
Դատարանը Մանվել Գրիգորյանի բացակայությամբ քննեց նրան անհապաղ կալանքից ազատելու միջնորդությունը
Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին այսօր պաշտպան Լևոն Բաղդասարյանը Գրիգորյանին կալանքից անհապաղ ազատելու միջնորդություն ներկայացրեց:
Բաղդասարյանը նշեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, այնպիսին է, որ չի կարող ներկա գտնվել դատական նիստերին:
Հղում կատարելով Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ բժշկական մի շարք փաստաթղթերի` պաշտպանը նշեց, որ Գրիգորյանը բուժում ստանալու համար կամ պետք է արտերկիր տեղափոխվի կամ ազատ արձակվի կալանքից: Ըստ պաշտպանի՝ կա Հայաստանում չգրանցված դեղամիջոց, որը ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է ստանալ, իսկ բժշկական կենտրոնում դա նրան չեն նշանակի:
Միջնորդության դեմ մեղադրող կողմն առարկեց: Դիրքորոշում հայտնելիս մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը հարցրեց, թե Հայաստանում չգրանցված դեղամիջոցն ինչպե՞ս պետք է Հայաստան տեղափոխվի, մաքսանենգ ճանապարհո՞վ:
Դոլմազյանը նկատեց, որ փաստաթղթերը, որոնց հղում է անում պաշտպանական կողմը, քննության առարկա են դարձել նախորդ՝ հուլիսի 2-ի դատական նիստի ընթացքում, երբ քննվում էր Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը:
Նշենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա նիստին պաշտպանները դատարանին առաջարկում են մինչև 10 մլն դրամ գրավ՝ Գրիգորյանի ազատության համար:
Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ
Մեկնաբանել