
Արշալույսում համայնքապետի ընտրություններ են. ոստիկաններն աննախադեպ շատ են
Այսօր համայնքի ղեկավար են ընտրում նաև Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Հիշեցնենք, որ համայնքապետի թեկնածուները երկուսն են՝ գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Զարզանդ Գրիգորյանը, ով պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, եւ նախկին համայնքապետ, դարձյալ ՀՀԿ անդամ Գրիգոր Գրիգորյանը:
Այս պահի դրությամբ 2909 ընտրողից մասնակցել է 2039-ը: Ընտրություններին լուրջ միջադեպեր չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ ցուցակների անճշտություն եղել է 10 անձի վերաբերյալ, որը դատարանով վերականգնվել է: Երկու կողմի դիտորդներն էլ բողոքներ չունեն:
Համայնքում երկու ընտրատեղամաս կա: Ընտրատեղամասների մոտ զինված ոստիկաններ են հավաքվել: Երկու առանձին «ԳԱԶել»-ներում նույնպես զինված ոստիկաններ են սպասում: Զինված և զրահաբաճկոններով ոստիկանների նման առատությունն ու ընտրատեղամասերի հարակից վայրերում կուտակումները կաշկանդում են ընտրողներին և վախեցնում: Ընտրողները նույնիսկ վախենում են խոսել: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են ոստիկաններն այսքան շատ, եթե ամեն ինչ խաղաղ է ընթանում, պատասխանեց. «Թույլ տվեք ես որոշեմ»:
Տարածքում գերակշռում են պատգամավորի եղբոր` Զարզանդ Գրիգորյանի համախոհները: Իսկ Գրիգոր Գրիգորյանի համախոհներն էլ ընտրողներ են բերում ընտրատեղամաս:
Մեկնաբանել