HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ցմահ դատապարտյալը դիմել է վաղաժամկետ ազատ արձակվելու համար․ գործը Վերաքննիչ դատարանում է

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ քննվում է մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտված Կամո Շալունցի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ բողոքը։ 2018 թ․-ին «Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի միջնորդությունն ուղարկվել է առաջին ատյանի դատարան, որպեսզի քննվի Կամո Շալունցի՝ պատժից վաղաժամկետ ազատվելու հարցը։ Դատարանը, նախագահությամբ Նելլի Բաղդասարյանի, 2019-ի ապրիլի 4-ին միջնորդությունը մերժել է։

«Հետքը» անդրադարձել է Կամո Շալունցի պատմությանը, երբ վերջինս բողոքում էր, որ ՔԿՀ-ներում վաղաժամկետ ազատ արձակվելու ինստիտուտը չի գործում։

Նրա՝ ՔԿՀ-ում գտնվելու 20 տարին լրացել էր 2015թ․-ին, սակայն այդ ժամանակ ՔԿՀ-ներում գործող վարչական հանձնաժողովը մերժել էր Շալունցին ներկայացնել պայմանական ազատման. պատճառը հինգ տարի առաջ խցից հայտնաբերված բջջային հեռախոսն էր։

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի կայացրած միջնորդությունը մերժելու հիմքում ևս բջջային հեռախոսներն են, թեև այս անգամ քրեակատարողական հիմնարկից 24 տարի ազատությունից զրկվածի համար տրվել էր վարքագծի դրական բնութագիր։ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը եզրակացրել էր, որ դատապարտյալ Կամո Շալունցը պատժի կրման ընթացքում դրսևորել է բավարար վարքագիծ, և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, դատապարտյալը կանգնել է ուղղման ճանապարհին, ուստի նրան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար է։

Առաջին ատյանի կայացրած որոշման հիմքում այն է, որ անձը դատապարտվել է ծանր հանցագործություն կատարելու համար՝ զինվորների սպանություն: Պատժի կրման ընթացքում ունեցել է կարգապահական տույժեր և 520 հազար դրամի քաղաքացիական հայց։ Որոշման մեջ նշել էր նաև, որ ՔԿՀ-ի կողմից տրամադրված միջնորդության մեջ գրված է «բավարար վարքագիծ»՝ «պատշաճ վարքագծի» փոխարեն։

«Հետքի» հետ զրույցում Կամո Շալունցի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը նշեց, որ չէր կարող որոշման հիմքում դրվեր բջջային հեռախոս գտնելու հանգամանքը, քանի որ կատարվածից վեց ամիս հետո տույժը համարվում է մարված։ Ըստ պաշտպանի՝ ցմահ դատապարտյալը դրսևորել է պատշաճ վարքագիծ, ձեռքի աշխատանքներ է պատրաստում, ցուցահանդես է ցանկանում կազմակերպել։ «Նա նաև պարտավորագիր է ստորագրել, որ բանտից դուրս գալուց հետո տուժողներին պատճառված վնասը կփոխհատուցի»,- հավելեց Ղարագյոզյանը։

Ըստ փաստաբան Ռոբերտ Ռևազյանի՝ դատարանը սահմանել է անհաղթահարելի ուժ ցմահ դատապարտյալի նկատմամբ, և ևս մի քանի տարի հետո այդ հանգամանքները փոփոխման ենթակա չեն լինի․ «Արարքը եղել է ծանր, այդպիսին կմնա, երկու տույժը եղել են, այդպիսին էլ կմնան, իսկ քաղհայցի համար անձը պետք է հնարավորություն ունենա այն մարել, սակայն ՔԿՀ-ում որևէ աշխատանք չի եղել, թեև նա դիմել է աշխատանք ստանալու համար։ Անձին փաստացի զրկում ենք, որ նա դիմի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար»,- նշեց Ռևազյանը։

Ռևազյանը շեշտեց նաև, որ երկու դեպք է եղել, երբ ՔԿՀ-ը ցմահ դատապարտյալի համար տվել է վարքագծի դրական գնահատական, որոնցից մեկի դեպքում անձն արդեն ազատության մեջ է, իսկ մյուսն իր պաշտպանյալն է։

Կամո Շալունցը 1996թ․-ին ՀՀ գերագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, 2003թ․-ին նախագահի հրամանագրով նրա մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման։

Շալունցը մեղադրվում է երկու անձի դիտավորյալ սպանության համար, թեև պնդել է, որ եթե չկրակեր, իրեն էին կրակելու։ Նա նաև աֆղանական և ղարաբաղյան պատերազմին է մասնակցել, որի ժամանակ ստացել է ծնոտի վիրավորում։ Մայրը և կինը մահացել են, խնամքին գտնվում է հաշմանդամություն ունեցող աղջիկը։

Այսօրվա նիստին չէր ներկայացել դատախազը, ուստի նիստը հետաձգվեց։ Բողոքի քննությունը կշարունակվի հուլիսի 29-ին։

Լուսանկարում՝ Կամո Շալունցը փաստաբանների հետ

Մեկնաբանություններ (1)

Գևորգ Ջնդոյան
Այս տականքը առանձնակի դաժանությամբ սպանել է իմ հորեղբոր որդուն։ Նրա մեղքը ապացուցվել է և' իրեղեն ապացույցներով, և' գործով անցնող այլ անձանց ցուցմունքներով, և' իր ինքնախոստովանական ցուցմունքով։ Պարզվել է նաև արարքը կատարելու դրդապատճառները, իրեն ամրակցված զենքը կորցրել է և դրա համար տրվել է 12 օր ժամկետ վերադարձնելու համար այլապես իր դեմ դատական գործ էր հարուցվելու։ Սպանել է հորեղբորս տղային` Սամվել Վաղինակի Ջնդոյանին, խլել է զենքը և մարմինը նետել ջրհորի մեջ, այնուհետև սպանել է վկային Ջիվան անունով հորեղբորս տղայի ծառայակցին և նույնպես նետել է մարմինը ջրհորը։ Քսան օր ման են եկել մարմինները Շալունցին կասկածանքով ձերբակալելուց հետո խոստովանել է իր արարքն ու մատնացույց արել ջրհորում թաքցրած մարմինները։ Ազատ արձակելով նման անձի ստեղծվում է դատական նախադեպ երբ կարելի է երկու զինծառայողի` 19 տարեկան տղաների առանձնակի դաժանությամբ սպանել և տարիներ անց դուրս գալ հասարակության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter