
Կառավարության օրակարգից հանվեց ծառայողական մեքենաներ հատկացնելու որոշումը
Կառավարությունն այսօրվա նիստին չքննարկվող ընթացակարգով պետք է ընդուներ Կառավարությանն առընթեր տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ տրամադրելու հարցը:
Սակայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով հարցն անցավ քննարկվող ընթացակարգի, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով այն հանվեց նիստի օրակարգից: Վարչապետը հայտնեց, որ թեև ծառայողական ավտոմեքենաներ տրամադրելու հարցը տեխնիկական որոշում է, սակայն այն ունի քաղաքական մանրամասներ և առաջարկեց դրանք քննարկել, նոր բերել Կառավարության օրակարգ:
Արսեն Թորոսյանն առաջարկում էր ծառայողական ավտոմեքենաներ հատկացնել ոչ թե տեսչական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներին, տեսչական մարմինների ղեկավարներին, այլ կցել հենց տեսչական մարմնին: «Այսինքն՝ ամեն վարչությանը մի մեքենա: Բայց այն տրամաբանությամբ, որը դուք (ի նկատի ունի վարչապետը -հեղ.) միշտ բարձրաձայնում եք, որոնք որ վարչության պետերին են հասնում այդ մեքենաները, չպետք է ունենան մեքենաներ, պետք է լինի հերթապահ, որը կօգտագործի ցանկացած աշխատակից»,- հայտնեց Թորոսյանը:
Նշենք, որ վարչապետի աշխատակազմն այսօրվա նիստին երկու հարց էր ներկայացրել՝ առաջարկելով Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարներին տրամադրել ծառայողական ավտոմեքենաներ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հատկացնել 31 ծառայողական ավտոմեքենա, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ 10 ծառայողական ավտոմեքենա, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ 30, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ 14, իսկ Կրթության և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնիններին՝ 3-ական ծառայողական ավտոմեքենաներ։
Ըստ վարչապետի՝ աշխատակազմի ավտոմեքենաների բացակայությունը բացասաբար է անդրադառանում տեսչական մարմնի գործունեության վրա: Այդ պատճառով առաջարկում էր՝ տեսչական մարմինների աշխատանքները բնականոն ապահովելու, օրենքով նրանց վերապահված գործառույթների իրականացումը պատշաճ և ամբողջական իրականացնելու նպատակով տեսչական մարմիններին ավտոմեքենաներ հատկացնել:
Պետական համակարգի մի մասի ծառայողական մեքենաների մասին կարող եք կարդալ այստեղ:
Մեկնաբանել