HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«ՀայԲույս-2019». Տավուշի բույսերը մեծ պահանջարկ ունեն

Տավուշի մարզը շատ հարուստ է բուսականությամբ: Բույսերի մեծ մասն օգտագործվում է մի շարք արտադրություններում՝ դեղորայք, զարդեր, կոսմետիկա եւ այլն: Դրանց ազդեցության եւ նշանակության մասին հստակ ու ճշգրիտ պատկերացում կազմելուն նպաստում է «ՀայԲույս» փառատոնը: Այստեղ առանձին տաղավարներով ներկայանում են այն արտադրողները, որոնց ստեղծագործության հիմքում բույսն է:

«ՀայԲույսն» ավանդական փառատոն է: Անցկացվում է Ենոքավան գյուղում՝ «Ապագա ռեզորթի» տարածքում: Կազմակերպիչներն են Գայանե Աղայանը եւ Իրինա Չիբուխչյանը:

Պարզվում է, որ Տավուշի բնության պարգեւներից օգտվում են ամենահայտնի բրենդները ամենատարբեր ոլորտներից:

Մաշկի խնամքի միջոցներ արտադրող «Բնատուր» ընկերությունը Տավուշի սարերից հավաքում է մի քանի տեսակ բույսեր: «Բնատուրի» արտադրանքում օգտագործվում են Տավուշի երիցուկը, եղեսպակը, լորենին, սրոհունդը եւ այլ բույսեր: Ընկերության հիմնադիր Արփինե Բարսեղյանն ասում է, որ սրանցից յուրաքանչյուրն իր ազդեցությունն ունի մարդու մաշկի վրա՝ ալերգիկ խնդիրները կանխող, վերնամաշկի առողջացմանն ու վերականգնմանը նպաստող եւ այլն: Իսկ լորենին օգտագործվում է լոսյոնների եւ շամպունների մեջ: «Լորենու ծաղիկները, բացի նրանից, որ բուրավետ են եւ շատ գեղեցիկ, հոյակապ հատկություններ ունեն»,- ասում է «Բուրավետի» հիմնադիրը: 

«Շուշան-Տաթեւ» բրենդը հայտնի է զարդերի սիրահարներին: Ընկերությունը հիմնադրել են Ղալթախչյան քույրերը: Տաթեւ Ղալթախչյանն ասում է, որ բույսերն իրենց զարդերի հավաքածուի մի մասն են կազմում: «Աշխատում ենք բրոնզի, պոլիմերային կավի, արծաթի, բնական ծաղիկների եւ էմալի համադրությամբ: Օգտագործում ենք չորացրած բույսեր, որոնք բոլորը մեր բնաշխարհի բույսերն են՝ անմոռուկներ, խորդենի, անյուտայի աչիկներ եւ այլն: Սրանք համադրում ենք բնական քարերի հետ»,- ասում է Տաթեւը: Անմոռուկն ու վայրի երիցուկները հավաքում են Տավուշի սարերից: Բույսերը Տաթեւն է հավաքում:

Որոշ բույսեր քմահաճ են եւ համադրություններ չեն սիրում: Իսկ օրինակ անմոռուկը համադրություն ընդունում է՝ ցանկացած գույնի, քարի կամ զարդի հետ: 

ԵՊՀ Բուսաբանության եւ սնկաբանության ամբիոնի ուսանողներն ու գիտաշխատողները «ՀայԲույսին» ներկայացել էին իրազեկող տաղավարով: Ամբիոնի ասիստենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Զաքարյանն ասում է, որ Հայաստանի տարածքում դեղատնային երիցուկ չի աճում, եւ այն, ինչ մատուցում են դեղատնայինի անվան տակ, կեղծ է: «Բոլոր երիցուկանման այդ բույսերն օժտված չեն դեղաբանական հատկություններով: Ավելին, շատ դեպքերում լինում են բացասական ազդեցություններ, ալերգիկ ելքեր, եւ կարող են վնասել: Մոտ 3-4 ընկերություններ կան, որոնք ցանում եւ մշակում են իսկական դեղատնային երիցուկներ: Մենք չենք համագործակցում ընկերությունների հետ, չենք գովազդում, պարզապես իրազեկում ենք բնակչությանը»,- ասում է գիտաշխատողը:

Իսկական դեղատնային երիցուկն ունենում է նուրբ, հաճելի, քաղցրավուն համ ու հոտ: Մնացած տեսակների հոտը տհաճ է, համը լինում է դառը: Երիտասարդ գիտնականները պատրաստել էին կեղծ եւ իրական երիցուկներով պատրաստած թեյեր, տուփեր, որպեսզի մարդիկ օրգանալեպտիկ հատկություններով՝ արտաքին տեսքով, համով կամ հոտով կարողանան տարբերել կեղծն իրականից: 

«Սարինխոտ» արցախյան բառը միավորել է տավուշցի Լուսինե Վարշամյանին եւ արցախցի Աստղիկ Քոչարյանին: Արցախցի Աստղիկը Լուսինեին մի անգամ նվիրում է համեմունքների խառնուրդ՝ հավաքված արցախցի տատիկների բաղադրատոմսով: «Այդ խառնուրդն այնքան գերեց ինձ, որ մտածեցի՝ արդար չէ, աշխարհը չգիտի արցախցի տատիկների բաղադրատոմսերի մասին: Եվ սկսեցինք աշխատել այդ խառնուրդները ճանաչելի դարձնելու ուղղությամբ, բրենդավորել այն: Ստեղծել ենք «Սարինխոտը», որպեսզի այն նույնքան ճանաչելի ու պահանջված լինի, որքան Պրովանսի կանաչի խառնուրդը, սվանի աղը եւ աշխարհում հայտնի այլ խառնուրդներ»,- պատմում է Լուսինե Վարշամյանը:

Լուսինեն եւ Աստղիկը Տավուշից հավաքում են ուրց, ծիտրոն, անանուխ, Արցախից՝ ալոճենու ծաղիկներ եւ այլն: Լուսինեն ամեն օր բացահայտում է, թե որքան նման են արցախցիներն ու տավուշցիները նիստուկացով եւ խոհանոցային ճաշակով: Բացի նույնանման կլիմայական պայմանները, այլ գաղտնիք էլ կա. տավուշցիների մեծ մասն Արցախից է տեղափոխվել:

«ՀայԲույս-2019»-ին մասնակցում է նաեւ «Սի Վերոնիքս» (Sea Veroniques) ընկերությունը: Համահիմնադիր Վերոնիկա Բարսեղյանը կերամիկայով զբաղվում է հինգ տարի: Ստեղծում է սպիտակ կավից, երկու անգամ թրծում անցած աշխատանքներ, որոնց մի մասի վրա օգտագործվում է էկո-տպագրություն: Լեռնային բույսերը չորացնում են, սեղմում կավի վրա, դնում վառարանի մեջ: Բույսն այրվում է, իսկ հետքերը մնում են: Բույսի հետքը կավի վրա ներկում են, ստանալով մեկը մեկին չկրկնող աշխատանքներ: «Սի Վերոնիքսի» արտադրության պրոցեսում նույնպես օգտագործվում են Տավուշի բույսեր:

«Նռենի» կարի արտադրամասն իր բրենդն է դարձրել իջեւանյան արջատխլենին: Արջատխլենին աճում է բացառապես Իջեւանի անտառներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:

Նարինե Ճաղարյանը պատմում է, որ երբ ավագ որդին մեկնեց արտագնա աշխատանքի, ինքը որոշեց կրտսերին Հայաստանում պահելու համար ինչ-որ գործ սկսել: Եվ ստեղծվեց «Նռենին»: Սա մի կենտրոն-արտադրամաս է, որտեղ համախմբված են ձեռագործ աշխատանքով զբաղվող կանայք: «Մեր կենտրոնում ներկայումս ստեղծագործող կանայք մինչ այդ իրար չէին ճանաչում: Նռան հատիկների նման՝ հատիկ-հատիկ միավորվեցինք»,- ասում է Նարինե Ճաղարյանը:

Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ստեղծված արտադրամասն արտադրում է սպիտակեղեն, խոհանոցային պարագաներ, էկոպայուսակներ: 

Իջեւանցի Անուշ եւ Դոնարա Չիբուխչյանների ստեղծած «Chibukhchyan's» բրենդի արտադրանքի հիմքում հայկական զարդանախշեր են, մանրանկարչությունից մեզ հասած թռչնագրեր: Ընկերությունը փառատոնին ներկայանում է հիմնականում բուսածաղկային զարդանախշերով, այդ թվում՝ կյանքի ծառով: 

«Կեռաս» չրերն արտադրվում են Արմավիրի մարզում, մասնագիտությամբ ինժեներ Սուքիասյան ընտանիքի կողմից: Գյուղական կյանքին անծանոթ լինելով՝ 20 տարի առաջ նրանք քաղաքից տեղափոխվել են գյուղ եւ սկսել զբաղվել չրի արտադրությամբ:

Նրանց դուստրը՝ «Կեռաս» խանութ-սրահի հիմնադիր Վիկտորիա Սուքիասյանը, պատմում է, որ դիզայնի ու տեսքի շնորհիվ՝ տրադիցիոն հայկական չրերը դարձել են յուրահատուկ նվեր. «Ցավոք սրտի, միշտ չէ, որ չիրը հայկական շուկայում ներկայանալի է եւ նվիրելու արժանի: Մենք մատուցում ենք այնպիսի տեսքով, որպեսզի հայկական չիրը դառնա գեղեցիկ նվեր»:

Իսկ ինչու՞ «Կեռաս»: Վիկտորիան մեկնաբանում է. «Կեռասի չիրն ամենադժվարն է պատրաստվում: Երբ պատրաստվում էինք անվանակոչել մեր ապրանքանիշը, ինձ հանդիպեց պատմական աղբյուր այն մասին, որ հին հռոմեացիներն առաջին անգամ կեռասի պտուղներ են համտեսել Տրապիզոնից ոչ հեռու գտնվող Կեռասունտ քաղաքում, շատ հավանել եւ անվանել են «Կեռասունտի պտուղներ»: Հետագայում առաջացել են կեռաս, կեռի, չերրի, չերեշնյա, կեռեզա բառերը»: 

«Դարման» թեյերն ընդհանրապես ֆանտաստիկ պատմություն ունեն: Բերդ քաղաքում ապրող ընտանիքը բուսական թեյերի հավաքչությամբ եւ արտադրությամբ զբաղվել սկսել է այն բանից հետո, երբ ընտանիքի անդամներից մեկն, առողջական խնդիրներ ունենալով, դեղային բուժումներից չապաքինվելով, անցել է բուսաբուժության, վերականգնել առողջությունը: Այս հաջողված փորձից հետո Նազանյան ընտանիքը որոշել է «խոսել» թեյաբույսերի օգտակար հատկությունների մասին եւ թեյ արտադրել:

Այսպես են ստեղծվել «Դարման» թեյերը: Արտադրամասը գործում է Տավուշի մարզի Տավուշ գյուղում: Այս թեյերի մեջ ցողուններ չեն օգտագործվում, բացառապես՝ ծաղիկներ եւ տերեւներ: Հավաքչությունն ու արտադրությունն իրականացվում է ձեռքով, մեքենայացված ոչինչ չկա: Այն այժմ դիզայնի եւ գեղեցիկ փաթեթավորում ունի, ճիշտ մարկետինգի շնորհիվ շուկայում իր տեղն ունի: «Դարման» թեյերը նաեւ արտահանվում են Ռուսաստան, եվրոպական երկրներ, ավելի շատ՝ Ֆրանսիա:

«Մեր անարատ սարերի, էկոլոգիապես մաքուր հողի բույսեր են: Նույնիսկ հողի քիմիական կազմն է հետազոտվել, որեւէ վնասակար հանքային նյութեր չեն հայտնաբերվել»,- ասում է «Դարմանի» հիմնադրի մայրը՝ Գրետա Հովակիմյանը:

«Դարմանի» ազգությամբ հնդիկ գնորդներից մեկը, վերադառնալով Մեծ Բրիիտանիա, զանգահարել է արտադրողին եւ հայտնել Տավուշում ընտանիքով բնակություն հաստատելու իր ցանկության մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter