HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովել նաև ՊՆ հայեցողական պաշտոն զբաղեցնողներին

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ծառայության վայրում ծառայողական բնակարանով ապահովել նաև նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնողներին:

Նման որոշման նախագիծ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում: ՊՆ-ն առաջարկում է փոփոխություններ «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում՝ այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման մեջ:

Առաջարկվում է որոշման շահառու համարել նաև Պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց:

Որոշման նախագծի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում վերջիններիս բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում է տրվում:

Նախատեսվում է այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը հաշվարկել վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սահմանված չափով՝ բացառությամբ Երևան քաղաքի համար սահմանված չափերից:

Փոփոխություններ են նախատեսվում նաև ծառայողական բնակարանի վճարի փոխհատուցման կարգում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  քաղաքային բնակավայրերից դուրս տեղակայված զորամասերի զինծառայողների կողմից շատ հաճախ՝ համապատասխան գյուղական վայրերում բնակելի տարածությունների բացակայության արդյունքում, բնակելի տարածության վարձակալության պայմանագրեր են կնքվում զորամասին առավել մոտ գտնվող քաղաքում, սակայն օրենքի շրջանակներում փաստացի փոխհատուցվում է այլ բնակավայրերի համար կարգով սահմանված փոխհատուցման չափը:  Արդյունքում զինծառայողները փոխհատուցման  տարբերությունը վճարում են իրենց դրամական ապահովությունից: Նշվում է, որ խնդրի վերաբերյալ զեկուցվել է վարչապետին և առաջարկվել է փոխհատուցումը հաշվարկել վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրով՝ բացառություն սահմանելով Երևան քաղաքի համար սահմանված չափերից:

Հիշեցնենք, որ e-draft.am-ը նախարարությունների աշխատանքային հարթակն է, և որոշումն ընդունվելու համար պետք է արժանանա Կառավարության հավանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter