HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարացի գիտնականն առաջարկում է կլիմայական փոփոխության դեմ պայքարել զսպման եւ խրախուսման մեթոդներով

Ռետո Կնուտին (Reto Knutti) կլիմայագետ է, Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի մթնոլորտային եւ կլիմայական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր: Վերջերս Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցած գիտական լրագրողների համաշխարհային 11-րդ կոնֆերանսին նա խոսել է կլիմայական փոփոխությունների մասին: Ըստ Կնուտիի՝ այս օրերին օդի ջերմաստիճանը նորմայից 10 աստիճանով բարձր է, իսկ նախորդ տարիների համեմատ շոգ օրերի թիվն աճել է:

«Հետքի» հարցին, թե գլոբալ տաքացման դեմ պայքարում ինչ քայլեր կարելի է անել, շվեյցարացի գիտնականն ասում է, որ որոշ փոփոխություններ է անհրաժեշտ կատարել տեխնոլոգիական ոլորտում: Մասնավորապես՝ մարդիկ պետք է կենցաղի բոլոր ոլորտներում՝ ջեռուցում, էլեկետրաէներգիա, տրանսպորտ եւ այլն, զերծ մնան վառելիքի կիրառումից: Կնուտին նշում է, թե այս խնդիրն ամենուր է: Հավելում է, որ փոփոխությունների համար անհրաժեշտ են խթաններ, որոշակի սահմանափակումներ, հարկային ռեժիմներ կամ այլ մեխանիզմներ, որոնք մարդկանց կդրդեն փոփոխությունների: Շվեյցարացի գիտնականը Նորվեգիայի օրինակն է բերում, որտեղ ավտոմեքենաների գրեթե 50 տոկոսն էլեկտրական է, ինչը նորվեգական կառավարության կողմից քաղաքացիներին արված գրավիչ առաջարկի արդյունք է: Ըստ Կնուտիի՝ մարդկանց հայեցողությանը թողնելու դեպքում փոփոխություններ թերեւս չլինեն, քանի որ հազվադեպ է լինում, երբ փոփոխությունը շարժառիթով չէ պայմանավորված: Հետեւաբար, գիտնականի համոզմամբ, այս պարագայում կարեւոր դեր ունեն քաղաքական գործիչները, որոնք որոշում կայացնողներ են:

ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ներկայացուցիչ Մարկ Գորդոնն (Marc Gordon) էլ ասում է, թե 21-րդ դարում մարդկության առաջ ծառացած մարտահրավեր է ոչ միայն կյանքեր փրկելը, այլեւ բացասական ազդեցություններն ու դեպքերը նվազեցնելը, իսկ դա կախված է կայացված որոշումներից ու ընտրությունից: Գորդոնը շեշտում է, որ կարեւորը ռիսկը հասկանալն ու կառավարելն է, ինչը, սակայն, մեկ կառույցի կամ կառավարության պատասխանատվության հարց չէ, դրանում պետք է մասնակից լինեն բոլոր երկրները:

Մարկ Գորդոնը կարեւորում է զանգվածային լրատվության միջոցների դերը: Ասում է, որ մեդիան մեծ դեր է խաղում ոչ միայն աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությունը հաջողությամբ առաջ տանելու գործում, այլեւ բարձրացնում է հանրային իրազեկվածությունը կայուն զարգացման եւ կլիմային վերաբերող քաղաքականության վերաբերյալ: ՄԱԿ-ի ներկայացուցչի փոխանցմամբ՝ կառավարությունները պետք է համակարգային մոտեցում ցուցաբերեն աղետների կանխարգելման գործում: Որպես օրինակ բերում է Կալիֆոռնիայի անտառային հրդեհները՝ նշելով, որ մատչելի բնակարանների պակասը մարդկանց դրդել է բնակություն հաստատել հրդեհավտանգ ու սողանքային գոտիներում, տուժել են թե՛ մարդիկ, թե՛ բնությունը: Ըստ Գորդոնի՝ հրդեհավտանգ տարածքներում մարդկանց կողմից գործունեություն ծավալելու պատմությունները բարձրաձայնման արժանի թեմա են մեդիայի համար:   

Լուսանկարում՝ Ռետո Կնուտին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter