HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջիկա երեք տարիների համար կանխատեսվում է միջինում 5 % տնտեսական աճ. հիմնական նպաստողը ծառայություններն են լինելու

Կառավարությունը երկու օր առաջ դռնփակ նիստում հաստատել է Հայաստանի 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ Չնայած մեր հասարակության մեջ այս ծրագիրը, որպես կանոն, քիչ է քննարկվում, սակայն իրականում այն բավականին կարևոր փաստաթուղթ է։ Այն ներկայացնում է առաջիկա երեք տարիների երկրի տնտեսական քաղաքականության տեսլականը, ռազմավարությունը։  Կանխատեսվում են կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշներ։

Կանխատեսվում է միջինում 5 % տնտեսական աճ

Միջնաժամկետում, ըստ այս ծրագրի, կանխատեսվում է միջինում 5 % տնտեսական աճ, որը հիմնա­կանում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի աճով։ 2019 թվականի համար կանխատեսվում է 5.4 %, իսկ 2020-2022 թվականներին՝ համապատաս­խանաբար՝ 4.9 %, 5 % և 5.1 % տնտեսական աճ:

Համախառն ներքին արդյունքի (այսուհետև` ՀՆԱ-ի) նկատմամբ պետական բյուջեի եկամուտ­ների հա­­րաբերության ցուցանիշը 2020-2022 թթ. կտատանվի 24.5 %- 24.7 %-ի սահման­ներում: Հիմք ըն­դու­­նելով պե­տա­կան բյու­ջեի եկամուտների կանխատեսումային իրական ծավալ­նե­րը` Կառա­վա­րու­թյունը ծրագրում է 2020-2022թթ ծախսերի միջին տարեկան մակարդակը պահպանել ՀՆԱ-ի 26.8 % - 26.9 %-ի սահմաններում: 

Ծառայությունների և արդյունա­բե­րութ­յան ճյուղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին աճին կկազմի համապատասխանաբար՝ 3.4 և 0.7 տոկոսային կետ:

Նկատենք, որ արդյունաբերության նպաստումը, փաստորեն, փոքր է լինելու՝ ի տարբերություն ծառայությունների։ Եվ ստացվում է, որ առաջիկա տարիների համար տնտեսական աճի որակի էական բարելավում տեղի չի ունենա, եթե ծառայությունների ոլորտում շարունակի մեծ կշիռ ունենալ խաղային ոլորտը՝ բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները։ Մինչ այժմ էլ Հայաստանի տնտեսական աճի հիմնական աղբյուրը եղել են ծառայությունները։ Սա բոլոլովին գոհացուցիչ չէ, քանի որ ինչպես բազմիցս նշվել է՝ ծառայությունների ոլորտում մեծ կշիռ ունեն բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները, որոնք հետագա տարիների համար տնտեսական կայուն աճի հիմքեր չեն ստեղծում։  Ծառայությունների ոլորտի աճով կարելի է «հպարտանալ» միայն այն դեպքում, երբ խաղային ոլորտի դերը դրանում թուլանա։

Ծառայությունների աճը, ըստ ծրագրի կանխատեսումների, միջնաժամկետում կգերազանցի ՀՆԱ-ի աճին: 2019 թվականին ճյուղի աճը կկազմի 8 %, իսկ 2020-2022 թվա­­կան­ներին` միջինում 6.5 %։ Ծառայությունների կանխատեսման հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ արտահանմանն ուղղված քաղաքականության արդյունքում աստիճանաբար կմեծանա նաև ծառայությունների արտահանելի մասի դերը:

Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին ծառայությունների կշիռը ՀՆԱ-ում կաճի՝ 2022-ին հասնելով 54.2 %-ի։ Նշենք, որ 2018-ի դրությամբ այն 50.7 % է։ 

ՄԺԾԾ հիմքում դրվող կանխատեսումները կառուցվում են որոշակի ենթադրու­թյու­ների հիման վրա, որոնք էլ իրենց հերթին կախված են արտաքին գործոններից (օրինակ՝ ներքին տնտեսության գնաճը` միջազգային շուկաների գների կանխատեսվող վարքագծից): Սակայն միշտ չէ, որ այդ ենթադրությունները կանխատեսվող հորիզոնում իրականություն են դառնում: Դրանց վրա կարող են ազդել արտաքին աշխարհի գործոնները, օրինակ` նավթի համաշխարհային գների հնարավոր փոփոխությունները: «Ենթադրություններից շեղումների ռիսկ է ԵՏՄ անդամ պետությունների տնտեսական զարգացումները: Միաժամանակ, ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներում մաքսա­տուր­քերի մասնաբաժինը կարող է փոփոխվել նոր պետությունների ԵՏՄ-ին անդամակ­ցությունից»,- նշված է ծրագրում: 

Միջազգային կառույցներն ավելի ցածր տնտեսական աճ են կանխատեսում

Աղյուսակում ներկայացված են այլ կառույցների կողմից Հայաստանի տնտեսական աճի 2019-2022թթ. միտումները: Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) կանխատեսումներով տնտեսական աճը միջնաժամկետում կլինի 4.8-6.6 %-ի շրջանակներում: Իսկ միջազգային կառույցների կանխատեսումները հիմնականում համեմատաբար ցածր են։ Ծրագրում նշված է, որ դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ դրանք ավելի վաղ կատարված կանխատեսումներ են և չեն ներառում Հայաստանի տնտեսության վերջին զարգացումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter