
«Գերազանցության դիպլոմն» ամենեւին էլ «կարմիր» չէ. ինչու՞ է Արմավիրի մարզի դատախազը արդարացնում բժշկուհուն
«Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նշան Գեւորգյանի դեմ հարուցվել է 3 քրեական գործ: Մի դեպքը վերաբերում է Արմավիրի մարզի Փշատավան գյուղի 3,5 ամյա բնակիչ Արտաշես Սեդրակյանի մահվանը: «Հետքն» այս խնդրին արդեն անդրադարձել է:
Հիշեցնենք, որ 2011թ. հունվարի 1-ին` ժամը 22:30-ին, «սուր լարինգոտրախեիդ 1-2-րդ աստիճան» ախտորոշմամբ «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական բաժանմունք է ընդունվել Արմավիրի մարզի Փշատավան գյուղի 3.5 տարեկան բնակիչ Արտաշես Սեդրակյանը: Երեխայի վիճակի վատացման պայմաններում հաջորդ օրը` ժամը 11:30-ի սահմաններում, Արտաշեսին տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ շնչառության եւ սրտի կանգ արձանագրվել էր դեռեւս Երեւան հասցնելու ճանապարհին, սակայն բժշկական կենտրոնում վերակենդանացման միջոցառումներից հետո երեխային վերակենդանացրել էին, սակայն 4 օր անգիտակից վիճակում մնալուց հետո նա մահացել էր:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը աչք է փակում նախաքննության ընթացքում թույլ տված ոչ անաչառ քննության վրա, որոնք «անաչառ» են դարձել Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ա. Գաբրիելյանի թեթեւ ձեռքով: Իսկ առողջապահության նախարորությունն ու Արմավիրի մարզպետարանն այդպես էլ գոնե նկատողության չարժանացրին նույն կենտրոնի բժիշկ Արմենուհի Հարությունյանի եւ դեպքի օրը երեխայի հետ կապ ունեցող մյուս բժիշկներին, թեեւ փորձագիտական երկու հանձնաժողովներ նշել են, որ Արմենուհի Հարությունյանը` որպես բուժող բժիշկ, Արտաշես Սեդրակյանի բուժումը թերի է կատարել եւ բժշկական սխալն էլ հանգեցրել է երեխայի մահվան:
Մահացած երեխայի հայրը երեխայի բուժող բժիշկ Արմենուհի Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով Ամանորի տոներից առաջ դիմել էր առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Այստեղից նամակը հասցեագրել էին Արմավիրի մարզպետարան: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն էլ որդեկորույս ծնողին տեղեկացրել է, թե Արմենուհի Հարությունյանի մասով գործը կարճվել է, եւ բողոքներ ունենալու դեպքում կարող է բողոքարկել դատական կարգով: Մարզպետարանից այդպես էլ չեն պատասխանել, թե ինչու Արմենուհի Հարությունյանը նույնիսկ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվում:
«Երեւի քավության նոխազ եմ ես դարձել, ինչ որ նկրտումներ, նպատակներ ունեն իմ նկատմամբ: Չգիտեմ, չեմ կարող ասել: Մեղավորներին ուզում են արդարացնել, անմեղ մարդուն մեղավոր դարձնելով ինչ որ գործեր են ուզում անել: Դատարանում կպահանջենք արդարություն: Կարծում եմ՝ դատարանը անաչառ կգտնվի ու այդ մեղքերն իմ վրայից կհանի: Եթե չհանեն, կգնամ կնստեմ, ի՞նչ անեմ, տամ ինձ սպանե՞մ, կամ ո՞ւմ սպանեմ: Առանց սպանել չենք պրծնում, սպանեմ ի՞նչ պիտի անեմ»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Նշան Գեւորգյանը:
Նախկին տնօրենն ասում է, որ ինքը տեղեկություն չի ունեցել ոչ Արտաշեսի ընդունման ժամի, ոչ էլ գիշերը երեխայի վիճակի մասին:
«Ես Արտաշեսի մասին տեղեկացել եմ դեպքից 3-4 օր անց, երբ երեխան արդեն մահացել էր: Ինձ մեղադրանք է առաջադրված 130 հոդվածով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում), բայց դեպքի հետ առնչություն չունեմ, բուժող բժիշկ չեմ հանդիսացել, որեւէ բան չեմ արել, բայց ինձ մեղադրում են՝ իբր բաժանմունքում չի եղել վերակենդանացման գործիքներ եւ պարագաներ:
Սա իրականությանը չի համապատասխանում, բուժօգնության հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ հիվանդը 12 ժամ եղել է բաժանմունքում, ոչ մի օգնություն չի ստացել, հարազատներից իմացա, որ հերթապահ բժիշկն էլ (Արմենուհի Հարությունյանը - հեղ.) չի եղել բաժանմունքում, որ որեւէ օգնություն ցույց տա: Հիվանդի վիճակը ծանր է եղել, առավոտյան հանձնել է բաժնի վարիչին ու բժիշկին, որոնք իրենց հերթին դիմել են ռեանիմատոլոգին, որպեսզի օգնություն ցույց տա: Ռեանիմատոլոգն էլ հիվանդին տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ երկու-երկուսուկես ժամ մնալուց հետո որեւէ էական օգնություն չեն կարողացել ցույց տալ, որը պարտավոր էին անել, ծանր վիճակում տեղախել են Երեւան»,- ասում է Նշան Գեւորգյանը:
Նախկին տնօրենն ասում է, որ բժիշկների նկատմամբ մեղադրական որեւէ բան չի ասում, քանի որ դրանք իրավաբանական հարցեր են, սակայն քննիչներն ու դատաբժշկական փորձագետներն են պարզել, որ բժիշկները մեղավոր են երեխայի մահվան հարցում:
«Ես ծանոթացա դատաբժշկական փորձաքննությանը. մեղքերը վերաբերում է բժշկուհի Արմենուհուն, ռեանիմատոլոգ Կարենին ու բաժանմունքի վարիչ Գառնիկ Դավթյանին, որոնք տվյալ իրադրության մեջ բուժող բժիշկ են հանդիսացել: Իսկ 130 հոդվածը, որը վերաբերում տվյալ մասնագիտության տեր բժիշկներին, վերագրել են ինձ»,- ավելացրեց Նշան Գեւորգյանը:
Նախկին տնօրենը չի ընդունում նաեւ մանկական բաժանմունքը մանկական վերակենդանացման սարքավորումներով չապահովելու մեղադրանքը, որի հիմքով էլ իր դեմ քրեական գործ է հարուցվել: Նշան Գեւորգյանի ասելով՝ բժշկական սարքավորումները բժշկական կենտրոնի վերանորոգումից հետո ստացվել են առողջապահության նախարարությունից, որի մեջ չի եղել եւ ոչ մի մանկական վերակենդանացման բուժգործիք:
«Բժիշկների այն պատճառաբանությունը, որ եթե այդ սարքավորումները լինեին, կօգնեին հիվանդին եւ այլն, ասեմ, որ եթե օգնող էին, թող կատարեին տրախեստոմիա, այսինքն՝ ծակեին շնչափողը, անցկացնեին խողովակ, շնչառությունը վերականգնվեր՝ մինչեւ հասցնեին համապատասխան մասնագիտացված կենտրոն: Այնպես որ, իրենց չարածներն իմ վրա բարդելն ու քննչական մարմինների իմ վրա գործ հարուցելը իմ համար անհասկանալի է, թե ես ինչ կապ ունեմ մասնագիտական օգնություն ցույց չտալու մեջ:
Բժշկական պրակտիկայում իրավական դաշտում հայտնվում է բուժող բժիշկը, որն աշխատել է հիվանդի հետ: Տնօրենն ի՞նչ կապ ունի: Տնօրենն իր տանը քնած է եղել, առավոտյան եկել եմ աշխատանքի, նույնիսկ չեն ասել այդ մասին, տեղյակ չեն պահել, միայն զեկուցել են, որ հիվանդ են տեղափոխել Երեւան, թե ինչ ձեւով են տեղափոխել, ինչ միջոցառումներ են արել-չարել, դրա մասին տեղյակ չեն պահել: Դատաքննության ժամանակ պարզվեց, որ բացարձակ անփութության պայմաններում, բացարձակ անզգույշ, անհոգատար վերաբերմունքի հետեւանքով հիվանդը ընկել է ծանր վիճակի մեջ»,- ավելացրեց Նշան Գեւորգյանը:
Նա նաեւ փաստում է, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկները 2011թ. հունվարի դրությամբ ոչ մի անգամ չեն վերապատրաստվել: Նրանց վերապատրաստումը եղել է Արտաշեսի դեպքից հետո՝ մարտ ամսին: Դրանից հետո էլ նոր միայն ձեռք են բերվել մանկական վերակենդանացման բաժանմունքի համար որոշ գործիքներ ու սարքավորումներ:
Նշենք, որ օրեր առաջ՝ փետրվարի 7-ին, Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը, մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը եւ իրավապահ մարմինների այլ ներկայացուցիչներ «Արմավիրի բժշկական կենտրոնում» քննարկել են Արտաշեսի դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ, այդ թվում՝ «Հետքի» հրապարակած հոդվածը:
Անհասկանալի է մարզի դատախազի նման պահվածքը, քանի որ գործն արդեն դատարանում է: Հ. Ղարախանյանն այս քննարկումով եւս մեկ անգամ արդարացրել է բժիշկներին, այն դեպքում, երբ փորձագետները հակառակն են պնդում:
Ի դեպ, քննարկման մասին տեղյակ չէին պահել Արտաշեսի հորը՝ Սայադ Սեդրակյանին: Վերջինս այլ ճանապարհներով է տեղեկացել քննարկման մասին եւ հանդիպմանն ուղարկել է հորեղբորը: Վերջինս մի շարք մեղադրական հարցեր է ուղղել Հակոբ Ղարախանյանին, սակայն դատախազը դարձյալ մեղադրել է Նշան Գեւորգյանին՝ անձնական պաշտպանության տակ առնելով Արմենուհի Հարությունյանին:
Նշենք, որ հանդիպմանը հրավիրված են եղել նաեւ մի շարք լրատվամիջոցներ, սակայն նրանց պատրաստած ռեպորտաժներն այդպես էլ չեն հառարձակվել: Սայադ Սեդրակյանի ասելով՝ ռեպորտաժները արգելելու որոշում կայացրել է առողջապահության նախարարը:
Հիշեցնենք, որ Արմավիրի դատախազի տեղակալ Ա. Գաբրիելյանը Արմենուհի Հարությունյանի մասով 2011թ. դեկտեմբերի 16-ին գործը կարճել է եւ որպես հիմք նշել «իրադրության փոփոխությունը», այն է՝ Արմինե Հարությունյանը բժշկական ինստիտուտն ավարտել է գերազանց գնահատականներով եւ 31 քաղաքացիներ դրական են արտահայտվել բժշկուհու մասին:
Մինչդեռ գործի նյութերին կցված Արմենուհի Հարությունյանի դիպլոմի պատճենից պարզ երեւում է, որ այն ամենեւին էլ «գերազանցության դիպլոմ» չէ, իսկ 31 քաղաքացիներ ստորագրել են մեկ ընդհանուր տեքստի տակ՝ քրեական գործը բժշկուհու մասով կարճելուց մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 15-ին:
Ակնհայտ է, որ Արմավիրի դատախազությունը փորձում է արդարացնել Արմենուհի Հարությունյանին՝ նույնիսկ նշելով գոյություն չունեցող «գերազանցության դիպլոմի» մասին: Մահացած երեխայի հարազատները նույնպես մեղադրում են Հակոբ Ղարախանյանին՝ գործին միակողմանի ընթացք տալու եւ ինչ-ինչ պատճառներով Արմենուհի Հարությունյանից կախման մեջ գտնվելու համար:
Սայադ Սեդրակյանը «Հետքին» տեղեկացրեց, որ դիմել է գլխավոր դատախազություն՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանդիպելու խնդրանքով, որպեսզի պարզաբանի իրականությունը, քանի որ չի վստահում մարզի դատախազությանը:
«Դատախազը եկել էր հիվանդանոց պարզաբանումներ տալու, չգիտեմ, թե ինչ առիթով: Հանդիպումներ ենք ունեցել, ես ներկայացրեցի իմ փաստարկները, ինքը տեղյակ չէր, որ ես դատափորձաքննություններին ներկա չեմ եղել: Ասաց, որ գործն ավարտված է, դիմեք դատարան, բայց նախաքննության նման ավարտը շատ տարօրինակ է, ես էլ որպես մեղադրյալ պատրաստվում եմ դատական պրոցեսներին մասնակցել»,- ավելացրեց Նշան Գեւորգյանը:
Հ.Գ. Դեպքի հետ կապված այլ մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել