HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավ կյանք փնտրելու հույսով. հայաստանցի միգրանտների եւ նրանց երեխաների անորոշ կեցությունը Ստամբուլում

«Հայաստանում արվեստի դպրոցի ուսուցիչը Ստամբուլում դառնում է հավաքարար, բուժքույրը՝ խոհարարի օգնական... Սա մասնագիտական դեգրադացիա է»,- ասում է Ստամբուլի «Բիլգի» համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, դոկտոր Էմրե Էրդողանը՝ էկրանին ցույց տալով Ստամբուլում հայաստանցի միգրանտների վիճակագրական տվյալները:

Ինչպե՞ս են ապրում ՀՀ քաղաքացի միգրանտներն ու նրանց երեխաները Ստամբուլում, ի՞նչ են փնտրում, ի՞նչ կրթություն են ստանում երեխաներն այնտեղ, ի՞նչ զբաղմունք ունեն. այս եւ նման մի շարք այլ հարցերի պատասխաններ կարելի է գտնել «Բիլգի» համալսարանի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի եւ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության մեջ, որը կոչվում է «Անորոշ կեցություն. Ստամբուլում բնակվող Հայաստանի քաղաքացի միգրանտների եւ նրանց երեխաների դրությունը»: 2017-2018 թթ. անցկացված հետազոտության պատվիրատուն Հայաստան-Թուրքիա փորձագետների երկխոսության խումբն է:

Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Փըրնար Ույան Սեմերջին «Հետքի» հետ զրույցում նշում է, որ նախկինում հայաստանցի միգրանտների մասին հետազոտություններ արվել են, սակայն առաջին անգամ է իրականացվել նրանց երեխաների վերաբերյալ ուսումնասիրություն:

Փակ սահման, դիվանագիտական գոյություն չունեցող հարաբերություններ

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ 1993-ին, Թուրքիան փակեց սահմանը Հայաստանի հետ, մինչ օրս երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: Սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին 2009 թ. հոկտեմբերին ստորագրված արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին: Չնայած քաղաքական նման իրավիճակին՝ Հայաստանի քաղաքացիներն աշխատանք ու բարձր աշխատավարձ փնտրելու հույսով մեկնում են Թուրքիա, սակայն դիվանագիտական կապերի բացակայությունը միգրանտների դրությունը խոցելի է դարձնում:

Պրոֆեսոր Սեմերջին ասում է, թե դժվար է հստակ նշել Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացի միգրանտների թիվը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը 5 հազարից մինչեւ 70 հազար է: Ըստ մեր զրուցակցի՝ իրենց գործընկերների հետ քննարկումներում այն տատանվում է 15-20 հազարի սահմաններում:

Հետազոտության համաձայն՝ չնայած Թուրքիան հայտնի է որպես արտագաղթի երկիր, վերջին 25 տարիներին այն ուսումնասիրվում եւ վերլուծվում է նաեւ իբրեւ ներգաղթի ու տարանցիկ միգրացիայի երկիր: 2018 թ. դրությամբ Թուրքիան աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ընդունվող փախստականների ցուցանիշով: Սիրիական պատերազմի հետեւանքով ավելի քան 3,5 միլիոն սիրիացի ժամանակավոր կացություն է ստացել Թուրքիայում:

Ի՞նչ են ասում թվերը

Հետազոտությունն անցկացվել է Ստամբուլում բնակվող Հայաստանի քաղաքացի 153 չափահասի եւ 8-18 տարեկան 160 երեխաների շրջանում հարցաթերթի միջոցով:

Մեծահասակների հետ հարցազրույցների արդյունքում պարզվել է, որ մասնակիցների 54 տոկոսն անկանոն միգրանտներ են, այսինքն՝ նրանք չունեն բնակության, աշխատանքի թույլտվություն կամ վիզա: Այս իրավիճակը հանգեցնում է տուգանքների, որոշ դեպքերում՝ Թուրքիա մուտք գործելու արգելքի: Իսկ վիզային ռեժիմի խախտման տուգանքի չափի մասին միգրանտներն իմանում են միայն սահմանային անցակետերում երկրից հեռանալիս:

Հարցվածների 67 տոկոսը նշել է, որ Թուրքիա է գնացել աշխատանք գտնելու նպատակով, իսկ այդ երկիրը նախընտրելու գլխավոր պատճառը այնտեղ կապեր ունենալն է: Նրանք հիմնականում աշխատանք գտնում են ընկերների միջոցով: Հարցված չափահասներից 108-ն աշխատող է եղել, որոնցից 43-ի գործատուն Թուրքիայի քաղաքացի է, 33-ինը՝ Թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայ, 14-ինը՝ հայաստանցի միգրանտ: Մյուսները կա՛մ ինքնազբաղված են, կա՛մ էլ աշխատում են մարդկանց մոտ, ովքեր ունեն թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի քաղաքացիություն:

Հարցվածների մեծ մասը նշել է, որ աշխատում է գրեթե ամեն օր: Նրանցից 52-ը ստանում է ամսական նվազագույն աշխատավարձին մոտ գումար (2018-ին Թուրքիայում նվազագույն «մաքուր» աշխատավարձը 1600 լիրա էր), 5 հոգի՝ 750 լիրայից էլ քիչ, 31 հոգի՝ 751-1500 լիրա, ու միայն 17 անձ է ստանում 2500 լիրայից բարձր (2018-ի դեկտեմբերին 1 լիրան հավասար էր 91 դրամի, իսկ այսօր՝ 82): Հարցվածների 21 տոկոսը նշել է, որ վաստակած գումարը հաճախ չի բավականացնում նույնիսկ հիմնական ծախսերի համար՝ սնունդ, տան վարձ, 37 տոկոսն էլ ասել էր, որ «գումարը հազիվ է բավականացնում աշխատավարձից աշխատավարձ ապրելու համար», 23 տոկոսն էլ նշել է, որ «եթե թանկարժեք ու ոչ անհրաժեշտ բաներ չգնեն, կարող են ապրել», ու միայն 13 տոկոսն է հայտնել, որ «հարմարավետ կյանք» ունեն:

Հարցվածների կեսը նշել է, որ Թուրքիայում բնակություն հաստատելուց հետո «գրեթե երբեք» չեն այցելել իրենց հարազատներին: Միաժամանակ նրանց 46 տոկոսը Հայաստանում երեխա ունի, իսկ հարցին, թե ում են գումար ուղարկում Հայաստան, առաջին տեղում հարցվողները նշել են իրենց երեխաներին:

Ինչպե՞ս են ապրում հայաստանցի միգրանտների երեխաները

Հարցումներին մասնակցել է 160 երեխա, որոնցից 102 հոգին՝ 8-11 տարեկան, 58-ը՝ 12-18:

Երկու տարիքային խմբերում էլ երեխաների մեծ մասը (առաջինում՝ 73, երկրորդում՝ 90 տոկոս) նշել են, որ «լավ» եւ «շատ լավ» են հասկանում թուրքերեն: Անչափահասների մեծ մասը (առաջինում՝ 75, երկրորդում՝ 81 տոկոսը) ծնվել է Հայաստանում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Թուրքիայում ծնված յուրաքանչյուր երկրորդ երեխայի համար անձը հաստատող փաստաթուղթ ձեռք չի բերվում: Այս պարագայում երեխաները չեն դիմում հիվանդանոցներ, ինչը խնդիրներ է ստեղծում բուժօգնության հարցում:

Առնվազն մեկ երեխա ունեցող 81 ընտանիքից 74-ում երեխաները դպրոց են հաճախում, իսկ 8-ում կան երեխաներ, ովքեր կիսատ են թողել կրթությունը հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով. կա՛մ ընտանիքը չի կարող իրեն թույլ տալ երեխային դպրոց ուղարկել, կա՛մ ընտանիքին օգնելու նպատակով երեխան ստիպված է աշխատել: Ընդ որում՝ երեխաներից 87-ը հաճախում է Գեդիկփաշա թաղամասի Հրանտ Դինքի անվան դպրոց, իսկ 73-ը՝ Թուրքիայի կրթության նախարարությանը կից Ստամբուլի հայկական փոքրամասնության դպրոցներում: Այս երկրորդ խմբի երեխաները գրանցված են որպես «հյուր աշակերտ», չունեն պաշտոնական գրանցում եւ ուսման ավարտին չեն ստանում վկայագրեր:

Հարցված երեխաների ծնողները նրանց կրթությանն անդրադառնալիս նշել են, որ առավել շատ կարեւորում են անգլերեն ու հայոց լեզու լավ սովորելը, հայկական ինքնության մասին սովորելն ու կրթությունը Հայաստանում շարունակելը:

Հարցմանը մասնակցած անչափահասների մեծ մասը նշել է, որ գոհ է դպրոցական, ինչպես նաեւ թաղամասում կյանքից, սակայն նրանք ժամանակը հիմնականում անցկացնում են ոչ թե թաղամասում, այլ տանը՝ ընտանիքի հետ:

8-11 տարեկանների 20 տոկոսն աշխատում է ընտանեկան բիզնեսում, օրինակ՝ ընտանիքի խանութում, 10 տոկոսը՝ այլ տեղ (ընտանեկան բիզնեսից դուրս): 12-18 տարեկաններից մեջ ընտանեկան բիզնեսում աշխատում է 19, դրանից դուրս՝ 11 տոկոսը: Այսինքն՝ երկու խմբերում էլ երեխաների 30 տոկոսն աշխատում է:  

Մի օր արտաքսվելու վախով

Հարցումներին մասնակցած հայաստանցի միգրանտների 46 տոկոսն ունի մի օր Թուրքիայից արտաքսվելու վախ, 39 տոկոսն էլ նշել է, որ ոստիկանությունն իրենց կանգնեցրել է՝ անձը հաստատող փաստաթուղթ պահանջելով, իսկ 24 տոկոսը ստիպված է եղել հեռանալ Թուրքիայից վիզայի կամ կացության իրավունքի ժամկետն ավարտվելու պատճառով:

Հարցին, որ «եթե Ձեր նպատակին հասնեք, օրինակ՝ Ձեր ֆինանսական դրությունը բարելավվի, Հայաստան կուզենա՞ք վերադառնալ», 58 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ կվերադառնամ», 9 տոկոսն ասել է, թե «հավանաբար, կցանկանամ վերադառնալ», մյուսները չեն ուզել վերադառնալ Հայաստան: Ընդ որում՝ հարցվածների 58 տոկոսը մտածում է մեկ այլ երկրում աշխատելու մասին: Առաջին տեղում Գերմանիան ու Ֆրանսիան են:

Թրաֆիքինգի դեպքերի չեն հանդիպել

Մեր հարցին, թե արդյոք հետազոտությանը մասնակցած միգրանտների շրջանում եղել են սեռական կամ աշխատանքային շահագործման ենթարկվածներ, պրոֆեսոր Փըրնար Ույան Սեմերջին պատասխանեց, որ նման դեպքերի չեն հանդիպել:

Հարցին, թե անձամբ ինչ ակնկալիք ունի հետազոտության հրապարակումից, թուրք պրոֆեսորը նշեց, որ դրանով իրենք մատնանշել են կարեւոր խնդիրները եւ ստեղծել են մեկնարկային կետ երկխոսության համար: Ըստ մեր զրուցակցի՝ արված աշխատանքը հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հայաստանցի միգրանտների խնդիրներին լուծումներ գտնելու, կոլեկտիվ քննարկումներ կազմակերպելու հնարավորություն է տալիս: «Դիվանագիտական կապերի բացակայությամբ կարիք ունենք հաղորդակցության ձեւեր փնտրել ու լուծել խնդիրները, մասնավորապես, հենց մեկ երեխայի կյանքում: Սա պրակտիկ աշխատանք է, բայց նաեւ անհրաժեշտ է ներգրավել կառավարությանը»,- ասում է թուրք պրոֆեսորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter