
Բուլղարական կազմակերպությունը չի ուսումնասիրել Թեղուտի հանքավայրի պոչամբարը. «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը սուտ տեղեկություն է հաղորդել
Հուլիսի 1-ին «ՎՏԲ բանկ»-ի կողմից շահագործված «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարը խնդրահարույց է:
«Վալլեքս» խմբից «Հետք»-ին հայտնում են, որ Բրիտանական «In Situ Site Investigation Services», ամերիկյան «Global Resource Engineering», ավստրիական «ATC Williams» և ռուսական «Механобр инжиниринг» ընկերություններն իրենց եզրակացություններով հաստատել են, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի վերագործարկումը անխուսափելիորեն պոչամբարի ստատիկ և սեյսմիկ ռիսկեր պարունակող պատվարի մարմնում կբերի ջրի մակարդակի բարձրացման ու ջրիկացման ռիսկ՝ ստեղծելով պոչամբարի ինքնափլուզման իրական վտանգ:
«ՎՏԲ բանկ»-ին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը մայիսի 20-ին «Հետք»-ին տված հարցազրույցում պոչամբարի ռիսկերի մասին վերը նշված օտարերկրյա ընկերությունների եզրակացությունները շրջանցել է. «Մեզ այցելած բազմաթիվ մասնագետներ, այդ թվում՝ եվրոպական ստանդարտներով աշխատող «Գեոտեխմին» բուլղարական հայտնի ընկերության մասնագետները, իրենց եզրակացությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի վթարային վիճակ չեն արձանագրել: Մեզ չեն հայտնել, որ պոչամբարի շահագործումը վտանգներ կարող է ներկայացնել ազդակիր բնակավայրերի բնակիչների համար»,- հայտնել է նա:
«Հետք»-ը հունիսի 25-ին «Գեոտեխմին» ընկերությանը հարցում է ուղարկել «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի իր ուսումնասիրությունների և եզրակացությունների մասին.
«Այդ կապացկությամբ ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ մինչ օրս միայն նախնական բանակցություններ են վարվել Թեղուտի հանքավայրի ներկայացուցիչների հետ, սակայն «Գեոտեխմին»-ի մասնագետները Թեղուտի հանքավայրի պոչամբարի տեխնիկական պայմանների վերաբերյալ որևէ ուսումնասիրություն կամ գնահատում չեն իրականացրել»,- «Հետք»-ին հայտնել է «Գեոտեխմին»-ի հանրային կապերի տնօրեն Դանիելա Թեոֆանովան:
Հունիսի 27-ին «Գեոտեխմին»-ի պատասխանի և ընկերության գործադիր տնօրենի հակասական պատասխանի հետ կապված՝ հեռախոսով փորձեցինք բացատրություն ստանալ «Թեղուտ» ՓԲԸ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից. «Մենք այդպիսի տեղեկատվություն Ձեզ չենք հաղորդել»,- հայտնեց բաժնի ղեկավար Մարինա Թունյանը:
Հատված Կարեն Ղազարյանի հետ հարցազրույցի ձայնագրությունից:
Բուլղարական ընկերության իբրև թե կատարած հետազոտության մասին միայն մեզ չէ, որ ապատեղեկատվություն են տրամադրել: Պարզվում է, որ Շնող համայնքին էլ նույն հիմնավորմամբ հավաստիացրել են, որ պոչամբարը որևէ վտանգ չի ներկայացնում:
Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ տեղեկացված է եղել Թեղուտի պոչամբարի պատվարի ստատիկ և սեյսմիկ ռիսկերի մասին: Այդ մասին համայնքի ղեկավարին հայտնել են «Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին ղեկավարները: «Պոչամբարի ռիսկերի հարցը ինձ միշտ անհանգստացրել է, սակայն «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությունը հավատացրել է, որ պոչամբարի հետ կապված խնդիր չկա: Ասել են` բուլղարական ինչ-որ ընկերություն ուսումնասիրություններ է արել, եզրակացությունները կան: Այստեղ, գիտեք, հարցն այն է, որ Կառավարությունը թույլ է տվել վերագործարկել «Թեղուտ» ՓԲԸ-ն»,- ասաց Դ. Ղումաշյանը:
Համայնքի ղեկավարը, իր ասելով, «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարներից պոչամբարի անվտանգության գրավոր երաշխիք չի պահանջել, քանի որ իրեն չի թվացել, թե նմանատիպ մասշտաբի աշխատանքներ կատարելիս պետք է խաբեն:
«Վալլեքս» խումբը, հիմնվելով Բրիտանական «In Situ Site Investigation Services», ամերիկյան «Global Resource Engineering», ավստրիական «ATC Williams» և ռուսական «Механобр инжиниринг» ընկերությունների հետազոտությունների արդյունքների և տրամադրված մասնագիտական եզրակացությունների հիման վրա՝ 2018թ.-ի հունվարի 12-ին դադարեցրել է հանքի արդյունահանումը և լեռնահարստացուցիչ կոմբինատի գործարկումը:
Խմբի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Հետք»-ին հայտնում են, որ միմյանցից անկախ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերոնշյալ չորս ընկերությունները միակարծիք են եղել այն հարցում, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի հարստացուցիչ կոմբինատի պոչամբարի պատվարի կայունության առկա մակարդակը խնդրահարույց է, իսկ լեռնահանքային համալիրի հետագա գործունեությունը ռիսկային՝ քանի դեռ չեն կատարվել պոչամբարի պատվարի ցուցանիշների բարձրացմանն ուղղված անհրաժեշտ լրացուցիչ հետազոտություններ և դրան համապատասխան՝ նախագծով նախատեսվող աշխատանքներ: «Վալլեքս»-ն այսօր էլ պնդում է, որ իրենց կողմից Թեղուտի կոմբինատի շահագործման դադարեցումը եղել է ճիշտ որոշում: Նախորդ տարվա սեպտեմբերին «Թեղուտ» ՓԲԸ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո, պոչամբարի տեխնիկական վիճակի օտարերկրյա 4 ընկերությունների ուսումնասիրություններն ու եզրակացությունները «Վալլեքս» խումբը հանձնել է «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությանը: Վերջիններս շրջանցել են այդ փաստաթղթերը:
Կարեն Ղազարյանի ասելով` պոչամբարի հիմնական խնդիրն այն է, որ պոչամբարի հայելին, այսինքն` այն ձորակը, որով լցվել է պոչամբարը, եղել է շատ նեղ: Երբ ընկերությունն աշխատել է 6 մլն տոննա, հետո 8 մլն տոննա տարեկան արտադրողականությամբ, դրանից շատ արագ լցվել է պոչամբարի ձորակը և չի կատարվել նախագծով նախատեսված ջրի և տիղմի առանձնացում: Այդ պատճառով պոչամբարը բարձրացել է նախատեսվածից շատ բարձր տեմպերով:
«Թեղուտ» ՓԲԸ-ի նոր տնօրենը մեկնաբանել է, թե դրանից է նախկին ղեկավարների մտահոգությունը:
«Վալլեքս» խմբի գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանը պոչամբարի Բրիտանական «In Situ Site Investigation Services», ամերիկյան «Global Resource Engineering», ավստրիական «ATC Williams» և ռուսական «Механобр инжиниринг» ընկերությունների եզրակացությունները 2018թ.-ի հուլիսի 16-ին՝ հաշվառելու եւ հետագա վերահսկողություն իրականացնելու համար ուղարկել է արտակարգ իրավիճակների նախարար Հ. Ռոստոմյանին, իսկ 18.07.2018թ.-ին՝ նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու շրջակա միջավայրի նախարարներ Ա. Գրիգորյանին և Է. Գրիգորյանին:
Այսուհանդերձ հուլիսի 1-ին Կառավարությունը «ՎՏԲ բանկ»-ին թույլատրել է շահագործել ինքնափլուզման վտանգներ ունեցող պոչամբարը:
Պոչամբարի շահագործման անվտանգության երաշխիքների մասին «Հետք»-ը հարցումներ է ուղարկել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին և Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Հուլիսի 4-ին ՊՈԱԿ-ից հայտնել են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարային տնտեսությունը՝ որպես արտակարգ վտանգավոր օբյեկտ, գրանցված է Արտակարգ իրավիճակների նախարարության վտանգավոր օբյեկտների ռեեստրում: «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքները դադարեցնելուց 10 ամիս անց՝ 23.11. 2018թ.-ի կնքված N 2949 պայմանագրի հիման վրա «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է Թեղուտի պոչամբարային տնտեսության կոնսերվացման նախագծային փաստաթղթերի փորձաքննություն, որի հիման վրա վերջինս կոնսերվացվել է:
Պատասխան գրությամբ ԱԻՆ-ը հայտնել է նաև, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում պոչանքային տնտեսության 2018թ.-ի տեխնիկական անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ: Ներկայումս «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ կնքվել է տեխնիկական անվտանգության փորձաքննության պայմանագիր, որի կատարման աշխատանքներն ընթանում են: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից նաև հայտնել են, որ պոչամբարի նկատմամբ չունեն վերահսկողական գործառույթ:
Շրջակա միջավայրի նախարարության պատասխանին կանդրադառնանք ավելի ուշ, մեր հարցմանը նախարարությունը դեռ չի պատասխանել:
Շնողցի Լևոն Ալիխանյանը հայտնում է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն շահագործելուց առաջ պոչամբարի տարածքը չի նախապատրաստվել շահագործման:
«Պոչամբարից հոսքեր արդեն մի երեք անգամ նկատել և իրենց տեղեկացրել ենք: Եկան խնդրեցին, թե վերագործարկման աշխատանքները նոր են սկսում, մեծածավալ աշխատանքներ են կատարվում, զիջող լինենք»,- պատմեց Լևոնը:
Նրա ասելով` Կառավարությունը տեղյակ է պոչամբարի պատվարի սեյսմիկ և ստատիկ վտանգների մասին, սակայն տարածաշրջանում սոցիալական լարվածությունը մեղմելու համար թույլատրել է փլուզման վտանգներ ունեցող պոչամբարով «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկումը:
«Հարյուրավոր ընտանիքներ կան Շնող գետի եզրին, պոչամբարի վթարի դեպքում, պոչանքը ժողովրդին կքշի, կտանի մինչև Կասպից ծովը»,- ահազանգում է շնողցի Լևոն Ալիխանյանը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել