HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին

Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությունը, որը զբաղվել է նախագծմամբ, շինարարությամբ, հաստոցաշինությամբ, իսկ հետագայում նաև ալմաստի և գունավոր ոսկերչական քարերի մշակմամբ: Ընկերությունը նախագծել, կառուցել և գործարկել է ալմաստի մշակման 4 գործարան: Մինչ 2010 թվականն ընկերությունում աշխատում էին 115-120 ինժեներ, արհեստավորներ, որոնց թիվը տարբեր տարիներին աճել և նվազել է՝ կախված պատվերներից: 2009 թ.-ի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերության շրջանառությունը կազմել է 50 մլն դրամ:

2010 թ.-ի ամռանը Սամվել Հակոբյանին բիզնես առաջարկ է արել ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սահակյանը՝ խոստանալով 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել և միասին ադամանդագործությամբ զբաղվել: Հակոբյանն ու Սահակյանն այդ նպատակով գնացել են ՌԴ, հանդիպել ներդրման համար վարկ տրամադրող բանկի ներկայացուցիչներին, նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել. վարկը կտրամադրվի, իսկ արտադրանքը կգնեն ՌԴ-ում: ՌԴ-ից վերադառնալով՝ Սամվել Հակոբյանին հրավիրել են Տարոն Սահակյանի գրասենյակի ներկայացուցիչները և առաջարկել են «Փարոս նյու արտ» անունով ՍՊ ընկերություն ստեղծել: 45 հազար դրամ կանոնադրական կապիտալով ընկերության բաժնետերեր են դարձել հետևյալ անձինք՝ Անդրեյ Հակոբյան 33 % (Սամվել Հակոբյանի որդին), Գարիկ Սաղաթելյան 33 % (Տարոն Սահակյանի փեսան), Մանվել Սաղաթելյան 33 % (Գարիկ Սաղաթելյանի հորեղբայրը): Մինչ այդ ամենը, Սամվել Հակոբյանը «Լիդեր» ՓԲԸ-ում իրեն պատկանած 36 % բաժնետոմսերը գրավադրել էր, որը գնել էր վերը նշված Մանվել Սաղաթելյանը:

Տարոն Սահակյանի ներկայացուցիչները մի քանի օր անց զանգահարել են Սամվել Հակոբյանին և ասել, որ վարկ տրամադրող բանկը իբր հարցում է կատարել, թե արդյոք նորաստեղծ ընկերությունը գործարան ո՞ւնի: Հակոբյանին առաջարկել են պայմանագիր ստորագրել և «Լիդեր» ՓԲԸ-ի ալմաստի և գունավոր քարերի գործարանը 23 մլն 382 հազար դրամով վաճառել «Փարոս նյու արտ» ՍՊԸ-ին՝ բանկին ցույց տալու համար, իսկ իրականում հումքի մշակումը պետք է իրականացվեր «Լիդեր» ՓԲԸ-ում: Հակոբյանը սկզբում չի ցանկացել ստորագրել գործարանը վաճառելու նախնական պայմանագիրը՝ ասելով, որ գնորդ ունի, որը պատրաստ է 400 հազար ԱՄՆ դոլար վճարել: Սակայն Տարոն Սահակյանի հավաստիացումներից հետո, որ պայմանագիրը հարկավոր է միայն բանկին ցույց տալու համար, ստորագրել է նախնական պայմանագիրը: Այնուհետև Տարոն Սահակյանը խզել է կապը Սամվել Հակոբյանի հետ, վերջինս կռահել է, որ իր նկատմամբ խարդախություն է կատարվել:

2011 թվակյանի հունվարի 3-ին Սահակյանի ներկայացուցիչը եկել է գործարանը «վերցնելու», որի ժամանակ ծեծի են ենթարկել Սամվել Հակոբյանին իր իսկ աշխատասենյակում՝ «Լիդեր» ՓԲԸ-ի տնօրենի սենյակում: Այդ միջադեպից մեկ ամիս անց «Փարոս նյու արտ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Լիդեր» ՓԲԸ-ի տնօրենին հիմնական պայմանագիրը կնքել: ՍՊԸ-ի հայցը չի բավարարվում, սակայն Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները հօգուտ ՍՊԸ-ի որոշումներ են կայացնում: Արդեն 2013 թ.-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ «Փարոս նյու արտ» ՍՊԸ-ն դիմում է ԴԱՀԿ՝ գործարանի վաճառքի հիմնական պայմանագրի կնքումը հարկադիր իրագործելու համար:

Մի խնդրից ծնվում է մյուս խնդիրը

Այն օրերին, երբ ԴԱՀԿ աշխատակիցները ստիպում էին Հակոբյանին ստորագրել հիմնական պայմանագիրը, նրան է զանգահարում վերջինիս վաղեմի ընկեր՝ Օնիկ Հարությունյանը և առաջարկում իր օգնությունը: «Օնիկ Հարությունյանն ասում էր. «Իմ փաստաբանն ա, մեր տղեն ա, օգնում ա ինձ եղբորս դեմ դատական գործում»: Նրա երաշխավորությամբ ծանոթանում եմ «Լոերս լո» ՍՊԸ-ի տնօրեն, փաստաբան Գևորգ Հարությունյանի և նրա ընկերոջ՝ փաստաբան Սամվելի հետ»,- պատմում է Սամվել Հակոբյանն ու ասում, որ Գևորգ Հարությունյանին տեղում պատմել է, թե ինչ դատական քաշքշուկի մեջ է եղել, ծանոթացրել է գործին, որից հետո արդեն հանդիպել են Հարությունյանի գրասենյակում իրավաբանական ծառայության մատուցման պայմանները քննարկելու համար:

Բացի ծառայության մատուցման պայմանագրից, փաստաբանը նաև որպես երաշխիք՝ Հակոբյանից պահանջել է, որպեսզի «Լիդեր» ՓԲԸ-ում վերջինիս կնոջ՝ Օլգա Հակոբյանի անունով առկա բաժնետոմսերը (32 %) ձևակերպվեն փաստաբանի քրոջ՝ Սոնա Հարությունյանի անունով, սակայն բանավոր պայմանով՝ գործի ավարտից հետո բաժնետոմսերը կրկին վերադարձվեն Հակոբյանի կնոջը: Այդպես էլ անում են: «Լիդեր» ՓԲԸ-ի բաժնետերերը 2013 թ.-ին հետևյալ անձինք են եղել՝ Սոնա Հարությունյան 32 % (Գևորգ Հարությունյանի քույրը), Վալերիա Տիխամիրովա 32 %(«Լիդեր» ՓԲԸ-ի հաշվապահ) և Մանվել Սաղաթելյան 36 %  (Տարոն Սահակյանի փեսայի հորեղբայրը):

Բաժնետոմսերը Գևորգ Հարությունյանի քրոջը նվիրատվություն կատարելու ժամանակ փաստաբանն իր վստահորդին տվել է ստորագրելու նաև 25 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիր, որ իբր այդքան գումար են տրամադրել Հակոբյաններին: Վերջինիս խոսքով՝ Գևորգ Հարությունյանը բացատրել է, որ դա իր աշխատանքի ձևն է և ապահովության երաշխիքը: Սամվել Հակոբյանի խոսքով՝ իր կինը ստորագրել է փաստաթուղթը, քանի որ փաստաբանն այլ տարբերակ չի թողել: «Կա՛մ ստորագրեք, կա՛մ գնացեք «Փարոս նյու արտ» ՍՊԸ-ի հետ գործարանի ստիպողական վաճառքի հիմնական պայմանագիրքը կնքեք»,- Գևորգ Հարությունյանի խոսքերն է մեջբերում Սամվել Հակոբյանը:

«Նշված փոխառության պայմանագիրը հետագայում Գ. Հարությունյանի կողմից փոխարինվում է նրա կողմից կեղծված «Նվիրատվության խոստման պայմանագիր» անունը կրող փաստաթղթով: Որտեղ արդեն 25 հազար ԱՄՆ դոլարի փոխարեն՝ անկուշտ փաստաբանը գրում է 45 հազար ԱՄՆ դոլար»,- նշում է Սամվել Հակոբյանը:

2014 թ.-ին Գևորգ Հարությունյանը կատարում է իր խոստումը և ազատում է Ս. Հակոբյանին գործարանի շենքի վաճառքի հիմնական պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունից՝ սրանով ավելի մեծացնելով իր նկատմամբ վստահությունը Հակոբյանների մոտ: Հաջորդ քայլով փաստաբանն առաջարկում է իր ծառայությունը, որպեսզի բաժնետեր Մանվել Սաղաթելյանին դատական կարգով դուրս հանի բաժնետերերի ցանկից՝ մի պայմանով, որ Վալերիա Տիխամիրովան իր 32 % բաժնետոմսերը նույնպես փոխանցի Սոնա Հարությունյանին, որից հետո 64 % բաժնեմաս ունեցող Սոնա Հարությունյանը մնացած 36 % բաժնետոմսը հետ կվերցնի և վերջում 100 % բաժնետոմսերը վերադարձվեն նախկին տերերին: Իսկ որպես իրավաբանական ծառայության վճար՝ Գ. Հարությունյանը պետք է ստանար 5000 ԱՄՆ դոլար վարձատրություն 500 հազար ՀՀ դրամի փոխարեն, ինչը ձևակերպվում է ծառայությունների մատուցման պայմանագրով:

Սամվել Հակոբյանը, վստահելով փաստաբանին, այս գործարքին էլ է գնում և խոսում է Վալերիա Տիխամիրովայի հետ: Գևորգ Հարությունյանն իր աշխատակից Անի Մկրտչյանի հետ գնում է ՌԴ, հանդիպում Վալերիա Տիխամիրովային և նրանից լիազորագիր է վերցնում Անի Մկրտչյանին բաժնետոմսերը նվիրաբերելու համար, բացի դա նրան նաև առաջարկվում է ստորագրել 25 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիր: Վալերիա Տիխամիրովայի բաժնետոմսերը նույնպես անցնում են Գևորգ Հարությունյանի քրոջը՝ Սոնա Հարությունյանին: Դրան գումարած՝ Տիխամիրովան փոխառության պայմանագիր է ստորագրում:

Այս գործարքներից հետո Սամվել Հակոբյանը վճարում է 5000 ԱՄՆ դոլարը և պահանջում «Լիդեր» ընկերության բաժնետոմսերը: «Գևորգ Հարությունյանն ասում է՝ ես ձեզ խաբել եմ, ի՞նչ բաժնետոմսեր: Ասում է՝ մենք առաջին անգամ որ հանդիպեցինք, դու ոգևորված պատմում էիր, ես արդեն գծում էի, թե ձեզ ինչ փաստաթղթեր պետք է տամ, ձեր կնոջը տամ ստորագրելու, ես ձեզ խաբել եմ, դուք ոչինչ չունեք, դուք ինձ ևս պետք է հետ տաք 30.000 դոլար: Ասում է՝ ես ձեր տված 12 հազար ԱՄՆ դոլարը կաշառք եմ տվել առաջին ատյանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին, և 13 հազար դոլարը կաշառք եմ տվել մորաքրոջս, Վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին և 17 հազար ԱՄՆ դոլար վճռաբեկում եմ կաշառք տվել: Բացի դրանից, պետք է տաք 46 հազար դոլար, որպեսզի գործարանը հետ տամ: Գործարանը, որը Գևորգ Հարությունյանի մտերիմ ընկերոջ՝ դատավոր Տիգրան Փոլադյանի վճռով 6.2 մլն դրամի շինծու փոխառության պայմանագրի դիմաց անցել է Գևորգ Հարությունյանի կնոջ՝ Հերմինե Մարտիրոսյանի տիրապետմանը: Ի միջի այլոց այս պահին Գևորգ Հարությունյանը երկրորդ անգամ «Լիդեր» ՓԲԸ-ն նույն Տիգրան Փոլադյանի թեթև ձեռքով փորձում է տանել սնանկության»,- նշեց Սամվել Հակոբյանը:

Այժմ «Լիդեր» ՓԲԸ-ի բաժնետերերը հետևյալ անձինք են՝ Սոնա Հարությունյան 32 % (Գևորգ Հարությունյանի քույրը), Աշխեն Հովհաննիսյան 32 %(ինժեներ Հովհաննես Հովհաննիսյանի դուստրը) և Մանվել Սաղաթելյան 36 % (Տարոն Սահակյանի մտերիմը): «Լիդեր» ՓԲԸ-ի սեփականությունը համարվող ալմաստի գործարանի շենքն էլ դարձել է Հերմինե Մարտիրոսյանի սեփականությունը (Գևորգ Հարությունյանի կինը):

Քրեական գործ, տուժող և գործի կարճումը

Սամվել Հակոբյանը, հասկանալով, որ խաբվել է, 2017 թ.-ին դիմում է գլխավոր դատախազին և այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին: Հարուցվում է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից: Հետո գործը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտե, որտեղ քննիչ Շամս Ղազարյանի որոշմամբ Սամվել Հակոբյանը ճանաչվում է տուժող, իսկ Գևորգ Հարությունյանը՝ վկա: Կարճ ժամանակ անց, նույն քննիչի մեկ այլ որոշմամբ գործը կարճվում է: Հակոբյանը երկու տարի է՝ պայքարում է դատարաններում, որպեսզի վերացվի քրեական գործը կարճելու մասին որոշումը: Գործը հիմա քննվում է Երևան քաղաքի դատարանի Նոր Նորքի նստավայրում: «Բայց քննիչ Շամս Ղազարյանը գործը կարճելուց անմիջապես հետո Գևորգ Հարությունյանին է վերադարձնում նրա և «գործընկերոջ»՝ Սոնա Հարությունյանի կողմից կեղծված, խաբեությամբ կորզված, քննիչի կողմից առգրավված և քրեական գործին կցված փաստաթղթերը, որոնք քրեական գործում ապացույցներ են: Գևորգ Հարությունյանը քննիչից ստացած փաստաթղթերի կազմում ստանում է նաև Վալերիա Տիխամիրովայից խաբեությամբ կորզված փոխառության պայմանագիրը, որը Տիխամիրովան ստորագրել էր իմ խնդրանքով: Առանց հապաղելու՝ Գևորգ Հարությունյանն այն ներկայացրել է ՌԴ Կրասնոդարի մարզի Տուապսե քաղաքի (ուր մոտ 10 տարի ապրում է Տիխամիրովան) դատարան և այժմ խեղճ, թոշակառու կնոջից պահանջում է 30 հազար ԱՄՆ դոլար՝ սպառնալով դուրս գցել նաև իր տնից, և դա այն դեպքում, երբ արդեն նույնպես խաբեությամբ, իր քրոջ՝ Սոնա Հարությունյանի անունով էր գրանցել «Լիդեր» ՓԲԸ-ի Վ. Տիխամիրովային պատկանող 32 % բաժնետոմսերը»,- նշում է Սամվել Հակոբյանը:

2017 թ.-ից «Լիդեր» ՓԲԸ-ի բաժնետեր Սոնա Հարությունյանը դատական կարգով փորձում է ընկերությունը սնանկ ճանաչել: Այժմ սնանկության գործը դատարանում է: Մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար փորձեցինք զրուցել փաստաբան Գևորգ Հարությունյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Հարությունյանի հետ փորձեցինք կապ հաստատել իր էլ. փոստի միջոցով, սակայն փաստաբանն այդպես էլ չարձագանքեց պարզաբանումներ տրամադրելու մեր առաջարկին:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter