HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կոլորադոյից` Նոյեմբերյան. ԱՄՆ-ի հայ դպրոցականները կապեր են հաստատում Հայաստանի սահմանամերձ դպրոցների հետ

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի հայկական դպրոցը, Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցների հետ բարեկամության եւ փոխօգնության ծրագիր է նախաձեռնել:

Հուլիսի 7-ին այդ դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ծնողներ այցելեցին Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան և Ոսկեվան գյուղերի դպրոցներ, հանդիպեցին դպրոցների աշակերտներին եւ ուսուցչական կազմին, ծանոթացան նրանց առօրյային, խնդիրներին, ինչպես նաեւ փոխանցեցին իրենց բերած նվերները` դպրոցական պարագաներ:  

Կոլորադոյի հայկական կազմակերպությունը (տնօրեն՝ Սոնա Խտըշեան) 2017թ.-ին նահանգում առաջին շաբաթօրյա հայկական դպրոցն է հիմնել, այնտեղ ԱՄՆ-ում ծնված և ապրող հայ երեխաները սովորում են հայոց լեզու, հայոց պատմություն, ուսումնասիրում հայկական մշակույթ եւ գրականություն

Կոլորադոյի հայկական դպրոցի տնօրեն Ռուզաննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցը բացելուց հետո որոշել են հայկական դպրոցներին ինչ-որ ձևով աջակցել, և այս տարի մի քանի աշակերտի ուղարկել են սահմանամերձ դպրոցներ, որպեսզի կապ հաստատեն իրենց հասակակից հայաստանաբնակ դպրոցականների հետ, ծանոթանան նրանց առօրյային. «Ուզում էի մեր երեխաները հասկանան, թե ինչպես է ապրում սահմանին ապրող իր տարեկիցը, որ տեսնեն` ինչպես է մի փոքր բանն էլ դժվարությամբ նրանց տրվում, որ կրակոցների տակ գնում են դպրոց»: Ռուզաննայի խոսքով` իրենք նպատակ ունեն այս ծրագիրը շարունակական դարձնել:

Այցելության առաջին կանգառը Բարեկամավանի միջնակարգ դպրոցն էր, որտեղ սովորում է 16 աշակերտ: Տարրական դասարանների միակ աշակերտը երկրորդ դասարանցի Արենն է, նա այս տարի էլ կմնա միակը` սեպտեմբերին դպրոցը չունի առաջին դասարանցի։ Երկրորդ կանգառը Ոսկեվանում էր:

Կոլորադոյից ժամանած Աշոտ Մադոյանն ասաց, որ հետաքրքիր է շփվել գյուղի իր հասակակիցների հետ, տեսնել, թե ինչպես են նրանք, չնայած դժվարություններին, կարողանում իրականացնել իրենց նպատակները: Բարեկամավանի դպրոցի արդեն շրջանավարտ Գագիկին, որն ընդունվել Է Իջեւանի Եվրոպական համալսարան եւ ծրագրավորող է դառնալու, Կոլորադոյի հայկական դպրոցի աշակերտները մտադիր են զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո համակարգիչ նվիրել:

Մեկնաբանություններ (1)

Ռուզաննա
Շնորհակալ եմ Ձեզ մեր նախաձեռնությանը աջակցելու համար։Հուսով եմ այն շարունակական կլինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter