HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչն ու փորձագետները Ամուլսար եկան «Լիդիան Արմենիա»-ի մեքենաներով․հուլիսի 13-ի դեպքերը

Հուլիսի 13-ին, գրել էինք Ամուլսարի դիրքերի մոտ լարված իրավիճակի մասին։ Ներկայացնում ենք իրադարձություններն ավելի մանրամասն և տեսանյութով։

Ժամը 11։30 սահմաններում Ամուլսարի առաջին դիրքին մոտեցավ երկու մեքենա՝ ոստիկանության ուղեկցությամբ։
1-ին դիրքի մոտ Ամուլսարի պահապանները և հավաքված տեղացիները փորձեցին պարզել, թե ովքեր են այդ մեքենայի մեջ, ինչ նպատակով են այցելում և արդյոք փորձում են մուտք գործել Ամուլսարի տարածք։ Կարճ դադարից հետո ոստիկանները այդ մեքենաներին թույլ տվեցին անցնել և շարժվել գլխավոր ճանապարհով դեպի հաջորդ դիրքեր, բայց երբ պահապանները և տեղացիները փորձեցին գնալ նրանց հետևից, ոստիկանները խոչընդոտեցին և փակեցին նրանց ճանապարհը։
Պահապաններից մեկի մեքենայից անհայտացան բանալիները, տեսանյութում երևում է, որ քաղաքացիական հագուստով, չներկայացող ոստիկաններից մեկը ձեռքը պատուհանից մտցնում է մեքենայի մեջ և ինչ-որ բան է փորձում անել։ Ոստիկանությունը նաև առանց հիմնավորման, ձեռնաշղթաներով ձերբակալեց պահապաններից մի քանիսին, հետագայում նրանց բաց թողեցին։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը թույլ տվեց նաև հավաքվածներին գնալ դեպի 3-րդ դիրք, ուր արդեն հասել էր փորձագետների մեքենան։ Մարդկանց կարծիքով՝ ոստիկանության գործողությունները նախապես պլանավորված էին, ժամանակ շահելու և պահապաններին թուլացնելու նպատակ ունեին։

3-րդ դիրք հասնելուց պարզ դարձավ, որ փորձագետներին ուղեկցում է նաև Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչը։ Եւ՛ (իրենց պնդմամբ) անկախ փորձագետները, եւ՛ քննիչը եկել էին «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող մեքենաներով, տեսանյութում երևում է, որ նրանց ուղեկցում էին ընկերության փորձագետները։ Սա հաստատեց նաև հենց «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Այս հանգամանքն ավելի անհանգստացրեց պահապաններին և անվստահությունը էլ ավելի խորացրեց։ Նրանք պահանջեցին քննիչին և փորձագետներին ներկայանալ, հիմնավորել, թե ինչու մեկ տարի Քննչական կոմիտեն որևէ գործողություններ չի իրականացրել, և ցույց տալ համապատասխան փաստաթղթեր։ Սակայն ներկայացավ միայն քննիչը և հնչեցրեց պահանջը՝ ազատել ճանապարհը, որպիսի փորձագետները նշանակված շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության շրջանակներում իրականացնեն համապատասխան գործողություններ։ Ոստիկանությունը քննիչի պահանջը կատարելու համար պահապաններին տվեց 20 րոպե։

Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանները հրահանգ ստացան և պատ կազմեցին դիրքի մոտ՝ փորձելով մուտք գործել տարածք։ Միևնույն ժամանակ փորձագետների մեքենան շարժվեց 3-րդ դիրքից։ Հավաքվածները սա ընկալեցին որպես նրանց խաբելու և մոլորեցնելու գործողություն՝ փորձագետներին 2-րդ կամ 1-ին դիրքից Ամուլսարի տարածք մտցնելու համար, և նրանցից ոմանք փորձեցին փակել փորձագետների ճանապարհը։

Ոստիկանությունը սկսեց բռնի ուժ գործադրել։ Արդյունքում ձերբակալվեցին և բերման ենթարկվեցին երկու հոգի՝ Արթուր և Սոս Խաչատրյանները, նրանց մոտ երեք ժամից ազատ արձակեցին։ Ձերբակալվածներից մեկի ոտքը վնասվեց ոստիկանության գործողությունների արդյունքում։ Ոստիկանները, այդ թվում նաև նրանց հրանգավորում տվող քաղաքացիական հագուստով անձը, չէին ներկայանում և հիմնավորումներ չէին նշում։

Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը մոտ 20 րոպե մնաց փակ։ Ոստիկանությանը չհաջողվեց անցնել դիրքերը և մտնել Ամուլսարի տարածք։ Որոշ ժամանակ անց փորձագետները, ընկերության աշխատողները և ոստիկանությունը հեռացան։ Հաշվի առնելով այդ օրվա իրադարձությունները՝ պահապանները ներկայացրին իրենց պահանջները։
Հաջորդ օրը՝ հուլիսի 14-ին, Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ համայնքային ժողով, որտեղ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներն ու Ամուլսարի պահապանները քննարկեցին հետագա գործողությունները։

Amulsar 13 July.jpg (611 KB)

Տեսանյութը՝ Սամսոն Մարտիրոսյանի
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter