HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թվերը չեն մխիթարում  

Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», 2018-ի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին 6 ամիսներին հետընթաց է գրանցել: Եթե նախորդ տարվա հունվար-հունիս հատվածում «Շիրակից» օգտվել է 76.088 ուղեւոր, ապա այս տարի՝ 68.175 հոգի, տարբերությունը՝ 7.913 մարդ:

Ինչպես կարելի է տեսնել գրաֆիկում, «Շիրակում» լավագույն ցուցանիշները գրանցվել են 2018-ին: Ընդ որում՝ 2019 թ. եւս հաջող էր սկսվել, հունվար-փետրվարին Գյումրու օդանավակայանում արձանագրված ուղեւորահոսքը գերազանցել է նախորդ տարվա նույն հատվածի տվյալները, սակայն մարտից սկսվել է նահանջ, որը զգալի էր հատկապես հունիսին: Սա՝ այն դեպքում, երբ ամառը տուրիստական սեզոն է, եւ հենց այս ժամանակ են գրանցվում բարձր ցուցանիշներ:

Passengers: LWN (06.2014-06.2019)
Infogram

Բեռնափոխադրման առումով ոչ մի լավ բան չկա: Ընդհանրապես, «Շիրակի» բեռնափոխադրման ծավալները չնչին են եղել: 2018-ի առաջին կիսամյակում այստեղով տեղափոխվել է ընդամենը 500 կգ բեռ, սակայն այս տարի այդ թիվը 0 է:

Նվազել են նաեւ թռիչք-վայրէջքները: 2018-ի առաջին 6 ամսում Գյումրու օդանավակայանում կատարվել է 227 թռիչք-վայրէջք (օդանավի մեկ թռիչքն ու մեկ վայրէջքը հաշվվում է մեկ հատ): Այս տարի դրանք եղել են 200 հատ: Բնականաբար, որքան քիչ են չվերթները, այնքան նվազ են ուղեւորները:

LWN Flights: 06.2018-06.2019
Infogram

Ռուս-վրացական հունիսյան լարվածությունից հետո, երբ հուլիսի 8-ից արգելվեց ռուսական ավիափոխադրողների մուտքը Վրաստան, իսկ վրացականներինը՝ Ռուսաստան, Վրաստանին ամենամոտ «Շիրակ» օդանավակայանն ակտիվանալու լավ հնարավորություն է ստացել:

Չնայած ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) հայտարարեց, թե «Ավիակոմպանիա Արմենիան» նախատեսում է թռիչքներ իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի եւ Գյումրի-Բաթում-Գյումրի ուղղություններով, շուտով պարզ դարձավ, որ Բաթումը Հայաստանին կապելու է «Արմենիայի» քույր «Georgian Airways»-ը՝ ամեն շաբաթ 4-5 օր իրականացնելով Բաթում-Երեւան-Բաթում չվերթներ: Այսինքն՝ Գյումրին «դուրս մնաց»:

Ներկա պահին Գյումրին ու Մոսկվան («Վնուկովո») օդով իրար է միացնում միայն «Aeroflot»-ի դուստր «Pobeda»-ն, որն այստեղ թռչում է 2016-ի դեկտեմբերից: 2017-ի ապրիլ-դեկտեմբեր հատվածում Գյումրուց Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով ու Մոսկվա («Դոմոդեդովո») էր մեկնում նաեւ «Շիրակում» բազավորվող «Տարոն-Ավիան», որը դադարեցրեց թռիչքները ռուսական կողմի հետ անհավասար մրցակցության պատճառով:  

ՔԱԿ-ը, հղում անելով «Pobeda»-ի ներկայացուցչին, հայտնել էր, որ ռուսական օպերատորը ցանկանում է բանակցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ՝ Ռուսաստանից Գյումրի փոխադրված ուղեւորներին երկաթգծով դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ փոխադրելու շուրջ:

Հիշեցնենք, որ այս ընկերությունը դեռ 2018-ին նախատեսում էր Գյումրի թռչել նաեւ Սանկտ Պետերբուրգից, Դոնի Ռոստովից ու Կրասնոդարից: Սակայն տակավին վերջերս՝ հունիսին, «Ռոսավիացիան» «Pobeda»-ի դիմումի հիման վրա հետ է կանչել Սանկտ Պետերբուրգ-Գյումրի եւ Դոնի Ռոստով-Գյումրի չվերթների թույլտվությունները: Ավելի վաղ՝ 2018-ի սեպտեմբերին, նույն հիմքով հետ էին կանչվել նաեւ «Pobeda»-ի՝ Կրասնոդարից եւ Միներալնիե Վոդիից Գյումրի թռչելու թույլտվությունները (այս վերջինը տրվել էր նույն տարվա ապրիլին):   

Մեկ այլ ռուսական ավիաընկերություն՝ «Ural Airlines»-ը, ռուս-վրացական հարաբերությունների սրացումից հետո ՔԱԿ-ին տեղեկացրել էր, որ ծրագրում է Ռուսաստանից թռիչքներ կատարել ոչ միայն դեպի Երեւան, այլեւ Գյումրի: Այդուհանդերձ, փոխադրողի կայքում դեպի «Շիրակ» թռչելու մասին խոսք չկա, տոմսերի ամրագրման համակարգում էլ Գյումրին չի երեւում, «Ռոսավիացիայի» կայքում եւս համապատասխան թույլտվություն չկա: «Ural Airlines»-ը ժամանակին միայն Ռոստովից Գյումրի թռչելու թույլտվություն է ստացել «Ռոսավիացիայից», որն այս տարվա ապրիլին երկարաձգվել է անժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter