HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով դատարանում ցուցմունք տվեց նրա դեմ ԱԱԾ-ում հաղորդում տված անձը

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց վկա Բենիկ Հարությունյանն, ով ԱԱԾ-ում դատավորի դեմ հաղորդում է տվել: Հարությունյանը «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի հիմնադիրներից է, ընկերության 26 % բաժնետոմսի սեփականատերը: Գործի նախաքննության ընթացքում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, սակայն ավարտին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, դատավորի կաշառքի գործով արտագնա դատական նիստ է անցկացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:

Վկա Բենիկ Հարությունյանն այսօր ցուցմունք տալիս ասաց, որ ամբաստանյալներից որևէ մեկի հետ թշնամական հարաբերություն չունի:

«Ստում է»,- տեղից արձագանքեց դատավոր Հեբոյանը, և դատավորը նրա նկատմամբ «նկատողություն» սանկցիա կիրառեց առանց թույլտվության խոսելու համար: Բենիկ Հարությունյանը պարզաբանեց, որ եթե թշնամական հարաբերություններ ունենար դատավորի հետ կամ կարծեր, որ դատավորն իր հանդեպ թշնամաբար է տրամադրված, ապա ինքնաբացարկի միջնորդություն կներկայացներ նրան, երբ քննում էր իր մասակցությամբ քաղաքացիական գործը:

Հարությունյանը պատմեց, որ Գագիկ Հեբոյանի վարույթում քննվող քաղաքացիական գործի շրջանակներում (գործն առնչվել է «Լուսակերտի Հարություն թռնչաբուծական ֆաբրիկային»-հեղ.) հայցվոր է եղել, խնդրել է իրեն ազատել պետական տուրք վճարելու պարտականությունից: Ըստ Հարությունյանի` դատական նիստերից մեկի ընդմիջման ժամանակ ինքը մոտեցել է դատավոր Հեբոյանին, հայտնել իր ֆինանսական ծանր դրության, առողջական խնդիրների մասին ու խնդրել հնարավորության դեպքում օրենքի շրջանակներում իրեն ազատել պետական տուրք վճարելուց:

«Հեբոյանն ասաց` հեսա նայեմ «Պետական տուրքի մասին» օրենքը, և տեսնենք՝ ինչ հնարավորություն կա, նայեց օրենքը, ասաց միջնորդություն պատրաստի, որ հենց դատը սկսվի, ներկայացնես: Հետո ես այդ միջնորդությունը ներկայացրի դատարան, պարոն Հեբոյանն իրավունք չուներ դատաքննության փուլում նոր միջնորդություններ ընդուներ, բայց այդ միջնորդությունը ընդունեց»,- պատմեց Բենիկ Հարությունյանը:

2019-ի մարտի 6-ին Հարությունյանը գնացել է դատարան ու կարգադրիչներին ասել, որ ցանկանում է հանդիպել դատավոր Հեբոյանին, վերջինիս տեսնելով` ասել է, որ անհրաժեշտ փաստաթղթեր է բերել: Հեբոյանն էլ, ըստ Բենիկ Հարությունյանի, ասել է, որ դրանք թողնի գրասենյակում:

«Իսկ մնացածի համար, ասաց, հասկանալի է՞, թե ինչ պիտի անես, ասացի՝ չէ, հասկանալի չի, ասեց՝ դե, պետական տուրքը դառնում է 3,5 միլիոն դրամ, գոնե դրա կեսը, լավ 3500 ԱՄՆ դոլար պետք է ինձ փող տաս: Պարոն Հեբոյանին ասացի` դուք գիտեք, որ ես 2012 թվականից չեմ աշխատում, գիտեք, որ իմ ամբողջ գույքի, դրամական միջոցների վրա կալանք է դրված, նման հնարավորություն չունեմ, սուտ կլինի, որ խոստանամ հետո չկատարեմ: Դե լավ, ասաց, որպեսզի բան չանենք, ուրեմն պայմանավորվենք մինչև ամսի 18-ը աշխատի գոնե գումարի հարցը լուծես»,- ասաց Հարությունյանն ու պնդեց, որ ինքը դատավորին ոչինչ չի խոստացել: Ի պատասխան դատավարության կողմերի հարցերին՝ Հարությունյանն ասաց նաև, որ ինքը դատավորին կաշառքի առաջարկ չի արել, և դա տրամաբանական է, քանի որ գումար չի ունեցել:

2019-ի մարտի 18-ին դատարանը պետք է հրապարակեր Հարությունյանի հայցի վերաբերյալ վճիռ: Վերջինս, ըստ իր ցուցմունքի, վճռի հրապարակումից 10 րոպե առաջ գնացել է Եղվարդի դատարան:

«Որոշ ժամանակ սպասելուց հետո կարգադրիչներին հարցրի` պարոն Հեբոյանը դատավճիռը չի՞ ընթերցելու, ասացին, որ տեղյակ չեն: Կապ հաստատեցի Հեբոյանի հետ, պարոն Հեբոյանը իջավ ներքև, ասեց՝ չեմ հասցրել հրապարակել, բա էն հարցը ի՞նչ եղավ, ասացի, որ գումար չեմ կարող վճարել, ասաց՝ դե լավ էդ դեպքում, եթե գումարը հիմա չես բերել, իմ հետ էլ առնչություն չունենաս, կբերես փաստաբանական գրասենյակ, կտաս Վահագնին։ Ես հասկացա, որ եթե գումարի հարցը չլուծեմ, ապա իմ մյուս գործերով ևս խնդիրներ կունենամ»,– պատմեց Հարությունյանը: Նշենք, որ Հարությունյանը մի քանի այլ դատական գործընթացներում է ներգրավված, որոնք, սակայն Գագիկ Հեբոյանի վարույթում չեն եղել:

Ըստ Հարությունյանի՝ վերը նկարագրված իրադարձություններից հետո մարտի 20-ին դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հայտնելով, որ գտնվում է անելանելի վիճակում, ԱԱԾ-ն իրեն մշակված գումար է տրամադրել՝ 2500 ԱՄՆ դոլար, ինքը Եղվարդի դատարանում հանդիպել է փաստաբան Վահագն Դանիելյանին ու նրա հորդորով գումարը ներս է գցել փաստաբանի՝ դատարանի դիմաց կայանած մեքենայի բաց պատուհանից:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ դատավորի հետ կաշառքի չափը սակարկելուց հետո պահանջված գումարի չափը նվազել ու հասել է 2500 ԱՄՆ դոլարի:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Հեբոյանի  պաշտպանները Բենիկ Հարությունյանին հարց ուղղեցին, թե ի՞նչ բովանդակությամբ հաղորդում է նա ներկայացրել ԱԱԾ-ում, սակայն Հարությունյանն ասաց, թե չի հիշում: Պաշտպաններն այս հարցը պատահական չէին հնչեցնում: Բանն այն է, որ ԱԱԾ-ում ներկայացված հաղորդման մեջ, բացի այսօր դատարանում քննության առարկա դարձած ենթադրյալ կաշառքի դրվագից, Հարությունյանը խոսել է նաև Գագիկ Հեբոյանի կողմից կաշառք ստանալու երկու այլ դրվագների մասին: Մեզ հետ զրույցում Հեբոյանի պաշտպաններից Արմեն Նադիրյանն ասաց, որ հաղորդման մեջ Բենիկ Հարությունյանն ասել է, որ 2013 թվականին Հեբոյանն իրենից 4000 դոլար կաշառք է պահանջել, ինքը տվել է, բայց իր օգտին վճիռ կայացնել չի ստացվել, ու մոտ 6-7 ամիս անց այդ 4000 դոլարը դատավորը վերադարձրել է: Հարությունյանը հայտնել է նաև, որ 2017 թվականին ևս փաստաբան Վահագն Դանիելյանի միջոցով պետք է Հեբոյանին գումար տար, սակայն չափի շուրջ համաձայնության չեն եկել:

Նշենք, որ այս պահին Հատուկ քննչական ծառայությունում ենթադրյալ կաշառքի վերը նշված երկու դրվագներով քննությունը շարունակվում է:

Արմեն Նադիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հեբոյանի պաշտպանական կողմը բողոքարկել է և՛ գործից մաս անջատելու, և՛ Բենիկ Հարությունյանի նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՔԾ-ի որոշումները: Ըստ Նադիրյանի՝ վերը նշված դրվագները պետք է մեկ վարույթում քննվեին, իսկ դրանց տարանջատմամբ խախտվել են Գագիկ Հեբոյանի իրավունքներն ու օրինական շահերը:

Նշենք, որ այս պահին բողոքների քննությունը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին, երեկ դատական նիստ է տեղի ունեցել, որը հետաձգվել է:

Բենիկ Հարությունյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան: Դատարանը, թեև դրանք արձանագրեց, բայց նախաքննական ցուցմունքներն այսօր չհրապարակվեցին: Հաջորդ՝ հուլիսի 10-ի նիստին կհրապարակվեն այդ ցուցմունքներն ու կշարունակվի Հարությունյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին Փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter