HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ներսես Երիցյանը լրագրողից 550 հազար դրամ է պահանջում տեղեկատվության համար

Մինչ օրս լրագրողների հարցերին պատասխանելու համար ամենաբարձր վճար պահանջած անհատը ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր՝ հարցազրույցի համար 500 եվրո: Այսուհետ ամենաբարձր վճարը պահանջող պաշտոնյան ԿԲ փոխնախագահ, «Ֆիզիկայի ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանն է, պահանջվող գումարը՝ 550 հազար դրամ:

«Հետք»-ը հունիսի 17-ին դիմել էր «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանին՝ խնդրելով տրամադրել հոգաբարձուների խորհրդի 2011-2019 թթ ընդունած որոշումները:

3 օր անց Ներսես Երիցյանը հայտնել է, որ խորհրդի որոշումները կորպորատիվ փաստաթղթեր են, որոնք պարունակում են հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ: Մենք նորից դիմեցինք Ներսես Երիցյանին՝ առաջարկելով, որ փակեն որոշումների մեջ գաղտնիք պարունակող հատվածները և մնացած մասը տրամադրեն:

Ներսես Երիցյանի ստորագրած պատասխան նամակում ասված է, որ մեզ անհրաժեշտ տեղեկությունները տրամադրելու համար պետք է ֆիլտրեն 9 տարվա որոշումները, իսկ հիմնադրամի աշխատակիցները ծանրաբեռնված են, հարցմանը պատասխանելու համար պետք է արտաժամյա աշխատանք կատարեն (այդ թվում՝ շաբաթ և կիրակի օրերեին):

«Հիմնադրամի կողմից կատարված հաշվարկների համաձայն 30-օրյա ժամկետում 9 տարվա վաղեմության փաստաթղթերի (մոտ 50 ծավալուն փաթեթ) ուսումնասիրության, ֆիլտրման, և պահանջվող տեղեկատվության տրամադրման փաստացի ծախսերը կկազմեն 550 հազար դրամ (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարումներ), որը ներառում է 1 ամսով ներգրավված աշխատակցի վարձատրություն, այդ թվում արտաժամյա՝ մոտ 40 ժամ՝ 250 հազար ՀՀ դրամ, վերադաս աշխատակցի արտաժամյա վարձատրություն 300 հազար ՀՀ դրամ»,- ասված է Ներսես Երիցյանի պատասխանում:

«Հետք»-ը դիմելու է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ներսես Երիցյանին անհրաժեշտ տեղեկությունը տրամադրել:

Մեկնաբանություններ (1)

Ashot
Սույն սյուբեկտը նախկին ռեժիմի ինստիտուցիոնալ կոռումպացված ամենանշանային չինովնիկներից է՝ հայտնի բիոզուգարանների կնքահայրը: Ով՞ է սրան սատարում նոր իշխանություններում այս վաշխառուին անհասկանալի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter