HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Արևի արվեստ». եղեգնաձորցի քույրերը Վայոց ձորում զարգացնում են ձեռագործության բիզնեսը

Աննա և Ազատուհի Ստեփանյանները մոտ երկու տարի է` Եղեգնաձորում բացել են խանութ-արվեստանոց, որտեղ ներկայացնում են  իրենց և տարածաշրջանի ձեռագործության վարպետների աշխատանքները: Քույրերն իրենց արվեստանոցում վարպետության դասեր են անցկացնում, հետաքրքրվողներին սովորեցնում կավագործություն (պոլիմերային կավ) և բատիկա` նկարչություն կտորի վրա:

Աննան մասնագիտացած է բատիկայի մեջ: Պատրաստում է մետաքսե շարֆեր, նաև զարդեր` պոլիմերային կավից: Բատիկայով զբաղվում է 7 տարի, հետաքրքրությունն առաջացել է Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում սովորելու ընթացքում:

Ազատուհին մասնագիտությամբ տնտեսագետ է, հասարակական տարբեր կազմակերություններում աշխատելուց հետո որոշել է վերադառնալ հայրենի մարզ, իրականացնել ուսանողական տարիների երազանքը` քրոջ հետ սեփական բիզնես հիմնել: Բրենդը և խանութն անվանել են «Արևի արվեստ» կամ «Sunny art», քանի որ Աննային քույրը հաճախ է արև անվանել` նրան նմանեցնելով արևի: Արևի պատկերը ներկայացվող ապրանքատեսակի անբաժանելի մասն է։

Շարֆերի վրա արված նախշերի մի մասը վերցված է հայկական մանրանկարչությունից: «Թեմաները տարբեր են լինում` կախված այդ պահին իմ ստեղծագործական տրամադրությունից», - ասում է Աննան:

Աննային օգնում է քույրը: Քույրերը նկարում են հենց խանութում, և այցելուները կարող են հետևել գործընթացին: 

Սեփական արտադրանքից բացի «Sunny art»-ում ներկայացվում են տեղացի ձեռագործության վարպետների աշխատանքներ: «Իսկապես, շատ վարպետներ կան Հայաստանում և հատկապես վերջին տարիներին ավելի են շատացել: Դա, իհարկե, ինձ ուրախացնում է, քանի որ առաջանում է մրցակցություն, ինչն ինքնակրթության գրավականն է»,- պատմում է Աննան:

Խանութը նախ բացել են Ջերմուկում, հետո տեղափոխել են Եղեգանձոր, քանի որ այնտեղ տուրիստական սեզոնը կարճ է տևում:

«Եթե դու ցանակություն ունես մի բան անելու, ստացվելու է, կապ չունի` Եղեգնաձորում ես, թե Նյու Յորքում, մարզերում մենք հիմա շատ լավ բաներ ունենք, ես չեմ ուզում Վայոց ձորը միայն պատկերվի Նորավանքով կամ տաք ջրերով, ես ուզում եմ բացահայտենք ու ցույց տանք մեր մարզի լավ կողմերը»,- ասում է Ազատուհին: Աննան լրացնում է. «Կար ժամանակ, երբ հաճախ Էի մտածում Երևան տեղափոխվելու մասին: Բայց հիմա վստահ եմ, որ հենց այստեղ պետք է ապրեմ և ստեղծագործեմ: Մեր տարածաշրջանը յուրահատուկ ուժ ունի ստիպելու ստեղծագործել և քայլել առաջ, ինչը շատ կարևոր է ինձ համար»:

Լուսանկարները՝ «Sunny art»-ի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանություններ (1)

Մարիամ
Շնորհավորում եմ ձեր։ այո ձեր մոտիվացիան այնքան գեղեցիկ է որ վարքում եք մեզ։Ես կրկին շնորհավորում եմ ձեր բարի գործերի ու մոտիվացնող մտքերի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter