
Նախշուն Տավարացյանի երդման ժամանակ որոշ դատավորներ դուրս են եկել դահլիճից, Ռուբեն Վարդազարյանն ասել է, որ պատրաստ է վեթինգի
Դատարանների ընդհանուր ժողովից հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց դատավոր Նախշուն Տավարացյանի հետ կապված խնդիրը: Վերջինս, հիշեցնենք, 9 ամիս առաջ ընտրվել է ԲԴԽ անդամ, ապա հրաժարականի դիմում ներկայացրել: Այսօր Տավարացյանն ասում է, թե ինքն օրենքով սահմանված կարգով ընտրվել է ԲԴԽ անդամ: Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ԲԴԽ անդամի երդում է տվել:
Երվանդ Խունդկարյանը լրագրողներին պարզաբանեց, որ Տավարացյանը 2018թ. նոյեմբերի 8-ին ընտրվել է ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել է երդվել՝ որոշ հանգամանքներից ելնելով։ Հետագայում, սակայն, ԲԴԽ–ն որոշել էր, որ մինչև Տավարացյանը չերդվի նրա հրաժարականի հարցին անդրադարձ չի կարող լինել։ Վճռաբեկ դատարանի նախագահի խոսքով` ԲԴԽ-ն նիստ պետք է հրավիրի, որի ընթացքում Տավարացյանը կամ պետք է համաձայնի ստանձնել ԲԴԽ անդամի լիազորությունները կամ պնդի իր հրաժարականը։
Նշենք, որ Նախշուն Տավարացյանի երդման ժամանակ որոշ դատավորներ, որոնց թվում ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Բալայանը լքել են նիստերի դահլիճը: Այս մասին լրագրողներին ասաց Դավիթ Բալայանը:
Վերջինս նշեց, որ բացասական է ընդունում Տավարացյանի որոշումը:
«Ես գտնում եմ, որ դատավորը, որն ընտրվել էր ԲԴԽ-ի անդամ, պարտավոր էր երդվել, իսկ հրաժարվելով ստանձնել իր պարտականությունը՝ նա անորոշության մեջ էր թողել դատական համակարգին»,- ասաց Բալայանը` հարց բարձրացնելով, թե արդյոք Տավարացյանը կարող էր ոչ թե 9 ամիս, այլ, օրինակ՝ 3 տարի հետո երդվել:
Նշենք, որ թեև բոլոր դատավորներին ուղարկվել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը` կապված Հայաստանում տիրող սահմանադրական ճգնաժամի և դրանից ելքերի վերաբերյալ, սակայն ժողովի ընթացքում նամակը չի քննարկվել:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԲԴԽ անդամի թեկնածու ընտրված Ռուբեն Վարդազարյանն, ով, հիշեցնենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է, ասաց, որ պատրաստ է ցանկացած տիպի վեթինգի:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20–ին դատարանների մուտքերն արգելափակելու կոչ էր արել քաղաքացիներին, հայտարարել, որ եկել է դատավորի նկատմամբ վեթինգ իրականացնելու ժամանակը, ինչպես նաև նշել, որ պետք է հրաժարական տան այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան։
Վարդազարյանն, ի դեպ, հայտարարությունից հետո եղավ միակ դատավորը, ով նշեց, թե պատրաստ է հրաժարական տալ:
«Եթե պարոն Փաշինյանի ելույթի բովանդակությունից պարզ դառնար, որ պահանջվում է բոլոր դատավորների հրաժարականը, ես պատրաստ եմ առաջինը տալ այդ հրաժարականը. անհրաժեշտության դեպքում տալ հրաժարական և իմ համեստ գիտելիքները ներդնել այն դաշտում, որը կօգնի կառուցել նոր դատական համակարգ»,- ասել է քիչ առաջ ԲԴԽ անդամի թեկնածու դարձած Վարդազարյանը:
Հիշեցնենք, որ դատավորների ընդհանուր ժողովն այսօր ընտրում էր ԲԴԽ անդամի թեկնածուներ: Որպես թեկնածու ընտրվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու նույն դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Լուսանկարում՝ ձախից` Ռուբեն Վարդազարյանը, Երվանդ Խունդկարյանը, Նախշուն Տավարացյանը
Մեկնաբանել