, Միրզոյանն արձագանքեց՝ նույնիսկ խորհրդատվական բնույթի եզրակացությունն ուժեղ գործիք է, և եթե դա լինի իմպերատիվ գործիք, հնարավոր է «աչքը սարքելու փոխարեն ունքը հանել»:

Բաբաջանյանը պատասխանեց՝ աչքը հանելու գործընթացում ենք, և ավելի լավ կլիներ վեթինգի մասին մեկ օրենք լիներ, այլ ոչ թե տարբեր օրենքներով փորձել դա իրականացնել:

Նույնանուն խմբակցության մեկ ալ պատգամավոր՝ Անի Սամոնյանն էլ հետաքրքրվեց այն դրույթից, որ ընդդիմադիր խմբակցությունները միասին են որևէ թեկնածու առաջադրելու: Նա հարցրեց՝ եթե լինի անպես, որ խորհրդարանում լինի վեց ընդդիմադիր խմբակցություն, ինչպես են այդ խմբակցությունները կարողանալու մեկ թեկնածուի ընտրության հարցում համաձայնության գալ: Միրզոյանը հարցին հարցով պատասխանեց՝ ինչպես է պատգամավորը պատկերացնում, որ վեց խմբակցությունից յուրաքանչյուրն առանձին թեկնածու առաջադրելու իրավունք ունի՝ այն դեպքում, երբ հանձնաժողովն, օրինակ, ունի յոթ անդամի հաստիք, և դեռ Կառավարությունն ու իշխող խմբակցությունն էլ պետք է թեկնածու առաջադրեն:

«Դե եկեք չանենք փոփոխությունները, թող բոլոր հանձնաժողովներում թեկնածու առաջադրի վարչապետը»,- ասաց Միրզոյանը:

Լուսանկարը՝ Parliament.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter