HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԱԾ-ի կողմից Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ գործը Վերաքննիչ դատարանում է

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր սկսվեց  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից խախտելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի փետրվարի 19-ին հաղորդագրություն է տարածել Սեդրակ Քոչարյանին առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով մեղադրանք առաջադրելու վերաբերյալ: Դրանից հետո Սեդրակ Քոչարյանը ընդդեմ ԱԱԾ-ի դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԱԱԾ քննչական դեպարտամենտին հրապարակայնորեն հերքել Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությունն ու ներողություն խնդրել Քոչարյանից: Ըստ բողոք ներկայացրած կողմի` ԱԱԾ քննչական դեպարտամենտը քրեական գործի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ խախտել է Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, քննելով գործը՝ արձանագրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը: Այս որոշումը բողոքարկել է դատախազությունը:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ Ռուբիկ Մխիթարյանը 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Սեդրակ Քոչարյանի հորը` Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել, որից հետո իրենք` պաշտպանները, կոշտ քննադատական խոսքեր են ասել Մխիթարյանի վերաբերյալ: Ալումյանը հետաքրքրվեց, թե արդյոք դատավորի անաչառության վրա վերը նշված հանգամանքը կարող է որևէ ազդեցություն ունենալ: Ի պատասխան Ռուբիկ Մխիթարյանը հայտնեց, թե դատավորին հարիր չէր լինի նմանատիպ պահվածքը և վստահեցրեց, որ եթե ինքը որևէ կաշկանդվածություն ունենար, ապա աձամբ համապատախան միջոցների կդիմեր: Ալումյանը նման պայմաններում Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրեց:

Դատարանն անցավ բողոքի քննությանը: Դատախազ Արամ Արամյանն ասաց, որ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ անմեղության կանխավարկածի խախտում չկա: Ըստ դատախազի` անձը որպես մեղադրյալ ներգրավվում է, եթե առկա է նրա կողմից հանցանք կատարելու բավարար ապացույցների համակցություն: Հաղորդագրությունը տարածելու պահին, ըստ դատախազի, առկա է եղել ապացույցների բավարար համակցությունը: Դատախազը հիշեցրեց նաև, որ հաղորդագրության մեջ առկա է եղել ծանուցում այն մասին, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածող անձը անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, սակայն, կարծում է, որ ԱԱԾ հաղորդագրության վերջում վերը նշված ծանուցման հրապարակումը դեռ չի նշանակում, որ այն տարածողը չի խախտել անձի անմեղության կանխավարկածը:

Ալումյանը հիշեցրեց ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության որոշ հատվածներ, որում քննչական մարմինը հայտնել է, որ «քրեական գործով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ Սեդրակ Քոչարյանը կազմակերպել և ղեկավարել է իր հիմնադրած ՍՊ ընկերություններից մեկի պատասխանատու աշխատակիցների կողմից օրենքով սահմանված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթացը, որից հետո, նպատակ ունենալով խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի ծագման աղբյուրը և իրական բնույթը, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, այդ եկամուտներն գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով»

«Ի՞նչ է ստացվում. ԱԱԾ-ն ասում է, որ սրանք հաստատված տվյալներ են, վերջում  վերապահում է անում, ասում է՝ բայց ինքը համարվում է անմեղ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Այսինքն՝ ինքը ընթերցողի մոտ ստեղծում է մի տպավորություն, որ այս հանգամանքները հաստատված են, սակայն այս մարդը իրավաբանորեն համարվում է անմեղ: Սա հենց անմեղության կանխավարկածի խախտում է իրենից ներկայացնում: Այստեղ խնդիրը նրա մեջ է, թե ԱԱԾ այս հաղորդագրությունը ընթերցողի մոտ ի՞նչ տպավորություն է ձևավորվում Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ: Անմեղության կանխավարկածի նպատակը նա է, որ իմ և ասողից բացի այն մնացածը ոնց հասկացան այդ ամենը, ես անմե՞ղ եմ, թե՝ ոչ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Այսօրվա դատական նիստը ավարտվեց, կշարունակվի հուլիսի 17-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter