HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ․ hայտարարություն ոստիկանության անօրինական գործողության կապակցությամբ

Երեկ՝  հուլիսի 6-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտ ՀԲՃ կամավորներն ու բնապահպանները դրամահավաք էին կազմակերպել՝ ի աջակցություն Ամուլսարի պահապաններին։

Որոշ ժամանակ անց, երբ դրամահավաքը արդեն մոտենում էր ավարտին, կազմակերպիչներին մոտեցել են ոստիկաններ և պահանջել են դադարեցնել դրամահավաքը՝ նշելով, որ դրա համար բնապահպանները չունեն համապատասխան թույլտվություն։ Բնապահպաններից մեկին՝  Աննա Շահնազարյանին բերման են ենթարկել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Բերման ենթարկելուց գրեթե երեք ժամ անց Աննային ազատ են արձակել։ 

Այսօր Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ․

2019 թ․ հուլիսի 6-ին, ժամը 18։00-21։00 Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան իրավապաշտպան Աննա Շահնազարյանը համաձայն սոցիալական ցանցերում նախապես հայտարարվածի՝ Երևան քաղաքում աջակիցների հետ միասին դրամահավաք էր իրականացնում Ամուլսարի պաշտպանության համար։

Ժամը 20։50-ի սահմաններում նրան են մոտենում ոստիկաններ և պահանջում ներկայացնել դրամահավաք իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանից, ինչպես նաև պայմանագիր քաղաքապետարանի հետ և քաղաքապետարանի կողմից դրամահավաքի արկղի դրոշմակնքում։ Ոստիկանները հրաժարվում են ներկայացնել, թե նման պահանջներ ներկայացնելու համար իրենք ինչ օրինական հիմքեր ունեն։

Այնուհետև նրանք ոստիկանության մեքենայով Աննա Շահնազարյանին հարկադրաբար տեղափոխում են ոստիկանության Կենտրոն բաժին, որտեղ տեղեկացնում են, թե նյութեր են նախապատրաստում խարդախության կասկածանքով։ Աննա Շահնազարյանին ժամը 23։00-ի սահմաններում բաց են թողնում, տեղեկացնելով, թե ընթանում է խարդախության կասկածանքով հետաքննություն։

Հայկական բնապահպանական ճակատը ոստիկանության գործողությունները հայտարարում է ապօրինի և հետամուտ է լինելու, որպեսզի բնապահպանների՝ օրենքով չարգելված գործունեության նկատմամբ այս կոպիտ միջամտությունը պատժվի։ Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մենք գրանցված կազմակերպություն չենք, որպես քաղաքացիական նախաձեռնություն իրավունք ունենք իրականացնել օրենքով չարգելված գործունեություն, մեր ողջ գործունեությունը հրապարակային է և թափանցիկ, մենք բնապահպանական միջոցառումներ և իրավունքի պաշտպանություն իրականացնում ենք որպես կամավորներ, իսկ դրամահավաք իրականացնում ենք Ամուլսարի պաշտպաններին փոխանցելու նպատակով։

Նման դրամահավաքներ մենք և այլ նախաձեռնություններ իրականացրել ենք նաև նախկինում, փոխանցել Ամուլսարի պաշտպաններին, իրենք էլ սոցիալական հարթակներում և հանրային միջոցառումների ժամանակ հրապարակային հաստատել են, որ ստացել են այդ գումարները։ Օրենքի որևէ կետով քաղաքացիական նախաձեռնություններին արգելված չէ իրականացնել հասարակական գործունեություն և հանգանակություն հավաքել նման գործունեության համար։ Ամուլսարի պաշտպանության հետ կապված մեր գործողությունները և դրամահավաքը շարունակելու ենք հուլիսի 8-ից։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter