HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության ոլորտի բարեփոխման նպատակով 12 միլիարդ դրամ հատկացվեց

Առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնման, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացման, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցման նպատակով Կառավարությունը Առողջապահության նախարարությանը հատկացրեց 12 միլիարդ դրամ:

Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցման արդյունքում կբարձրանա նաև բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, որն էլ իր հերթին, ըստ նախարարության, կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը և ոլորտում ստվերային գործունեության նվազմանը:

Ծրագրի շրջանակներում սրտի վիրահատական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերը կընդլայնվեն, մասնավորապես՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամների, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամների, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները կներառվեն վիրահատական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցողների խմբում:

Մարդու օրգանների (երիկամի) 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի պետության կողմից կտրամադրվի փոխհատուցում: 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետական պատվերի շրջանակներում:

Պլանավորվում է փոխհատուցել անհետաձգելի վիրահատությունների, այդ թվում` նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for life), կյանք փրկող գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբոլիտիկ բուժման ծառայությունների մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.2 մլրդ դրամ:

«Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում պլանավորվում է ապահովել դեպքերի ավելացմամբ պայմանավորված կանխատեսվող դեֆիցիտի փոխհատուցումը, ինչպես նաև իրականացնել գների համահարթեցում։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ուռուցքաբանական ծառայությունների գները, առողջապահության սահմանափակ բյուջեի պայմաններում, բավականին ցածր են ծառայությունների իրական գներից, մասնավորապես ճառագայթային բուժման ծառայության գինը գրեթե 2 անգամ ցածր է ծառայության իրական արժեքից, իսկ մյուս ուռուցքաբանական ծառայությունների դեպքում էլ` շուրջ 30-40 %:

«Շտապ բժշկական օգնություն» ծրագրում նախատեսվում է բնակչությանն առավել որակյալ շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու նպատակով ավելացնել հանրապետության տարածքում սպասարկող բրիգադների թիվը, մասնավորապես` Երևան քաղաքում ապահովելով 20,000 բնակչին մեկ բրիգադ սկզբունքը։

«Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին, կունենա աշխատանքային տարածք, նոր գործելակարգ և նոր գործիքակազմ:

Ծրագրի շրջանականերում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական նյարդավիրաբուժության ծառայությունը կունենա արդի սարքավորումներ:

Բացի այդ կվերանորոգվեն և կվերակառուցվեն մի շարք բժշկական կենտրոններ: Մասնավորապես՝ կվերակառուցվի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ը, Մասիսի, Աշտարակի, Վաղարշապատի, Տաշիրի, Սիսիանի, Նաիրիի, Թալինի, բժշկական կենտրոնները, «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց»-ը, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», կնորոգվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ը, «Մարալիկի առողջության կենտրոն»-ը, Չարենցավանի Մարալիկի և Արթիկի բժշկական կենտրոնը, իսկ Ծաղկահովիտում կկառուցվի «Ծաղկահովիտի առողջության կենտրոն», բացի այդ կբարձրանա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տեխնիկական հագեցվածությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter