HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը հարցեր ուղղեց իր դեմ ցուցմունք տված Արման Մկրտումյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, այսօր շարունակվեց «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում ցուցմունք տվեց Բեգլարյանի դեմ հաղորդում ներկայացրած Արման Մկրտումյանը: Վերջինս «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրենն է, գործով տուժողի կարգավիճակ ունի:

Արման Մկրտումյանի հարցաքննությունը սկսվել է նախորդ նիստին: Տուժողի պնդմամբ`«Ֆլեշ Մոտորս» ընկերության «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի ցուցումով և նրա ներկայությամբ` ընկերության կոնֆերենս սրահում: Ըստ տուժողի` Հրայր Հովսեփյանը հարվածել է իր ուսերին, գցել գետնին:

Մկրտումյանի խոսքով` 2015 թվականին ընկերությունում բացահայտվել է առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության դեպք, որի կատարման մեջ ընկերության սեփականատերը մեղադրել է իրեն: Ըստ տուժողի` իր նկատմամբ կիրառված բռնությունների արդյունքում ստիպված է եղել գրավադրել բնակարանը՝ փոխհատուցելու համար այն վնասը, որն իրականում ինքը չի պատճառել ընկերությանը:

Նշենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Մկրտումյանը պատմել է, որ ինքը բնակարանը գրավադրել է «Արարատ» բանկում և դրանցից հետո, փաստացի, գումար չի ստացել:

«Այդ գումարը ես չեմ ստացել, քանի որ Բարսեղյանն, այսպես ասած, «Արարատ» բանկի տերն է, հետևաբար այդ գումարը անուղղակի ձևով փոխանցվել է նրան»,- ասել է Մկրտումյանը:

Վերջինիս վերաբերյալ Բարսեղ Բեգլարյանը ժամանակին հաղորդում է ներկայացրել` կապված «Ֆլեշ Մոտորսի» գույքի հափշտակության հետ, ամիսներ շարունակ գործը քննչական կոմիտեում քննվել է, սակայն Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ հետագայում յուրացման համար մեղադրանք է առաջադրվել ընկերության երկու աշխատակցի:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Մկրտումյանին մի քանի հարց ուղղեց Բարսեղ Բեգլարյանը: Վերջինս հարցրեց, թե ո՞վ է ժամանակին Արման Մկրտումյանին ընդունել աշխատանքի, ինչին ի պատասխան՝ վերջինս նշեց, թե իրեն աշխատանքի ընդունել է «Ֆլեշ Մոտորս» ընկերության տնօրեն Մամիկոն Հովհաննիսյանը:

Ի պատասխան՝ Բարսեղ Բեգլարյանը վրդովված պատասխանեց՝ «Սուրեն Մխիթարյանը չի՞ ընդունել»։ Տուժողը պատասխանեց՝ ոչ։ Նշենք, որ Սուրեն Մխիթարյանը եղել է «Ֆլեշ Մոտորսի» տնօրենն այն ժամանակ, երբ բացահայտվել են չարաշահումները:

Բարսեղ Բեգլարյանը հետաքրքրվեց նաև, թե արդյոք ինքը մինչև ընկերությունում չարաշահումների բացահայտումը երբևէ եղել է «Ֆլեշ Մոտորսում», արդյոք Մկրտումյանն իր հետ ծանոթ եղե՞լ է, ինչին ի պատասխան տուժողը պատասխանեց, որ ծանոթ են եղել, իրեն Բարսեղ Բեգլարյանի հետ ծանոթացրել է Սուրեն Մխիթարյանը` Բեգլարյանի աշխատասենյակում:

«Բացարձակ սուտ է»,- հայտարարեց Բարսեղ Բեգլարյանը: Դրանից հետո նա այլևս հարցեր չուղղեց Մկրտումյանին:

Տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ չկային, ուստի նախաքննական ցուցմունքները չհրապարակվեցին, և նրա հարցաքննությունն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter