HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Ժ․ Ժիլբերտու․ բոսա նովայի անզուգական ձայնը

Աշխարհը նրան ճանաչում է առավելապես «Աղջիկն Իպանեմայից»՝ «Garota de Ipanema» երգով, թեև մինչ այդ՝ նա իր հայրենիքում՝ Բրազիլիայում, արդեն հայտնի ու սիրված արտիստ էր։ 1964թ «Garota de Ipanema»-ի ամերիկյան՝ «The Girl from Ipanema» երկլեզու ձայնագրությունը (Աստրուդ Ժիլբերտուի հետ դուետով), համաշխարհային հիթ դարձավ՝ մեկընդմիշտ հաստատելով երգի հարատևությունը անծայրածիր ժամանակի մեջ։ Իսկ Ժուաուն Ժիլբերտուի (Ժուան João Gilberto) անունը այդուհետ խորհրդանշորեն հիշեցնելու էր մարդկանց այս երգի, չափազանց յուրահատուկ իր երկրի և նոր երաժշտության մասին։  

Նրա, կոմպոզիտոր Թոմ Ժոբիմի և ամերիկացի սաքսոֆոնահար Սթան Գեցի համատեղ ալբոմը՝ «Getz/Gilberto»-ն, որպես տարվա լավագույն ձայնագություն, ջազային լավագույն գործիքավորում՝ «Գրեմմի»-ի մրցանակների արժանացավ։ Այն համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ջազ ալբոմներից մեկը, որը, սակայն, սկիզբ դրեց նաև բոսա նովայի համաշխարհային ճանաչմանը։

Սակայն Ժ Ժիլբերտուի անունն ու փառքը այլ խորհրդանիշեր ունի հայրենի երկրում։ Նա առաջին հերթին մարդկանց հոգու հետ զրուցող բոսա նովայի`նոր ալիքի հիմնադիրն է։ 

50-ականների վերջին թողարկված նրա «Chega de Saudade»-ն բրազիլական երաժշտության մեջ բոլորովին նոր ուղի բացեց։ Նրա կատարումների ուղեկցությամբ ապրած մի ողջ սերունդ այսօր նրան Բրազիլիայում առաջին հերթին հիշում է հենց այս կատարմամբ։ 

«Նրա երաժշտական ժառանգությունն անգնահատելի է, - գրում է բրազիլական «Epoca» ամսագիրը «Chega de Saudade»-ով նա երաժշտական նոր ալիքի՝ բոսա նովայի հիմքը դրեց և ճանապարհ բացեց նոր սերնդի՝ Կաետանու Վիլոսուի, Ժիլբերտու Ժիլի, Չիկու Բուարկիի, Պուլինիու դա Վիոլայի և «Օս Նովուս Բայանուս» խմբի համար։

Հանգիստ, խաղաղ, ասես միայն քեզ հետ ու քեզ համար պատմող նրա ձայնը՝ կիթառի մեղմ նվագակցությամբ, աշնան արևի ջերմություն ունի։ Այն երբեմն գիշերային լռությունը խախտող մեղմ զեփյուռ է, մերթ՝ մայրամուտի խաղաղությամբ իջնող հանգստություն։ 

«Այն բրազիլացի յուրաքանչյուր երիտասարդ երաժշտի կյանքն ամբողջությամբ փոխեց,- ասել է կիթառահար Օսկար Կաստրո-Նեվիսը «Los Angeles Times»-ին (2003թ․),- Հենց լսեցինք, թե նա ինչի է վերածում կիթառն ու իր ձայնը, բոլորս ստիպված էինք պարզել, թե այդ ինչպես է անում»։

«Washington Post»-ն իր անդրադարձերից մեկում Ժ Ժիլբերտուի ձայնը նկարագրում է որպես 20-րդ դարի ամենաինտիմ հնչյուններից մեկը «ավելի մեղեդային, քան՝ հոգոցը, ավելի ռիթմիկ, քան շաղակրատանքը՝ շատ քիչ, հազիվ։ Նրա շրթունքներին հայտնված յուրաքանչյուր վանկ կամ բառ օդի թեթևություն ունի, մինչդեռ Ժիլբերտուն խիստ ու համառ աշխատանքով է հաստատել այս հոգևոր տարածքը, ուր մարդկային շնչառությունը նույնիսկ վերածվում է երաժշտության»։ 

 Բոսա նովայի ճարտարապետ համարվող Անտոնիո Կառլոս (Թոմ) Ժոբիմը մի առիթով Ժ Ժիլբերտուի կատարման առանձնահատուկ շնորհը բացատրում է նրա բերանի և մատների ծայրերի միջև ստեղծվող լարվածությամբ։ « Նա մի ձևով ձգում էր կիթառի լարը և բոլորովին այլ կերպ երգում ։ Դրանից ստեղծվեց  երրորդը՝ ամենահիմնականը»։

Ժ Ժիլբերտուն կատարում էր ոչ միայն իր սեփական, այլև բրազիլական հին, ավանդական երգեր, և, հատկապես, Թոմ Ժոբիմի ստեղծագործությունները։ Այս անունը, հարկ է նշել, որ նրա կարիերայում շատ կարևոր ու առաջնորդող տեղ է զբաղեցրել։ Բայց այս կապը նաև փոխադարձ էր։ 

Բրազիլիայի երգիչը, բոսա նովայի անզուգական ձայնը, երաժիշտ, կոմպոզիտոր Ժ․ Ժիլբերտուն, ում շնորհիվ նուրբ, խաղաղ ու փխրուն այս ժանրը համաշխարհային ճանաչման հասավ 60-ականներից, մահացել է այս հուլիսի 6-ին՝ Ռիո Դե Ժանեյրոյի իր տանը, 88 տարեկան հասակում։ Նա ծնունդով Բահիայից էր (նահանգ Բրազիլիայում), սակայն ստեղծագործական կյանքի մեծ մասն ապրեց խենթ, բոհեմական ու վտանգավոր աղմուկներով լի Ռիոյում։ Կյանքի վերջին մի քանի տարիները երաժիշտն ապրում էր փակ, մեկուսացած կյանքով, հանրության տեսադաշտից հեռու, թեպետ ժամանակակիցներն ասում էին, որ նա միշտ էլ փառքի աղմուկի հետ հաշտ ու խաղաղ չի եղել։

«Երգելիս, ես միայն մի մաքուր ու բաց տարածության մասին եմ մտածում և պատրաստվում եմ հնչյուններ ստեղծել հենց այնտեղ,- ասել է Ժ․ Ժիլբերտուն «New York Times»-ին տված 1968թ․ հարցազրույցում,- այնպես, ինչպես պիտի գրեմ մաքուր, սպիտակ թղթի վրա։ Ինձ չափազանց խաղաղություն է պետք՝ փոխանցելու ձայնը, որի մասին այդ պահին մտածում եմ։ Եթե այդ տարածության մեջ ուրիշ ձայներ էլ թափանցեն, իմ զգացած հնչյունները երբեք նույնը չեն կարողանա արտահայտել»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter