HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

22 մոդուլային դպրոցների ծրագրի իրականացման համար Կառավարությունը 50 միլիոն դրամ հատկացրեց 

Կառավարությունն այսօրվա նիստին 50 միլիոն դրամ հատկացրեց փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների ցանկը ճշտելու և դրանց մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստելու նպատակով:

Գումարը տրամադրվելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Նախարարության հաղորդմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում ճշգրտելու կառուցվելիք 22 մոդուլային շենքերով հանրակրթական դպրոցին անհրաժեշտ հիմնական միջոցների (դպրոցական, մարզական և վարչական մասի գույք, կահույք, էլ. սարքավորումներ և այլն) կազմն ու քանակն, ինչպես նաև  հաշվարկվում է դրանց շուկայական արժեքները, որպեսզի համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվի 2020, 2021 և 2022 թվականների պետական բյուջեներով:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, համագործակցելով Կրթության և գիտության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի, միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների հետ, մշակել է մինչև 100 երեխայի համար նախատեսված համայնքահեն հանրակրթական ուսումնական հաստատության մոդելը և էսքիզը, որը հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։

2013-2015 թվականներին իրականացված ծրագրի արդյունքում բացահայտվել են Հայաստանում գործող հանրակրթական դպրոցների շենքերի տիպերը` գնահատվել դրանց համապատասխանությունը շենք-շինությունների գործող սեյսմիկ նորմերին և տեխնիկական վիճակը, բացահայտվել և դասակարգվել են դպրոցները՝ ըստ խոցելիության աստիճանի: Այնուհետև, Կառավարության կողմից մշակվել և հաստատվել է առաջնահերթ հիմնանորոգման, վերակառուցման, ուժեղացման և արդիականացման կարիք ունեցող 425 կրթական օբյեկտների ցանկը:

Պետական բյուջեի այս տարվա օրենքի նախագիծը մշակելիս այդ ցանկից ընտրվել են 22 դպրոցներ:

Դպրոցները ընտրվել են հետևյալ սկզբունքներով. դպրոցում սովորող աշակերտների թիվը չպետք է գերազանցի 100-ը (հաշվի են առնվել նաև աշակերտների թվի առաջիկա 5 տարիների կանխատեսումները), դպրոցը պետք է լինի տվյալ համայնքի (բնակավայրի) միակ ուսումնական հաստատությունը, դպրոցի շենքը սեյսմիկ անվտանգության առումով պետք է լինի խոցելի, շինարարության ընթացքում պետք է առկա լինի այդ դպրոցի աշակերտների ուսումն այլ վայրում կազմակերպելու հնարավորություն, դպրոցի շենքի օգտագործման, սպասարկման համար հատկացված տարածքը պետք է հնարավորության տա կառուցել դպրոցի մոդուլային շենքը կամ պետք է առկա լինի համայնքի համաձայնությունը համապատասխան հողատարածք հատկացնելու վերաբերյալ:

Նշենք, որ մոդուլային տիպի դպրոցները մեկհարկանի փոքր կառույցներ են, որոնց միջավայրը հեշտությամբ կարելի է փոփոխման ենթարկել՝ կախված աշակերտների թվից, տարիքից և այլ գործոններից։ Հայաստանի փոքրաքանակ աշակերտ ունեցող դպրոցների պատմությանն անդրադարձել էր նաև «Հետք»-ը: Մեր ուսումնասիրությունը կարող եք ընթերցել այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter