HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցը երրորդ անգամ վերաքննիչ դատարանում է

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով Դատախազության և նրա պաշտպան Միհրան Պողոսյանի  բողոքները մակագրվել են վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանին: Այս մասին տեղեկացանք դատարանից: Բողոքների քննության գործով երկու դռնփակ նիստ է տեղի ունեցել, դեռևս վերջնական որոշում չի կայացվել:

Դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի հունիսի 3-ի որոշումը, որով մերժվել է Հարությունյանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև Վահագն Հարությունյանի պաշտպանը` կապված դատական ակտում մատնանշված որոշ փաստական հանգամանքների և  դատարանի կողմից հայտնած  դիրքորոշումների հետ:

Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

Նշենք, որ արդեն 8 ամիս է՝ Հայաստանի դատարաններում քննվում է հետախուզման մեջ գտնվող Հարությունյանի խափանման միջոցի հարցը: Այս ընթացքում երկու անգամ առաջին ատյանի դատարանները վճռել են, որ առկա են նրան կալանավորելու հիմքեր և պայմաններ, սակայն վերաքննիչ ատյանում այդ դատական ակտերը բեկանվել են ու գործերն ուղարվել է նոր քննության:

Հարությունյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Մարտի 1-ի քրեական գործով նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել Պաշտպանության նախարարության զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ նա, հիշյալ իրադարձությունների ժամանակ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաև իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քննչական խմբի որոշ քննիչների հետ և ոստիկանության այլ ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ, կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված և վերցված ապացույցների կեղծելը:

Հարությունյանը, ինչպես լրատվամիջոցների հետ զրույցներում`անձամբ, այնպես էլ պաշտպան Միհրան Պողոսյանի միջոցով բազմիցս հայտնել է, որ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում`բուժման նպատակով: Վերաքննիչ դատարանում քննվում է նաև նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքը: Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ հետախուզում հայտարարելու համար արհեստական հիմքեր են ստեղծվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter