HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Այրարատ» կինոթատրոնի հմայիչ թշվառությունն ու Փարաջանովի՝ մինչ այս չցուցադրված կադրերը․ «Կինոյի տաճար» (լուսանկարներ)

Արեւային ակնոցների, գլխարկների, ժամացույցների, լաթիկ-չուստերի ներս ու դուրս ընկած տաղավարներին զուգահեռ «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոն տանող աստիճաններն են. ճաղապատ արգելք-ցանկապատը բացվել է մի քանի օրով Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում։

«Կինոյի տաճար» ցուցահանդեսը բացվել է հուլիսի 8-ին, նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։

Ցուցահանդեսի ավարտին դեռ մեկ օր կա (փակումը՝ հուլիսի 12, 20։00, այցելության ժամերը՝ 12։00-20։00)այցելուները կարող են տեսնել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված  կադրերը, որոնք ներկայացված են ինստալյացիայի միջոցով։

Ինստալյացիային զուգահեռ ցուցադրվում է Ռուբեն Գեւորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը, որը հագեցած է Փարաջանովի կյանքի դրվագներով։ Գեւորգյանցի կինոէսսեի նկարահանումները կատարվել են գաղտնի, քանի որ Փարաջանովին վերաբերող ցանկացած իրադարձություն այդ տարիներին վերահսկվում էր պետական մարմինների կողմից, արգելված էր ցանկացած նախաձեռնություն (1979, 1989 թվականներ)։

Վերադառնալով «Այրարատ» կինոթատրոնի շենքին«հմայիչ թշվառություն» բառակապակցությամբ բնութագրելը մի քիչ պաթետիկ է թվում, բայց մեկ այլ արտահայտությամբ դժվարանում եմ բնորոշել այն զգացողությունը, որ ունեցա կինոթատրոնի նախասրահում, ապա հիմնական հատվածում։

Ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Հրաչյա Պողոսյանի՝ 1974 թվականին շահագործման հանձնված այս կինոթատրոնը բացառիկ ճարտարապետական կառույց է։ Ինձ համար այն Երեւանի ամենամոդեռնիստական նմուշներից է, որն օր օրի վերափոխվում, այլանդակվում, մասնատվում ու աղճատվում է իր նշանակության կրիչների ոչնչացման կամ ձեւախեղման հետեւանքով։ Դեռ 2004 թվականին սեփականաշնորհված, ապա «Ռոսիա» տոնավաճառի վերածված շենքը կորցրել է իր հմայքը։

Առաջին անգամ հնարավորություն ունեցա մուտք գործել կինոթատրոնի նախասրահ եւ հիմնական հատված։ Տպավորությունս աննկարագրելի է։ Երկու երբեմնի մեծ դահլիճները (համապատասխանաբար՝ 1600 եւ 1000 նստատեղ) ժամանակի ավերիչ հետեւանքների դեմ պայքարող ահռելի ընդդիմացողների են նման։ Դահլիճներից յուրաքանչյուրը չորս հենքի վրա է կառուցված, կրկնվում է երկրաչափական գիծը, որը հիանալի հորիզոն է ստեղծում դիտելու համար։ 

Աստղազարդ երկինք հիշեցնող առաստաղը պահպանել է իր տպավորիչ ազդեցությունը «եթե անգամ նստատեղերի փոխարեն մնան այս բետոնե աստիճանահարթակները, եթե անգամ այս ահռելի ցուցասրահը չջեռուցվի եւ չօդափոխվի, այստեղ հաստատ կինո կնայեի»մտածում եմ ես՝ շրջելով փոշու ու խոնավության մեջ համառորեն դիմադրող «աստղազարդ» առաստաղի տակ։

Ցավոք, 15 տարի մասնավոր սեփականություն հանդիսացող մոդեռնիստական այս հրաշք կառույցն այդպես էլ ուշադրության չարժանացավ այն աստիճանի, որքան իր ճարտարապետական, մշակութային եւ ապա պատմական կարեւորությունն է։ 

Հույս ունեմ, որ Կինոկենտրոնի կողմից նախաձեռնած այս իրադարձությունը Այրարատ կինոթատրոնի՝ որպես ճարտապատական եւ մշակութային կարեւոր կառույցի վրա ուշադրության սեւեռման սկիզբ կամ գոնե թե խոսակցությունների առիթ կդառնա։ Ամեն դեպքում ներկայությանս երկու ժամվա ընթացքում ցուցահանդեսի այցելուները չէին դադարում հիանալ կինոթատրոնի ամեն մի դետալով, որքան էլ այն կորցրել է իր երբեմնի կարեւոր եւ գործառնական իմաստը։ 

Փորձել եմ ֆիքսել այն դետալները, որոնք առավել գրավիչ էին ինձ համար։ Լուսանկարներում նաեւ ընդգրված են «Նռան գույն» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած կադրերը, որոնք ներկայացված էին կինոթատրոնի նախասրահում։ 

Հիշեցնեմ, որ 2019 թվականին Ռոտերդամի փառատոնի առանցքային ծրագրերից մեկը հենց այս՝ «Կինոյի տաճար» ինստալյացիան էր, որը ներկայացվեց միջազգային հանրությանը։

Լուսանկարներ՝ «Այրարատ» կինոթատրոնի նախասրահից եւ դահլիճից 

Լուսանկարներում՝ «Նռան գույնը» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած, վերականգնված կադրերը (հատվածները՝ «Կինոյի տաճար» ինստալյացիայից)

Մեկնաբանություններ (1)

Հայկազ
ՀՀՇ-ի սեփականաշնորհած բոլոր օբեկտներն էլ նույն վիճակում են: 30 տարվա ընթացքում չկարողացանք գույքի ազգայնացման մասին օրենք ընդունել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter