HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պադավատապետություն». ծառայողական մեքենաների կրճատումը իշխանափոխությունից հետո

«Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս»:

Սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015թ.-ի մի ելույթից: Փաշինյանն այս երևույթը անվանել էր «պադավատապետություն»: «Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- հավելել էր պատգամավորը:

Հեղափոխությունից մեկ տարի անց մենք շարունակում ենք լինել «զարմանալի պետություն», որտեղ շարունակում են ծառայողական մեքենա ունենալ ոչ միայն Երևանի քաղաքապետարանի տրասնպորտի վարչության պետը, այլև 18 այլ վարչությունների պետեր, առանձին վարչությունների պետերի տեղակալներ, բաժնի պետեր ու մասնագետներ:

Հայաստանի 11 նախարարությունները, խորհրդարանը, մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը, Կառավարությանը և վարչապետին ենթակա մի քանի մարմիններ միասին ունեն առնվազն 343 ծառայողական ավտոմեքենա: Իշխանության փոփոխությունից հետո՝ վերջին մեկ տարում, ծառայողական մեքենաների թիվը նվազել է 18.4 %-ով:

main-facts.jpg (64 KB)

Թեև հարցված պետական մարմինների ցանկն ամբողջական չէ, հոդվածը ներկայացնում է պետական համակարգում ծառայողական մեքենաների կրճատման գործընթացի բնույթը՝ մոտ 3 տասնյակ կառույցների օրինակով:

7 մեքենա՝ Կառավարության աշխատակազմին, 61-ը՝ Երևանի քաղաքապետարանին

Դեռ տարեսկզբին վարչապետի աշխատակազմը սկսել էր ծառայողական մեքենաների կրճատման գործընթաց: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ 50 մեքենաներից մնալու են միայն 7-ը:

«Միանշանակ է, որ այս պրոցեսը վարչապետի աշխատակազմում չի ավարտվելու, սա ընդամենը սկիզբն է: Եւ հաշվի առնելով վարչապետի աշխատակազմի ուրույն տեղը պետական կառավարման համակարգում՝ ես վստահեցնում եմ, որ այս մոդելը կտարածվի ամբողջ պետական համակարգում, և մենք կարծում ենք, որ նախարարություններում, հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները, իրեն կցված մեքենա թերևս պետք է ունենա միայն նախարարը»,- «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում ասել էր Աղաջանյանը:

Մեր ունեցած տվյալները վկայում են, որ Կառավարության մոդելը գրավիչ չի եղել ամբողջ պետական համակարգի համար:

Կառավարության 2005թ.-ի որոշումը սահմանում է, որ ծառայողական են ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ պետական մարմինների սպասարկման համար նախատեսված, այդ թվում՝ հերթապահ մեքենաները: Չնայած սրան՝ որոշ կառույցներ տրամադրել են միայն պաշտոնյաներին սպասարկող մեքենաների ցանկը:

Նախարարություններից ծառայողական մեքենաների թիվն իմանալու համար դիմել ենք միայն 12-ին, քանի որ հարցման պահին մյուս 5 նախարարություններն օպտիմալացման փուլում էին, և անհասկանալի էր, թե որ գերատեսչությունն էր համարվում դրանց իրավահաջորդը:

11 նախարարությունը միասին ունեն 125 մեքենա: Սա՝ առանց Պաշտպանության նախարարության: Վերջինս պատասխանել է, որ «նախարարության հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները հաշվառված են որպես սպառազինություն», որոնց շարժի մասին տեղեկությունը պաշտպանվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով:

Նախարարությունների շարքում ամենաշատ ծառայողականներն ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 27 հատ: Ամենաքիչ թվով մեքենաները սպասարկում են Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներին. մեկը՝ նախարարին, մյուսը՝ փրկարար ծառայության տնօրենին: Վերջին մեկ տարում այս նախարարությունը կրճատել է 27 մեքենա: ԱԻՆ-ը հայտնել է նաև մյուս՝ ոչ ծառայողական մեքենաների թիվը՝ 503: Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ մեկ տարում կրճատել է 6 մեքենա, սակայն դրանցից 3-ն են օտարվել, մյուս 3-ը պարզապես փոխանցվել են Սահմանադրական դատարանին:

 Բնապահպանության նախարարությունը հայտնել է, որ ծառայողական մեքենաներից մեկը 2004 թվականից առևանգված է, սակայն շարունակում է մնալ նախարարության հաշվեկշռում:

Ազգային Ժողովի աշխատակազմն ունի 56 ծառայողական մեքենա, որոնք սպասարկում են փոխխոսնակներին, խմբակցություններին, հանձնաժողովների նախագահներին, աշխատակազմի անդամներին: Թե քանիսն են սպասարկում խորհրդարանի նախագահին, մեզ չհաջողվեց ճշտել: Աշխատակազմը հրաժարվում է այդ մասին տեղեկություն տրամադրել՝ հղում անելով «Հատուկ պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի կարգավորումներին: Հիշեցնենք, որ վերջերս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր փոփոխություն կատարել «Գնումների մասին» օրենքում, որը թույլ կտար բարձրաստիճան պատոնատար անձանց գնումները թափանցիկ դարձնել, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ այն բնորոշեցին որպես սպառնալիք բարձրագույն ղեկավարության նկատմամբ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օրենքի փոփոխությունները լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցին ձեռնպահ քվեարկեց, քանի որ քննարկվում էր նաև իր ծախսերի գաղտնիության կամ թափանցիկության հարցը:

Այս տարվա փետրվարից ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին ու վարչության պետերին մեքենաներ հատկացված չեն:

Ոստիկանությունից վստահեցնում են, որ միայն ոստիկանապետն ունի իրեն կցված ծառայողական մեքենա: Անպատասխան են մնացել մեր հարցերը, թե այդ դեպքում ինչպես են տեղաշարժվում մյուս բարձրաստիճան ոստիկանները, օրինակ՝ փոխոստիկանապետերը: Այս կառույցը 2018թ.-ին ունեցել է 1054 տրանսպորտային միջոց (ոչ ծառայողական): 2019թ.-ի փետրվարին դրանցից 100-ը կրճատվել է և հանձնվել Պետական գույքի կառավարման կոմիտե: Այժմ օտարման նպատակով կոմիտե է հանձնվել ևս 67 մեքենա:

Պետական եկամուտների կոմիտեից ևս պատասխանել են, որ միայն ՊԵԿ ղեկավարն ունի ծառայողական մեքենա: Մեր հարցին, թե ՊԵԿ նախագահի տեղակալնե՞րն ինչպես են տեղաշարժվում, այդպես էլ հստակ պատասխան չստացանք: Հայտնել են նաև, որ կոմիտեում հաշվառված է 169 մեքենա:

Նշենք, որ ոստիկանությունն ու ՊԵԿ-ը հայտնել են նաև ծառայողական մեքենաների կրճատման մասին, միայն թե ոստիկանության 42 ծառայողական մեքենաները «ամրակցվել են այլ ստորաբաժանումների», իսկ ՊԵԿ-ի 45 մեքենաները Կառավարության որոշմամբ  տեղափոխվել են պետական համակարգի այլ հատվածներ՝  Քննչական կոմիտե, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Պետգույքի կառավարման կոմիտե (որտեղից, պարզ չէ, օտարվել են, թե տրվել այլ կառույցների), ինչպես նաև՝ Արցախի Հանրապետություն: Դրանք, փաստորեն, դուրս չեն բերվել պետական գույքի կազմից և չեն բերել ծախսերի կրճատման:

Ազգային անվտանգության ծառայությունը 43 ծառայողական ավտոմեքենա ունի, որոնք սպասարկում են ծառայության ինքնուրույն մարմինների պետերին: Այս մեքենաներին հատկացված վառելիքի մեկ ամսվա ընդհանուր ծախսը 11900 լիտր է, որի համար ծախսվում է 4.7 մլն դրամ:

Նախորդ տարվա մայիսից ԱԱԾ-ն շահագործումից հանել է 26 տրանսպորտային միջոց (ոչ ծառայողական մեքենա), որոնք բոլորն էլ օտարվել են: Այս տարի նախատեսում են օտարման ներկայացնել ևս 14 մեքենա:

Պետական վերահսկողական ծառայությունը 3 ծառայողական մեքենա ունի: Այստեղ մեքենաների կրճատումներ չեն եղել, քանի որ ծառայության կանոնադրությունը վարչապետը հաստատել է հունիսի 11-ին: 2011, 2012 և 2015թթ. արտադրության մեքենաները ծառայությանն են տրամադրվել 2018 և 2019թթ. որոշումներով:

Երևանի քաղաքապետարանն այժմ նույնքան ծառայողական մեքենա ունի, որքան նախորդ տարվա մայիսին: 61 ծառայողական մեքենաները սպասարկում են քաղաքապետին, նրա տեղակալներին, օգնականին, խորհրդականներին, գրեթե բոլոր վարչությունների պետերին, որոշ վարչությունների պետերի տեղակալներին, առանձին մասնագետների, քաղաքապետարանի պարետին և այլն: Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին ավելի շատ մեքենա է սպասարկում, քան Հայաստանի բոլոր մարզպետարանների պաշտոնյաներին միասին:

Մարզպետարանների մեքենաները սպասարկում են մարզպետներին, նրանց տեղակալներին, առանձին վարչությունների կամ աշխատակազմերին: Արմավիրի մարզպետարանը ներկայացրել է ծառայողական մեքենաների ամենամեծ թիվը՝ 8 մեքենա:

Առանձին պաշտոնյաներին և պետական մարմիններին սպասարկող մեքենաների տվյալներին ծանոթացեք ստորև.

«Toyota». պետական հիմնարկների նախընտրած մակնիշը

Պետական հիմնարկների 35 %-ից ավելին նշել են, որ օգտվում է ճապոնական «Toyota» մակնիշի մեքենաներից: Հայաստանում այս մեքենաների վաճառքն ու սպասարկումը իրականացնում է «Տոյոտա Երևան» ընկերությունը: 

car-brands.jpg (205 KB)

Ամսական 72 հազար լիտր բենզին. էլեկտրամոբիլներին սպասելիս

Մեր հարցումներից հետո Կառավարության լրատվական բաժինը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ հարցազրույց հրապարակեց, ըստ որի՝ նախատեսում են դրամաշնորհային ծրագրի շրջանակում անցնել էլեկտրամոբիլների շահագործմանը: Նախարարի խոսքով՝ նախնական փուլում նման մեքենաներ կտրամադրվեն 12 նախարարներին: Սա դեռ միայն նախաձեռնություն է, և պարզ չէ, թե երբ կիրականանա (եթե երբևէ իրականանա):

Վերը նշված պետական մարմինների մեքենաների համար ամսական գնվում է 72.6 հազար լիտր բենզին և 4800 խմ գազ:

Շատ դեպքերում տարբերվում են նաև առանձին պաշտոնյաներին տրամադրվող բենզինի ծավալները: Տրանսպորտի նախարարին և Կոտայքի մարզպետին սպասարկող մեքենաները, օրինակ, սպառում են 2.5 անգամ ավելի շատ բենզին, քան իրենց աշխատակիցների մեքենաները:

amount.jpg (232 KB)

Թանկ բենզին՝ ղեկավարների մեքենաների համար

Պետական գերատեսչություններից խնդրել էինք հայտնել նաև, թե ամսական որքան են ծախսում ծառայողական մեքենաների վառելիքի համար: Պատասխանները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում մարզպետի կամ նախարարի մեքենայի համար գնվող բենզինի գումարը տարբերվում է կառույցի մյուս պաշտոնյաներին սպասարկող մեքենաների բենզինի գումարից:

Բնապահպանության նախարարին սպասարկող մեքենայի բենզինի 1 լիտրը, օրինակ, ձեռք է բերվում 440 դրամով, մյուս մեքենաներինը՝ 406-420 դրամով:

Արդարադատության նախարարի մեքենայի բենզինն արժե 430 դրամ, մյուս ստորաբաժանումներինը՝ 410 դրամ, իսկ պրոբացիայի ծառայության մեքենաներինը՝ 414.5 դրամ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի մեքենան սպառում է՝ 410, իսկ նախարարության մյուս աշխատողների մեքենաները՝ 400 դրամ արժեքով բենզին:

Արմավիրի մարզպետի ծառայողական մեքենան սպառում է՝ 416, իսկ մարզպետարանի մյուս մեքենաները՝ 400 դրամ արժողությամբ բենզին:

Բոլոր կառույցների մեքենաների վառելիքի ամսական ընդհանուր արժեքը հասնում է 30 մլն դրամի:

petrol.jpg (176 KB)

Տարեկան 1.25 մլն դրամի խնայում՝ մեկ մեքենայի կրճատման արդյունքում

Պետական կառույցների մի մասը հաշվարկել է, թե որքան գումար կտնտեսվի մեքենաների կրճատման արդյունքում: Տարբեր կառույցների հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ մեքենայի կրճատումը միջինում տնտեսում է տարեկան 1.25 մլն դրամ: Ընդ որում, միշտ չէ, որ հաշվարկը ներառում է նաև մեքենայի սպասարկումը, տեխզննումը, վարորդի աշխատավարձը և այլ ծախսեր: Այնուամենայնիվ, եթե այսպես հաշվենք կրճատված բոլոր մեքենաների արդյունքում սպասվող խնայման չափը, այն կհասնի տարեկան 98 մլն դրամի:

Առաջիկայում, պետական մարմինների պատասխանների համաձայն, նախատեսվում է կրճատել ևս 49 ծառայողական մեքենա: Այդպիսով կարող է տնտեսվել ևս 61.5 մլն դրամ, իսկ ծառայողական մեքենաների թիվը նշված կառույցներում կհասնի 294-ի:

Ուղղում. հոդվածում ուղղում է կատարվել, քանի որ ԱԳՆ-ից ստացված հարցման պատասխանում վրիպակ է եղել: Նախարարությունը հայտնել էր, որ ԱԳ նախարարին երկու մեքենա է սպասարկում: ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ նախարարին սպասարկում է մեկ ավտոմեքենա՝ Mersedes S350L, իսկ մյուս ավտոմեքենան՝ Toyota Camry-ն, հանդիսանում է հերթապահ մեքենա:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter