HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Երևանում սպանվել է «օրենքով գող» Մասիվցի Անդիկը. մանրամասներ նրա կենսագրությունից

Այսօր  քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ հուլիսի 2-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել է Անդրանիկ Հ.-ն: Պարզվել է, որ սպանվածը «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանն է, որը քրեական աշխարհում հայտնի է «Անդո Խրոմոյ» և «Մասիվցի Անդիկ» մականուններով:

Ըստ primecrime.ru կայքի տվյալների՝ Անդրանիկ Հարությունյանը ծնվել է 1973 թվականի փետրվարի 20-ին: «Օրենքով գող» է թագադրվել 1996 թվականին: 2009 թվականի հունիսի 30-ին Մոսկվայի Կունցևոյի շրջանի դատարանը Անդրանիկ Հարությունյանին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրանյութերի և հոգեմետ նյութերի շրջանառության կանոնների խախտում) նախատեսված հանցագործություն կատարելու համար և դատապարտել 3 տարի 3 ամիս ազատազրկման: 2012 թվականի հունիսի 10-ին պատժի ժամկետի լրանալուց հետո ազատ է արձակվել:

2016 թվականի փետրվարի 24-ին ձերբակալվել է Մոսկվայի Վարշավյան մայրուղում Ռուսաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8 հոդվածի՝ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կամ Ռուսաստանի Դաշնությունում բնակության ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով:

Հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին, Մոսկվայի Չերտանովոյի շրջանի դատարանը Անդրանիկ Հարությունյանին արտաքսելու որոշում է կայացրել: Նույն թվականի մարտի 22-ին նա արտաքսվել է Հայաստան:

2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի շարք «օրենքով գողերի» բնակարաններում, որոնց թվում է եղել նաև «Մասիվցի Անդիկ» մականվամբ հայտնի Անդրանիկ Հարությունյանը: Ըստ տարածված հաղորդագրության՝ «օրենքով գողերը» բերման էին ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ:

2018թ. հունիսի 22-ին էլ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «NEXIUM» գրառումով պլաստմասե տարա, որի մեջ եղել է 9 հատ հաբ՝ դաջված «M» տառով, իսկ հյուրասենյակից՝ սպիտակ գույնի բյուրեղանման փոշիացված զանգված:

Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փոշեբյուրեղանման զանգվածը հանդիսանում է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց՝ 0,24 գրամ քաշով, 9 հատ դեղահաբերում ևս հայտնաբերվել է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որում «Մեթադոնի» ընդհանուր քաշը կազմում է 0,09 գրամ: Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել էր թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով:

2019թ. հուլիսի 2-ին կատարված սպանությունից հետո Անդրանիկ Հարությունյանի դիակի զննության արդյունքում պարզվել է, որ դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք: Համացանցում տարածվել է Անդրանիկ Հարությունյանի վրա կրակոցներ արձակելու տեսանյութը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter