HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանը նորից կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բեկանեց նրան ազատ արձակելու և Մարտի 1-ի գործով ՍԴ դիմելու որոշումները

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից կկալանավորվի: Վերաքննիչ քրեական դատարանը րոպեներ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով տուժողների և Դատախազության բողոքների գործով որոշումները՝ բավարարելով Դատախազության և տուժող կողմի բողոքները:

Այսինքն՝ դատարանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու, ինչպես նաև Մարտի 1-ից անջատված մասով անցնող մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն.Գևորգյանի գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումները:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ից անջատված մասով վերը նշված մեղադրյալների գործը մակագրվել էր առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրգորյանին, և վերջինս գործը դատաքննության նախապատրաստելու փուլում մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխել Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Դրանից երկու օր անց` մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանություններ (1)

Gabe Korajian
Mr. Kocharyan, you got what you deserve. Don’t worry, the difficult part of jail life is the first week. You will get used to it soon. The spirit of innocent Armenians is haunting you. We hope next is Sargsyan, Ohanyan and all the THUGS that sucked the blood of the Armenian people.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter