HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

16-ամյա «Ոսկե ծիրան»-ի  մշտական հյուրը․ զրույց արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանի հետ

Այնպես է ստացվել, որ տարիներ շարունակ հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում՝ մինչ կմեկնարկի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, հանդիպում եմ Ջեքին։ Սուբյեկտիվ է, իհարկե, բայց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկի լուրը շոշափելի է դառնում, երբ մայրաքաղաքում հայտնվում են փառատոնն ազդարարող պաստառները, եւ, երբ Հայաստան է ժամանում արգենտինահայ կինոգործիչ, լրագրող, «Ոսկե ծիրան» փառատոնի հանձնախմբի պատվավոր անդամ Ջեք Պողոսյանը։ 

Ջեքի հետ ծանոթացել եմ 2012-ին՝ փառատոնի բազմամարդ երեկոներից մեկի ժամանակ, ներկայացնողը՝ կինոռեժիսոր Արման Երիցյանն էր։ Այն ժամանակ Ջեքն ընդգրկված էր ժյուրիի կազմում, հայերեն չէր խոսում, պատմում էր, որ առաջին այցը 2001-ին էր, երբ դիտեց Էգոյանի «Արարատ» ֆիլմը ու որոշեց գալ Հայաստան, որի մասին նախնական պատկերացումները, մեղմ ասած, լրիվ ուրիշ էին։ 

2012-ին, ինչպես դրան հաջորդող բոլոր տարիներին, Ջեքը չի բավարարվում փառատոնային բուն օրերովայսպես ասած՝ չի եղել «Ոսկե ծիրան», որի հյուրը չլինի Ջեքը․․․ Այս տարիների ընթացքում ավելի քան 30 անգամ այցելել է Հայաստանընկերների շրջանակը մեծացել է, համագործակցություններն՝ ընդլայնվել, լատինական ժամանակակից կինոն այստեղ, իսկ հայկական կինոն այնտեղ՝ օվկիանոսից այն կողմ ներկայացնելու ծրագրերը հստակեցվել են։ 

Այս տարի, ինչպես միշտ, Ջեքը Հայաստան ժամանեց մինչ փառատոնի մեկնարկը, հանդիպեցինք Բալկոնում, զրուցեցինք նոր ծրագրերի մասին։ Հուլիսի 3-ին Մալյան թատրոնում արդեն մեկնարկել էր ավանդույթ դարձած Ուրուգվայական ֆիլմերի ցուցադրությունը, որն իրականացվում է Ուրուգվայի Զբոսաշրջության, սպորտի, կրթության եւ մշակույթի նախարարության ու Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո։ 

Դեռ տարիներ առաջ Ջեքը Հայաստանի եւ Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջեւ միջմշակութային ծրագրերի փոխանակման առաջամարտիկներից մեկը եղավ՝ Երեւանում կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրությունը։ Առավել ոգեւորված եւ ուրախությամբ է խոսում հայկական կինոն մյուս ափ տեղափոխելու իր՝ տարիներ առաջ ունեցած մտահղացման մասին, որն իրականացնում է իր իսկ հիմնած «Սինեմատիկա Արմենիա» ընկերության միջոցով։ Հայկական կինոն Լատինական Ամերիկայում ցուցադրելու այս նախաձեռնության իրագործման համար Ջեքն անընդհատ հետեւում է տեղի կինոարտադրության զարգացումներին եւ վերջնարդյունքներին։

Տարիներ շարունակ որեւէ կերպ չի դադարել կապը արգենտինահայ կինոգործչի հետէլեկտրոնային մեր նամակները բազմաբովանդակ են՝ սկսած ֆիլմերի քննարկումներից, վերջացրած հայկական ուտեստների բաղադրատոմսերով, որոնք հավաքագրում է՝ գրքի վերածելու նպատակով։ 

Հաշվի առնելով, որ Ջեքի հետ ունեցած զրույցներից մեդիատեքստի է վերածվել ընդամենը երկուսը (2012-2013), որոշեցի այս անգամ եւս՝ 6 տարի անց ամբողջացնել արգենտինահայ կինոգործչի վերջին երկու տասնամյակների գործունեության եւ Հայաստանի հետ ունեցած կապի մասին մանրամասները։

Հինգ-վեց տարի առաջ լրագրողներից մեկը հարցրեց քեզ «Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Հայաստանը եւ Երեւանը»․․․ Քո պատասխանը հետեւալն էր «Ես ուզում եմ խաղաղ ընտրություններ։ Չեմ ուզում այլեւս լսել, որ իմ ընկերները միտք ունեն երկրից հեռանալու»։

Հետեւում ես իրադարձություններին, տեղյակ ես փոփոխություններից։ Հիմա, երբ այստեղ ես, զրուցում ես ընկերներիդ հետ, որոնց մեծ մասն արվեստագետներ, ռեժիսորներ, մշակութային գործիչներ են, ի՞նչ փոփոխություն ես նկատում։ Տրամադրությունն ու տրամադրվածությունն ավելի լավատեսակա՞ն է։ 

Թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն երկրորդ այցս է Հայաստան։ Անկախ տեղի ունեցած իրադարձություններից եւ զարգացումներից՝ ցանկությունը միշտ նույնն է՝ ուզում ես հայրենիքդ տեսնել հնարավորինս լավ վիճակում։ Ժամանակն անցնում է, կյանքն առաջ է գնում, տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ, որոնք ընդգծում են մեզ։

Ինչպես գիտես, «Արարատ» ֆիլմը ներկայացնելուց հետո էր, երբ որոշեցի գալ հայրենիքմի տեղ, որը բաց էի թողել իմ բազմաթիվ ճամփորդությունների ցանկից․․․ Այդպես հայելային պատկերները սկսվեցին։ «Ոսկե ծիրանը» դեռեւս չէր գործարկվել որպես փառատոն, երբ ես Բուենոս-Այրեսի փառատոնի ժամանակ հանդիպեցի Սուսաննա Հարությունյանին եւ Հարություն Խաչատրյանին։ Եվ այդ հանդիպման, ապա «Ոսկե ծիրանի» մեկնարկով հայելին ավելի շոշափելի դարձավ, քան էր։

Երբ բացահայտում ես, որ մի բան քեզ է պատկանում, եւ դու էլ պատկանում ես իրեն, այլեւս բաժանումը դժվար է դառնում։ 

Ձեւավորվում են բազմաթիվ հարաբերություններ, որոնք ավելի են հաստատում պատկանելիությունը։ 

Այո, այդ պահից սկսած երկրի հետ ունեցածս կապը շատ տարբեր էայն արդեն ներառում է հարաբերություն մշակույթի հետ, հարաբերություն հայկական կինոյի հետ, հարաբերություն շատ այլ շերտերի հետ, որոնք մինչ այդ անտեսանելի եւ անիմանալի էին ինձ համար։ 

Ես սկսեցի սովորել ու սովորելդեռ շատ տարիներ առաջ բախտ ունեցա հայկական կինոյի մասին խոսել կինոգետ Գարիկ Զաքոյանի, Սուրեն Հասմիկյանի հետ։ Սկսեցի աշխատել հայկական կինոն Արգենտինայում եւ Ուրուգվայում ներկայացնելու ուղղությամբ։ Միշտ է եղել ցանկությունս՝ բացահայտել մի բան, որը կիսելու եմ լսարանի հետ։

Բարդ առաջադրանք հաճելի եւ կարեւոր վերջնարդյունքներ։

Այս տարիների ընթացքում, ճիշտ ես, ձեռք բերեցի շատ ընկերներ, ստեղծեցի մեծ մի ընտանիք, որով պայմանավորված է կյանքս Հայաստանումանգամ, եթե ֆիզիկապես այստեղ չեմ, կատարվածը ինձ միշտ է հետաքրքրում, միշտ եմ կարեւորում ցանկացած բան, որն առնչվում է այդ մեծ ընտանիքին։ Ի վերջո 20 տարիների ընթացքում չի եղել անգամ մեկ տարի, որ երկրում չլինեմ՝ առնվազն երկու, երբեմն էլ երեք անգամ։  Այնպես որ պատասխանս ծավալուն է, որովհետեւ հարցդ հուզում է ինձ եւ շատ ենթատեքստեր ու հուշեր է առաջ բերում․․․

Փորձենք 20 տարվա փորձառության մասին խոսենք՝ չշեղվելով նախնական հարցից։ 

Տարիներ առաջ իրավիճակն իսկապես բարդացավ։ Մի բան է, երբ դու ուզում ես հեռանալ հայրենիքիցդ, որովհետեւ լավ առաջարկներ ունես, մի այլ բան, երբ հեռանալն արդեն վերջին հնարավորությունդ է եւ, որպես այդպիսին, միակ ընտրությունը թշվառությունից պոկվելու համար։

Ես քաղաքականությամբ ծանրաբեռնված եւ դրա մանրամասներին տիրապետող մեկը չեմ, բայց չեմ կարող չմտածել մեծ քաղաքականության սոցիալական հետեւանքների մասին։ Ամեն դեպքում քաղաքական գործիչներն ունեն պատասխանատվություն մեր հանդեպերբեմն նրանք կարող են «հոգատար» լինել, երբեմն էլ այնպիսի ծայրահեղությունների գնալ, որ իրենք էլ չհասկանան՝ ինչ արեցին մեզ հետ, մեր երազանքների ու նպատակների հետ։

Ես ապրում եմ Արգենտինայում, որտեղ տատանումներն ու անապահովությունը ճակատագրի մշտական դռկիցներն են։ Հայաստանն այս իմաստով լրիվ այլ օրինակ է ինձ համարԵրեւանն աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկն է, եւ սա ասում եմ ճամփորդելու մեծ փորձառության համեմատական համատեքստում։ Իսկ այն, ինչ պատահեց անցյալ տարի, կարող է աշխարհի համար օրինակ լինելպատահածը մաքուր ժողովրդավարության մանիֆեստ էրայո, մարդիկ արեցին դա։

Հիմա օդի մեջ զգում եմ լավատեսությունը, զգում եմ մարդկանց հանդարտությունն ու հավատը, որը դրսեւորվում է պատշաճ կերպով։  Եվ տեսնում եմ, որ մարդիկ չեն շտապում, իսկ շտապելը միշտ չէ, որ կարող է օգնել։ Իհարկե կլինեն նաեւ ուրիշները, ովքեր վաղաժամ լուծումներ կփնտրենչենք կարող ընդհանուրի մասին ասել միասնական մի բան, բայց հիմնականն այն է, ինչ ես զգում եմ, համոզված եմ։

Լավատեսությանը զուգահեռ տեսնում եմ բանավեճը, վերլուծությունները, հնարավոր քննարկումները, որոնք դուրս են ագրեսիայից եւ բռնությունից։ Այս գլոբալ տենդենցն իր հերթին ազդել եւ ազդում է կինոաշխարհի փոփոխություններին միտված քննարկումների վրա։ 

Արդեն 17 տարի է, ինչ հիմնել եւ գործարկում ես «Սինեմատիկա Արմենիան»։ Ի՞նչ արդյունքներ է տվել այս երկարաժամկետ նախագիծը։ 

Սկսելը բարդ էր, բայց ինձ երբեւէ չանհանգստացնող, որովհետեւ բացարձակ վստահ էի, որ կարեւոր բան եմ անում։ Հայկական կինոն աշխարհում ներկայացնելը նախեւառաջ իմ պատասխանատվությունն ու հարգանքն է հայրենիքի նկատմամբսա ամենամեծ սուբյեկտիվ արդյունքն է, որ ամրագրել եմ ինձ համար։

«Սինեմատիկա Արմենիան» կապում է Լատինական Ամերիկան Հայաստանի հետ եւ հակառակը։ 20 տարի առաջ լուրջ չէին վերաբերի, եթե ասեինք՝ հայկական կինոն Լատինական երկրների փառատոններում ընդգրկվելու շանսեր ունիայսօր արդեն կարող ենք ամրագրել, որ հայկական կինոն այդ իրադարձությունների մաս է, ավելի քան 20 տարբեր փառատոնների ընթացքում ցուցադրվել է այստեղի արտադրությունը՝ տարբեր անվանակարգերի մրցութային կոնտեքստում։ 

Չեմ սխալվի, եթե ասեմ՝ Բուենոս-Այրեսը աշխարհում միակ քաղաքն է, որտեղ 13 տարի շարունակ ՀԲԸՄ-ում ցուցադրվում են հայկական ֆիլմեր։ Այլ քաղաքներում ցուցադրությունները նույնպես պարբերական են, գնալով ընդլայվնում է լսարանը՝ ընդգրկելով ոչ միայն հայերի, այլ նաեւ տեղացի լրագրողների, արտիստների, կինոսերների։ 

Այս մասին խոսում եմ մեծ խանդավառությամբ եւ ուրախությամբ, որովհետեւ հպարտության զգացում ունեմայդպես չեմ դադարում Հայաստանում ներկայացնել ուրուգվայական կինոն, իսկ Արգենտինայում եւ Ուրուգվայում՝ հայկականը։

Հետաքրքիր է՝ ինչպես ես ընտրում այն ֆիլմերը, որոնք պիտի ցուցադրվեն Լատինական Ամերիկայի տարբեր երկրներում, մեծ եւ փոքր քաղաքներում։  Ընտրության հստակ չափորոշիչներ կա՞ն։

Ընտրության եւ վերջնական ծրագիր կազմելու չափորոշիչները մի քիչ բարդ են, բայց ընթացքը հաճելի է իհարկե։ Շատ բաներ կան, որոնք անպայման հաշվի պիտի առնեմառաջին հերթին հավանության արժանացած ֆիլմի ցուցադրության իրավունք ձեռք բերելն է, որը կարող է լինել տվյալ ֆիլմի ռեժիսորի կամ պրոդյուսերի իմացության եւ հաստատման արդյունքում միայն։ Մինչ այդ արդեն հաշվի են առնված ֆիլմի որակական հատկանիշները, ստեղծարար մոտեցումը, արտիստիկ արժեւորումները․․․ Չափորոշիչներ, որոնք, ըստ էության, ընտրության անբաժանելի մաս են։ 

Սփյուռքահայ լսարանն իհարկե առաջնահերթությունը տալիս է Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմերին եւ կատակերգություններին․․․ Ես՝ ոչ։ Այս իմաստով փորձում եմ հավասարակշռության բերել պահանջարկի եւ իմ առաջարկածի վերջնարդյունքը։ 

Ի վերջո կինոն կարեւոր լեզու եւ արտահայտչամիջոց է, ոչ թե ժամանակ անցկացնելու գործիք։ 20 տարիների ընթացքում այս ճշմարտությանն ինտեգրելու փորձերը շատ են եղելդանդաղորեն, բայց ֆիքսվել է՝ հանդիսատեսը, «կինո գնալ» ասելով, պիտի գիտակցի՝ մասն է դառնալու մի մեծ ճամփորդության ու արկածի, որը շատ շերտեր ու շատ ասելիք ունի։ 

Ուրուգվայական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում հետաքրքրություն առաջացնու՞մ է։ Այս տարի ի՞նչ ֆիլմեր են ցուցադրվել։ 

Այս տարի Հայաստանում անցկացվեց 10-րդ հոբելյանական Ուրուգվայական կինոփառատոնը։ Երեւանը միակն է աշխարհում, որտեղ ցուցադրվում է ուրուգվայական կինոն արդեն մեկ տասնամյակ։ Սա ինձ ուրախացնող եւ հպարտացողն փաստ է։ 

Հայկական լսարանին ներկայացվում է այլ մշակույթ, այլ երաժշտություն, սովորություններ, լեզու, ի վերջո լայն իմաստով՝ այլ աշխարհագրություն։ Տարիներ առաջ այստեղ Ուրուգվայ բառն ասոցացվում էր միայն այն բանի հետ, որ այդ երկիրն է առաջինն ընդունել Հայոց ցեղասպանությունը, այսօր պատկերն այլ է։ 

Այս տարվա ցուցադրվող ֆիլմերի ընտրությունը բնույթով  էկլեկտիկ էր«Vida a bordօ» բազմաթիվ մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմը կարեւորների շարքում էր։ Կարող եմ առանձնացնել նաեւ «Carrot» («Գազար») անունով ֆիլմը, որը կոմեդիայի լեզվով ներկայացնում է Ուրուգվայի բռնապետական կարգերի հետեւանքները։ 

Առիթից օգտվելով անպայման պիտի շնորհակալություն հայտնեմ այն մարդկանց եւ կառույցներին, որոնց շնորհիվ հնարավոր է այս փառատոնըմասնավորապես Ուրուգվայի Սպորտի եւ զբոսաշրջության նախարար տիկին Լիլիամ Քեշիշյանին, Մալյան թատրոնին, որ տարիներ շարունակ ցուցադրությունների հիմնական տարածքն է։ 

Այս տարվա «Ոսկե ծիրանից» ի՞նչ ակնկալիքներ ունես՝ հաշվի առնելով, որ ղեկավար կազմ է փոխվել, վիզուալ նոր լեզու եւ ներկայացուցչական նոր կերպ է մշակվել։ 

Նախ կարճ պիտի այսպես ասեմ՝ «Ոսկե ծիրանն» այն փառատոնն է, որը սիրում եմ։ Սուսաննայի եւ Հարությունի հետ ունեցած առաջին իսկ զրույցից սկսած ինձ համարել եմ փառատոնի մաս, ակնկալիքներս էլ լավագույնն են եղել։ 

Գիտեմ, որ վերջերս փոփոխություններ են եղել, երիտասարդ կինոգործիչներ ու ոլորտի մասնագետներ ստանձնել են շատ կարեւոր պատասխանատվությունհամոզված եմ՝ հաջողելու են։ Ի վերջո ղեկավար կազմի տարիքային շեմի փոփոխությունն այնքան էլ էական չէ, եթե այդ մարդիկ նախկինում մշտական մասն են եղել փառատոնի եւ գիտեն՝ ինչ արժեք է այս մեծ տոնը, ինչ բովանդակային առանձնահատկություն ունի եւ ինչքան կարեւոր է եւ Հայաստանի, եւ տարածաշրջանի համար։ Սպասումներս մեծ են, հաջողություն եմ մաղթում նոր անձնակազմին։ 

Ջեք, ամեն դեպքում, եթե շատ կարճ մի պատասխանով փորձենք ամփոփել այս տարիների փորձառության, Հայաստանի հետ ունեցած հարաբերության եւ առնչության պատկերը, ինչ բառային առանձնացումներով այն կսկսվի։

Տունը, սերը եւ ես։ 

Մի տեղ, որտեղ վերադարձս ամեն րոպե է, որի մասին հոգ եմ տանում, որի նկատմամբ խորը հարգանք եմ տածում, պատիվ, որի հետ կապում եմ ծագումս, տեղ, որտեղ ապրելն առանց խնդրականացնելու հնարավոր է։

Իմ փոխաբերական նավահանգիստըկայանը, որտեղ կարող ես գալ, գնալ եւ մնալ։ Այստեղ է, որ կենդանությունս զգում եմ, օդը սնում է․․․ Բնական է, բնական եմ։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter