Սառնաղբյուրցի Ռուզվելտ Թորոսյանի տնամերձում 14 դամբարան է հայտնաբերվել
Բարձրահասակ, հաղթանդամ տղամարդ է սառնաղբյուրցի Ռուզվելտ Թորոսյանը՝ 70-ամյա տարիքին բնորոշ կնճիռներից զուրկ դիմագծերով: Թավ հոնքերի տակից փայլող ածուխի սեւության աչքերը խոսում են կյանքի նկատմամբ անսահման սիրո մասին: Սպիտակ բեղ-մորուսի տակից ծիկրակող ժպիտից բարություն է ծորում: Առավոտ վաղ իր բակում հայտնվածներիս դիմավորում է ամուր ձեռքսեղմումով ու կես դարն ապրած, երկրորդ կեսին մոտեցողի տիեզերական փիլիսոփայությամբ՝ հյուրն Աստծունն է: Քաղաքի շոգից փախածներիս համար գյուղի զով օդը փրկություն է, եւ մենք, հրաժարվելով տուն մտնելու հրավերից, տեղավորվում ենք բակի նստարաններին:
«Եթե չասեիք, որ 70 տարեկան եք, հաստատ ավելի երիտասարդ էինք կարծելու»: Տանտերը ծիծաղում է. «Չմոռանանք, որ 5000-ամյա շերտի վրա եմ ապրում՝ թարմ եմ մնացել»: Ռուզվելտ Թորոսյանն ակնարկում է տան եւ հողամասի տարածքում մոտ 30 տարի առաջ հայտնաբերած դամբարանադաշտերի մասին, որոնց գոյությունը գուցե այդպես էլ չբացահայտվեր, եթե անհրաժեշտ չլիներ փայտե զուգարանի համար այգու տարածքում փոս փորել: Ռուզվելտ պապի մտքով չէր էլ անցնում, որ սովորական բահի օգնությամբ մի քանի հազարամյակ հետ է գնալու:
Հսկայական սալաքարեր, հարթ տաշվածքով քարե հատակ, պատրաստի պատեր, հողե տանիք՝ զուգարանի համար «անպիտան» փոսը շատ արագ վերափոխվում է կարտոֆիլի հորի: «Դե պարզ է, որ զուգարանն ուրիշ տեղ պիտի փորեի,- զրուցակիցս ծիծաղում է,- որոշեցի հոր սարքեմ՝ կարտոֆիլ, գազար, ճակնդեղ պահելու համար: Սալաքարե հատակը կար, պատերը կային, էնտեղ վերեւում մի կլոր անցք թողեցի, որ իջնենք-ելնենք ու վերջ: Հա, չմոռանամ ասել, սանդուղքն էլ շարժական է»:
Հրավեր ենք ստանում անձամբ իջնելու ամերիկյան հայտնի «LOST» սերիալի գաղտնի անցուղիներին իր խորհրդավորությամբ չզիջող կարտոֆիլի հորը:
Հորի ներսում գետնի տակ խորացող անցուղու հետքեր էլ են նշմարվում, սակայն քարերով փակած է. Ռուզվելտ պապը գերադասել է սահմանափակվել փոքրիկ տարածքի հետազոտությամբ: «Էստեղից խեցե կուժեր են դուրս եկել, ամաններ, ուլունք եմ գտել, կավից բաժակ, որն ինձ թվում է՝ կամ գարեջուր խմելու համար է նախատեսված եղել, կամ թան են խմել»,- ասում է Ռուզվելտ պապը՝ հավելելով, որ մարդու կամ կենդանու ոսկորներ չեն հանդիպել: Տանը գրադարակին շարել է խեցե ամանները, գտածոներից որոշ բաներ նվիրել է: Կավե գավն, օրինակ, բաժին է հասել կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանին:
«Երեւի մի 10 կամ 12 տարի առաջ էր, Սառնաղբյուրում «Խնկարկում» ֆիլմը կնկարեին: Գյուղապետը ռեժիսոր Միքայել Դովլաթյանին բերեց մեր տուն, ես էլ էդ գավը նվիրեցի իրեն: Հետը մեկն էլ կար, իրան էլ կավից ուլունքը նվիրեցի: Հիմա ասում է՝ վա՜յ, բա ինձ երկու հատ է պետք, ասի՝ որ հայտնաբերեցի երկրորդը, կտամ»,- Ռուզվելտ պապը ծիծաղում է եւ առաջարկում ուսումնասիրել նաեւ տան նկուղը, որի հիմքերը եւս դամբարանադաշտի վրա են:
Ռուզվելտ Թորոսյանից բացի, տարածքում որեւէ մեկը պեղումներով չի զբաղվել: Ասում է, հետաքրքրվողներ չեն եղել, թեպետ ինքն էլ չի իմացել ում դիմել 90-ականներին: Ռուզվելտ պապը ծնունդով Սառնաղբյուր գյուղից է: 16 տարեկանից բնակվել է Գյումրիում՝ գրեթե 23 տարի, մինչեւ 1988թ-ի դեկտեմբերյան աղետը: Երկրաշարժից հետո ընտանիքի հետ եկել է հայրենի ծննդավայր: Գյուղի ծայրամասում հողամաս է գնել ու տուն կառուցել:
«Մայիսի 11-ին տան հիմքը սկսել եմ փորել, նոյեմբերի 28-ին տեղափոխվել ենք ապրելու: Ճիշտն ասած՝ մինչեւ օրս պատերը մնացել են առանց սվաղ ու ռեմոնտ, բայց մենք դա չենք էլ նկատում, կարեւորը ամուր պատերն ու տանիքն է՝ ունենք,- նկատում է զրուցակիցս,- 4 երեխա էինք մեծացնում, չնայած ժամանակին 7-ն ենք ունեցել՝ 3-ը մահացել են, պիտի երեխա պահեինք, ուսման տայինք. ռեմոնտի ժամանակ չկար»:
Ռուզվելտ պապն ասում է, թե 14 դամբարան է հայտնաբերել, մի այդքանի տեղն էլ գիտի, եթե ցանկանան գալ, պեղել, սիրով թույլ կտա: «Կարտոֆիլի էս մարգը կտեսնի՞ք, տակը դամբարան է, էն հազարատերեւուկների փնջերը կտեսնի՞ք, դրանցից ամեն մեկի տակը մի հատ կա,- բացատրում է Ռուզվելտ պապը՝ ձեռքով ցույց տալով բավական մեծ տնամերձի տարածքում առկա դամբարանների գտնվելիք տեղերը,- 4 հատ տանձենի ունեմ՝ երեքը դամբարանադաշտի վրա են տնկած, լավ էլ աճում են, լավ էլ բերք են տալիս»:
Ռուզվելտ պապն համոզված է, որ տնամերձում հայտնաբերված դամբարանները 3 հազարից 5 հազար տարվա պատմություն կունենան: Ասում է՝ հանրագիտարանում է կարդացել դամբարանադաշտերի մասին, համեմատել իր հայտնաբերածների հետ: Ասում է, որ Սառնաղբյուրում կա հնավայր Ղալաչի կոչվող բլուրի վրա, որտեղ նույնպես հնագիտական ուսումնասիրություններ չեն իրականացվել: Գյուղի հարակից տարածքում առկա են կիկլոպյան ամրոցի մնացորդներ:
«Օր կըսես դամբարան, սաղին կթվա, թե օսկով կճուճ է թաղած,- Ռուզվելտ պապը խորամանկ ծիծաղում է,- բայց չեն հասկնա, որ ոսկին դա մեր պատմությունն է: Իմ գտածներս ընդամենը կավե ամանեղեն է եղել, բայց ինձ հետաքրքիր է իմանալ, թե կոնկրետ որ դարի հետ հարեւանություն կենեմ: Դրա համար էլ ասում եմ, ինձ բան պետք չէ, թե կուզենան գալ, պեղել, սիրով կհամաձայնվեմ»:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել