
Հրազդանում 21 979 անձ արդեն քվեարկել է
Հրազդան քաղաքում ընտրությունների թեժ ընթացք է: Մասնակցությունն աննախադեպ է՝ այս պահի դրությամբ 21 979 անձ քվեարկել է արդեն: Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Աշոտ Ավագումյանը «Հետքի» հետ զրույցում ասաց.
«Այս պահի դրությամբ խախտումներ արձանագրվել են: Մասանավորապես, 25/19 տեղամասում գրանցվել է քվեաթերթիկ տալու դեպք, 25/20 տեղամասում նկատվել է բացակա անձի փոխարեն քվեարկելու փորձ, որը կանխվել է: Ամենահիմնական խախտումը արձանագրվել է երեկ. ընտրատարածքային հանձնաժողովը տեղամասերին չի տրամադրել անձնագրերը դրոշմակնքելու դրոշմներ:
Մենք բողոքարկել ենք ընտրատարածքային հանձնաժողովի այդ գործողությունը, նրանք մերժել են՝ անտեսելով ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի իմպերատիվ պահանջը, որը պարտադրում է ընտրողի քվեարկելուց հետո նրա անձնագրի մեջ դրոշմակնիք դնել, ապա նոր թույլատրել նրան քվեատուփի մեջ գցել թերթիկը: Նաև նշված է, որ եթե այդ կնիքը հայտնաբերվում է ընտրողի անձնագրում, անձը իրավունք չունի քվեարկելու. դա համարվում է հանցագործություն: Մենք դիմել ենք վարչական դատարան, վարչական դատարանը նույնպես մերժել է մեր դիմումը՝ պատճառաբանելով մերժումը նրանով, որ 66-րդ հոդվածի 5-րդ կետով դրոշմակնիքի վերաբերյալ կնիքի թանաքի մասին ասվում է, որ դրոշմակնիքի թանաքը 12 ժամ հետո պիտի անհետանա: Անցումային դրույթներում այդ կետի վերաբերյալ ասվում է, որ դա ուժի մեջ է մտնելու առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ: Այդ կետում խոսվում է միայն 66 հ. 5-րդ կետի մասին: Մերժման պատճառների մասին ես խոսել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, ով բառացիորեն ասաց, որ իր կարծիքով՝ անցումային դրույթը վերաբերում է 66-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին»:
Մեկնաբանել