HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նարեկ Բաբայան. «Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը նվիրելու հարցում իրավական խնդիր չկա»

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դեռևս պատկանում է Ավետիսյանների ընտանիքին, բայց շրջանառվում է կառավարության որոշման նախագիծը, որով գույքը պետք է ընդունվի որպես նվեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ նշելով, որ գույքը պետությանը նվիրելու հարցում իրավական խնդիր չկա:

Հյուրանոցն այս պահին չի գործում: Բաբայանի պարզաբանմամբ` քանի որ դրա սեփականատերը Ավետիսյաններն են, նրանք են որոշել՝ ինչպես վարվել դրա հետ:

Հիշեցնենք, որ հյուրանոցը պատկանում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Այն բանից հետո, երբ ԱԱԾ-ում փողերի լվացման հոդվածով  քրեական գործ էր հարուցվել հյուրանոցի կառուցման ֆինանսավորման օրինականությունը ստուգելու  համար, Ավետիսյանները դիմել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հյուրանոցը պետությանը նվիրելու պատրաստակամություն հայտնելով, բայց իրավապահ մարմինները նվիրատվության վերաբերյալ դիրքորոշում չէին հայտնել:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ ասել է, որ հյուրանոցը գրանցվել է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցվի դրա իրական սեփականատիրոջ անունը: Իսկ հյուրանոցի սեփականատերերն, ըստ Վանեցյանի, Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանն ու վերջինիս մայրն են:

Հիշեցնենք, որ քրեական գործ հարուցելու մասին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը՝ հանրությանը այդ կերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն, անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը: ԱԱԾ-ն հատկանշական է համարել այն հանգամանքը, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն: Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը՝ նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Հետագայում, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ՝ «Գոլդեն փելիս բուտիկ» հյուրանոցը»: Վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքն, ըստ ԱԱԾ-ի, 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը պետությանը նվիրաբերելուն, դրա վերաբերյալ դեռևս նոր զարգացումներ չկան: Բաբայանը հայտնեց, որ հարցը իրավապահների տիրույթում է, և նրանք պետք է գնահատական տան:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter